Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը, որը երեք տասնամյակ չեզոքություն էր պահպանում Ղարաբաղյան հակամարտությունում, հակամարտության է բռնվել դրա կողմերից մեկի՝ Ադրբեջանի հետ: Ստեփանակերտ իրանական վառելիքի մատակարարումից սկսված սկանդալը, Թեհրանի և Բաքվի առճակատումը հասավ սահմանին զորքեր մոտեցնելու մակարդակին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պետի տեղակալ Ալի Ֆադավիի ուղղակի գրոհին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ. ըստ «Коммерсантъ»-ի զրուցակիցների՝ հարևան երկրների վեճի իրական պատճառը կարող է լինել այն, որ Իրանը դժգոհ է անցյալ տարվա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից, քանի որ դա խաթարում է նրա դիրքերը տարածաշրջանում:
Ադրբեջանի և Իրանի միջև փոխադարձ առճակատումը, որը սկսվել էր երկու շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղ իրանական վառելիքի մատակարարման պատճառով, վերածվել է ավելի լուրջ և նույնիսկ վտանգավոր ձևի: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին կանգնեցնել Ստեփանակերտ ուղևորվող իրանական բեռնատարները և յուրաքանչյուր վարորդից պահանջել ավելի քան 100 դոլար հարկ ու տուրք, իրանցիները զորավարժություններ անցկացրին երկրի հյուսիսարևմտյան սահմանին, այսինքն՝ Ադրբեջանի տարածքի մոտ:
Միևնույն ժամանակ, ռուս ռազմական փորձագետ, իրանագետ Յուրի Լյամինը «Коммерсантъ»-ին ասել է, որ իրանցիները մինչ այժմ շարունակում են տեխնիկա կուտակել ադրբեջանական սահմանին, և անհնար է հասկանալ` դա տեղի է ունենում վարժանքների շրջանակներո՞ւմ, թե՞ ոչ:
«Զորավարժությունների մասշտաբները ոչ մի տեղ նշված չեն,- բացատրել է Լյամինը Коммерсантъ-ին։- Բայց բավականին մեծ թվով զորք են տեղափոխում, և եթե սկզբում ես տեսել էի ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ցամաքային զորքերի տեղափոխումը, ապա վերջին օրերին բանակը նույնպես ուժեր է տեղափոխում: Վերջին անգամ դա տեղի է ունեցել անցյալ տարի, երբ Ղարաբաղում տեղի ունեցած մարտերի պատճառով արկեր էին ընկել Իրանի տարածք»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցրել իր գրգռվածությունը: «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնելու իր տարածքում, դա նրա ինքնիշխան իրավունքն է,- ասել է նա թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:- Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակի մեջ, տեսնում ենք, որ դա երբեք տեղի չի ունեցել․ ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմանին: Ինչո՞ւ վարժանքները չկազմակերպվեցին, երբ հայերը գտնվում էին Ջաբրայիլում, Զանգելանում և Ֆիզուլիում: Ինչո՞ւ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրեցինք այս հողերը և ավարտեցինք 30-ամյա օկուպացիան: Սրանք արդարացի հարցեր են»:
Իրանցիների պատասխանը Իլհամ Ալիևին տվել են երկու տարբերակով` դիվանագիտական և ոչ այնքան: Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի երեկոյան՝ սեպտեմբերի 28-ին, նշել է, որ պետությունների միջև լավ հարաբերությունների և շփումների պայմաններում պարոն Ալիևի հայտարարությունները «զարմանալի են»: Նրա խոսքով՝ վարժանքները «ինքնիշխանության հարց են» և «իրականացվել են ի շահ ամբողջ տարածաշրջանի կայունության ու հանգստության»:
«Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ցուցադրական ներկայությունն իր սահմաններին և այդ առումով կձեռնարկի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգության համար»,– նշել էր իրանցի դիվանագետը։
Նշենք, որ Ադրբեջանն ակտիվ համագործակցում է Իսրայելի հետ ռազմարդյունաբերական համալիրի, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերի ոլորտում: Այնուամենայնիվ, այս գործընթացը երկար տարիներ շարունակվում է, և չի կարելի ասել, որ վերջին շրջանում այն ակտիվացել է:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը շատ ավելի կոշտ է արտահայտվել: Երբ տեղական «Rokna» պարբերականի լրագրողը խնդրել է ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավիին մեկնաբանել նախագահ Ալիևի խոսքերը, նա փոխաբերական կերպով պատասխանել է. «Եթե փոքր երեխան մոտենա ձեզ և սկսի վիրավորել, դուք ուղղակի պետք է շոյեք նրա գլուխը ու անտեսեք»։
Ըստ Коммерсантъ–ի հարցերին պատասխանած փորձագետների՝ Թեհրանում նման կտրուկ դժգոհության իրական պատճառը կարող է լինել ոչ թե Իսրայելը, այլ Թուրքիան, որը նկատելիորեն մեծացրել է իր ազդեցությունը Ադրբեջանում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Այս փաստի իրավական հաստատումը Շուշիում երկու երկրների ղեկավարների ստորագրած հռչակագիրն էր:
«Ցավոք, իրավիճակը ցույց է տալիս, որ Իրանի շատ ազդեցիկ շրջանակները կարող են դժգոհ լինել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից, - Коммерсантъ–ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն:- Այս շրջանը մեծ ռազմավարական խաղի մի մաս էր։ Իսկ Թեհրանն այն սակավաթիվ մայրաքաղաքներից էր, որն ազդեցություն ուներ այս տարածաշրջանում: Նախկին ստատուս քվոն նրանց համար ավելի նախընտրելի էր՝ ավելի քիչ Թուրքիա և Պակիստան, ավելի շատ անորոշություններ: Եվ ավելի շատ հնարավորություններ` խաղալու այս անորոշությունների վրա` առաջարկելով իրենց միջնորդական ծառայությունները: Այժմ այս ազդեցությունը կորել է»:
Ըստ Վելիզադեի՝ այնուամենայնիվ, Թեհրանը չի համարձակվում դա ասել ուղղակիորեն։ «Ինչ-որ կերպ անհարմար է մեղադրել Թուրքիային և Պակիստանին, ի վերջո՝ գործընկերներին: Իսկ Իսրայելը Իրանի թշնամին է և կարելի է նախատել նրա հետ կապեր ունենալու համար»,- ասել է նա:
«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի փորձագետ, ադրբեջանցի Ֆարհադ Իբրահիմովը այսպիսի միտք է հայտնել Коммерсантъ -ին տված հարցազրույցում․ «Իրանի և Ադրբեջանի դժգոհությունները միմյանց նկատմամբ միշտ առկա են, դա բացարձակապես փոխադարձ է։ Հարցն այն է, թե ինչպես է Իրանի նոր նախագահ Իբրահիմ Ռաիսին քաղաքականություն կառուցելու իր հյուսիսային հարևանի նկատմամբ: Ռաիսին մի կողմից հասկանում է, որ անհնար է սրել հակամարտությունը, ուստի զանգահարել է Ալիևին` շնորհավորելու նրան տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ: Մյուս կողմից՝ նա չի կարող չհետևել իր երկրի շահերին, որոնք արտահայտվում են տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճի կանխմամբ: Հենց այս գործոնն է ամենից շատ նյարդայնացնում Թեհրանին, սակայն այն ծածկվում է «իսրայելական գործով»՝ ադրբեջանական կողմին եռման աստիճանի չհասցնելու համար: Իրանցիները հասկանում են, որ Թուրքիան Ադրբեջանի համար շատ կարևոր գործընկեր և դաշնակից է»:
«Վալդայ»-ի՝ Իրանից փորձագետ և Գերմանիայի միջազգային հարաբերությունների և անվտանգության ինստիտուտի հրավիրված անդամ Համիդրեզ Ազիզին նույնպես հակամարտության արտաքին դրսևորումները, օրինակ՝ Ղարաբաղում իրանական բեռնատարների հետ կապված սկանդալը, անվանել է «միայն վերին շերտ»: Բայց, որպես իրական պատճառ, նա չի նշել այն, ինչպես նշել են նրա ադրբեջանցի գործընկերները: «Կարծում եմ, որ Իրանի և Ադրբեջանի միջև առճակատման ներկայիս փուլը սկսվել է անցյալ տարվա պատերազմից անմիջապես հետո»,- Коммерсантъ-ին ասել է Ազիզին:
«Իրանը բռնել է Ադրբեջանի կողմը՝ աջակցելով նրա տարածքային ամբողջականության վերականգնմանը: Այդ աջակցության արդյունքում Իրանը հույս ուներ, որ Ադրբեջանից կստանա ավելի բարեկամական վերաբերմունք և համագործակցության ավելի մեծ պատրաստակամություն: Օրինակ՝ որ Բաքուն հաշվի առնի Թեհրանի անվտանգության խնդիրները: Մյուս կողմից՝ Իրանը ցանկանում էր մասնաբաժին ստանալ հետպատերազմյան «վերադարձված» տարածքների վերականգնման գործում: Բայց այս ամենից ոչինչ տեղի չունեցավ: Մենք տեսանք Ադրբեջանի և Թուրքիայի սադրիչ զորավարժությունները (պատերազմի ավարտից հետո մի քանի նման զորավարժություններ՝ Коммерсантъ), ներառյալ՝ Կասպից ծովում, չնայած դրան հասանելիություն չունեցող երկրները, ըստ կոնվենցիայի, չեն կարող ունենալ զինվորական ներկայություն այնտեղ»,– նշել է փորձագետը։
Նա նաև Իսրայելի ազդեցությունը համարել է հակամարտության շատ իրական պատճառ, այլ ոչ միայն պատրվակ: «Պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը դարձավ ավելի ինտենսիվ և տեսանելի,- ասել է Ազիզին։- Մի քանի դեպք եղավ, երբ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը ներխուժեցին Իրանի օդային տարածք և խոցվեցին»:
ՊԻՌ կենտրոնի փորձագետ Յուլյա Սվեշնիկովան այլ կերպ է բացատրել առճակատման տրամաբանությունը: «Թեհրանը հետևողական է իր հակաիսրայելական հռետորաբանության մեջ,- ասել է նա Коммерсантъ-ին տված հարցազրույցում:- Եվ ԱԳՆ–ի հայտարարությունը դուրս չի մնում այդ տենդենցից։ Այլ հարց է, որ առիթ կա կրկին բարձրաձայնելու: Բացի դրանից՝ սա մի տեսակ ազդակ կարող է լինել Բաքվի համար, փորձ`ցույց տալու, որ Ադրբեջանը չպետք է սրի իրանա-հայկական համագործակցության հարցը: Իբր թե՝ Բաքուն դրա մասին վաղուց գիտի, ինչպես մենք վաղուց գիտենք Ադրբեջանի և Իսրայելի կապի մասին։ Մենք լռել ենք, լռել ենք։ Դուք դժգոհություն եք ցուցաբերել, մենք՝ նույնպես»։
Հարկ է նշել, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հանդիպում ունեցան, սակայն դա տեսանելի ազդեցություն չունեցավ հակամարտության վրա: Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, որը պետք է անցկացվի Թեհրանում, կարող է ավելի արդյունավետ լինել. դիվանագետները դրա մասին համաձայնեցին նաև Նյու Յորքում: Սակայն կոնկրետ ամսաթիվը դեռ ոչ մի տեղ չի հայտարարվել:
Նյութը՝ Yerkir.am-ի