Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կոմերսանտ» պարբերականը «Նիկոլ Փաշինյանը պայթել է 10 տոկոսով» վերնագրով հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունից անմիջապես հետո Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հինգշաբթի հասել է գագաթնակետին: Այնուհետև վարչապետը պաշտոնանկ է արել ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ նշելով, որ երկրում փորձ է արվել ռազմական հեղաշրջում իրականացնել, և որ միայն հայ ժողովուրդը կարող է որոշում կայացնել իր պաշտոնանկության մասին: Երևանի կենտրոնում երկու հանրահավաք է տեղի ունեցել` վարչապետի ընդդիմախոսների ու կողմնակիցների. ընդդիմությունն իր հանրահավաքն անժամկետ է հայտարարել:
Հրթիռները հարվածել են Փաշինյանին
Հայաստանում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների շարքերը, բացի ընդդիմադիր քաղաքական գործիչներից և Հայ առաքելական եկեղեցուց (որոնք պայքար են մղում դեռևս անցյալ տարվանից), համալրել են բարձրաստիճան զինվորականները: Ամեն ինչ սկսվել է 1in.am կայքին տված հարցազրույցից, որում Փաշինյանն անսպասելիորեն հայտարարել է, որ ռուսական «Իսկանդեր» հրթիռները չեն կարողացել փոխել Լեռնային Ղարաբաղում անցյալ տարվա պատերազմի արդյունքը, քանի որ դրանք կա՛մ ընդհանրապես չեն պայթել, կա՛մ «պայթել են միայն 10%-ով»: Այս խոսքերը տարակուսանք են առաջացրել անգամ հարցազրույցը վերցնող լրագրողի մոտ, բայց Փաշինյանը պնդել է՝ նման դեպքեր կարող են պատահել «80-ականների զենքերի» հետ:
Անցյալ տարվա հակամարտության շրջանակում «Իսկանդեր»-ի կիրառման մասին լուրերը վաղուց էին շրջանառվում, մինչդեռ ադրբեջանական զինուժը երբեք չի հաղորդել այդ մասին: Միևնույն ժամանակ, կան ճշգրիտ ապացույցներ, որ կիրառվել են հրթիռային այլ համակարգեր՝ «Սմերչ», «Տոչկա-Ու» և «Էլբրուս»:
«Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, որոնք հաստատվել են օբյեկտիվ հսկողության համակարգերով, այս տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա օգտագործել է սխալ տեղեկատվություն»,- հինգշաբթի երեկոյան հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիր Իգոր Կոնաշենկովը:
Երբ Yerevan Today-ի լրագրողները խնդրել են երկրի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին՝ մեկնաբանել Փաշինյանի խոսքերը, սկզբում նա երկար ծիծաղել է, իսկ հետո ասել, որ դա անհնար է, ինչի համար նա նույն օրը կորցրել է պաշտոնը:
Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը պայթուցիկ ռումբի ազդեցություն ունեցավ:
Հինգշաբթի առավոտյան Հայաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան զինվորականները, գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, ստորագրել են Նիկոլ Փաշինյանի և կառավարության պաշտոնանկության պահանջը: Փաշինյանն անմիջապես հայտարարել է, որ աշխատանքից ազատում է նաև գլխավոր շտաբի պետին, բայց նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի շտապում ստորագրել այս հրամանը: Հայտարարելով ռազմական հեղաշրջման փորձի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հորդորել է իր աջակիցներին՝ դուրս գալ Հանրապետության հրապարակ, որտեղ գտնվում է կառավարության շենքը:
Ի պատասխան՝ Հայրենիքի փրկության շարժումը, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, իշխանությունների հակառակորդներին կոչ է արել հավաքվել Ազատության հրապարակում: «Այս ճակատագրական պահին ես ձեզ կոչ եմ անում լինել ձեր պետության տերը, կանգնել մեր բանակի կողքին: Պատերազմում պարտվող և հողերը հանձնած իշխանությունները պետք է հեռանան: Սա մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտությունն է», - Facebook-ում գրել է պարոն Քոչարյանը:
«Բաց մարտահրավերը, որը Հայաստանի բարձրագույն ռազմական ղեկավարությունը նետել է վարչապետ Փաշինյանին, ցույց է տալիս, որ հայկական քաղաքականությունը վատ է ընթացել: Այն ավելի ու ավելի քիչ ռացիոնալ իմաստ ունի և ավելի ու ավելի շատ հույզեր, երբ «մի փողոց» դեմ է «մյուս փողոցին»,- «Կոմերսանտ»-ին ասել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար հետազոտող Սերգեյ Մարկեդոնովը:
«Ես այստեղ եմ եկել այն բանից հետո, երբ իմացա զինվորականների հայտարարության մասին»:
Չնայած վախերին՝ հայկական բանակը մնաց զորանոցներում, բայց մայրաքաղաքի կենտրոնում երկու աղմկոտ, բայց համեմատաբար խաղաղ գործողություններ տեղի ունեցան: Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների դեպքում դա երթ էր, որը գլխավորում էր ինքը՝ Փաշինյանը ՝ կնոջ ու դստեր հետ...
Ցանկանալով փոխզիջման հասնել հակառակորդների հետ՝ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային, որը իշխանությունները որոշել էին ընդամենը 2 շաբաթ առաջ չանցկացնել: «Իմ քայլը» դաշինքը հայտարարել էր, որ առաջարկը «դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև բնակչության կողմից»: Արդյո՞ք այժմ արժե սպասել դիրքորոշման փոփոխության, դժվար է ասել: Երբ Փաշինյանը հարցրել էր իր կողմնակիցներին, թե նրանք ցանկանո՞ւմ են արտահերթ ընտրություններ, նրանք բացականչել են՝ ոչ: «Ձեր կոչով հեռացնում եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման»,-գոհունակությամբ պատասխանել էր Նիկոլ Փաշինյանը:
«Փաշինյանի կառավարման արդյունքում մենք պատերազմ և պարտություն ստացանք Ղարաբաղում: Մեր եղբայրները զոհվել են ռազմի դաշտում: Կարծում եմ ՝ ռազմական ղեկավարությունը ճիշտ հայտարարություն է արել: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Փաշինյանին պաշտոնանկ անենք: Նրա իշխանության շարունակությունը կհանգեցնի պետության մահվան»,- «Կոմերսանտ»-ին ասել է ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանը:
Բայց իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա անգամ առանց գլխավոր շտաբի պետի հրաժարականի: Ճիշտ է, ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը լրջորեն դիտարկվում է որպես հավանական մոդերատոր: «Մենք պատվիրակություն ենք ուղարկում նախագահի մոտ՝ քննարկելու երկրում առկա իրավիճակը և ելքեր գտնելու»,- ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: