Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը որոշել է դատի տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին մեղադրում է զրպարտության մեջ: Պատճառը վարչապետի հայտարարությունն է, թե պարոն Թովմասյանը, որն իր պաշտոնին նշանակվել է դեռևս 2018-ի «թավշյա հեղափոխությունից» առաջ, իրեն իր ծառայություններն է առաջարկել քաղաքական ուղեգծի իրագործման համար: Որպես ապացույց՝ վարչապետը ցուցադրել է Korloff ապրանքանիշի թանկ գրիչ, որը Թովմասյանն իբր նվիրել է իրեն, որպեսզի իր բարեհաճությունը վաստակի: Ընդ որում՝ Հայաստանի վարչապետը փաստացի ընդունել է քաղաքական բաղադրիչի առկայությունը ՍԴ նախագահի վրա ճնշումներում, որը հին վերնախավի վերջին՝ Նիկոլ Փաշինյանից անկախ ներկայացուցիչն է նման բարձր պաշտոնում. ըստ yerkir.am-ի՝ գրում է «Կոմերսանտ»-ը:
Թերթը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եղել 2018-ի գարնանը տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնք նա անվանում է «թավշյա հեղափոխություն»:
«Երևանում երկարատև բողոքի ակցիաներից հետո, Սերժ Սարգսյանը, որը երկու ժամկետ շարունակ Հայաստանի նախագահն էր, իսկ սահմանադրական բարեփոխումից հետո դե ֆակտո պահպանեց լիակատար իշխանությունը վարչապետի պաշտոնում, հրաժարական տվեց: Նոր վարչապետ դարձավ Փաշինյանը, սակայն իրական լիազորություններն իր ձեռքը վերցնելու համար, նա փոխեց գործնականում բոլոր գերատեսչությունների ղեկավարներին և անցկացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մնաց միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որին պաշտոնազրկելու հնարավորություն չունեն ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նրան լոյալ խորհրդարանը: ՍԴ նախագահին պաշտոնանկ անել կարող են դատավորները, որոնք նրան ընտրել են: Սակայն այդ սցենարն էլ անհաջող դուրս եկավ: Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանը, իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, դիմեց ՍԴ՝ Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու առաջարկով, սակայն դատարանը մերժեց: Հրայր Թովմասյանն էլ իր գոչծողություններով ցուցադրում է, որ չի ցանկանում ներկայիս իշխանությունների կողմից վերահսկվել, և Փաշինյանը չի թաքցնում, որ դա իրեն նյարդայնացնում է»,- գրում թերթը և հավելում, որ նոր սկանդալը դիտարկվում է հին և նոր վերնախավերի պայքարի համատեքստում:
Փաշինյանը Թովմասյանին մեղադրում է նաև «հիբրիդային հեղաշրջման» նախապատրաստման մասնակցելու մեջ, որն, ըստ նրա, անշուշտ, հաջողությամբ կասեցրել են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: Մանրամասներ, թե ինչ են իրականում նախապատրաստել դավադիրները, Փաշինյանը չի ներկայացրել:
Թերթը նշում է, որ Հրայր Թովմասյանի դեմ 2 քրեական գործ կա հարուցված՝ արդարադատության նախարար եղած ժամանակ լիազորությունների չարաշահման և ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելիս կեղծիքների փաստերով: Բացի դրանից՝ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը փոփոխություն մտցրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, ըստ որի՝ եթե ՍԴ ներկայիս դատավորները մինչև 2020-ի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա, մինչև իրենց լիազորությունների նախնական ժամկետի ավարտը, կենսաթոշակ կստանան՝ իրենց աշխատավարձի չափով:
«Հավանորեն, իշխանությունների հաշվարկն այն էր, որ Հրայր Թովմասյանին հավատարիմները կնախընտրեն հրաժարվել քաղաքական դիմակայությունից բարեկեցիկ ապագայի դիմաց, իսկ նրանց փոխարեն եկողները ՍԴ նախագահին պաշտոնանկ կանեն, սակայն խորհրդարանական ընդդիմությունն այդ օրինագիծը կոշտ քննադատության ենթարկեց՝ որակելով որպես ՍԴ դատավորներին կաշառելու օրինականացված փորձ: Ի դեպ, այդ առաջարկից դեռևս ոչ ոք չի ցանկացել օգտվել»,- եզրափակում է «Կոմերսանտ»-ը: