Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մայիսի 12-ին, Արցախի պետական համալսարանում մեկնարկել է ուսանողական գիտաժողով՝ ի հիշատակ բուհի 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը:
«Բուհում ավանդույթի ուժ է ստացել ամեն տարի ուսանողական գիտաժողովների կազմակերպումը: Գիտխորհրդի որոշմամբ` այս երկու տարիների մեր բոլոր միջոցառումները նվիրված են մեր լույս տղաներին: 44-օրյա պատերազմում բուհի 26 ուսանողներ նահատակվեցին, որպեսզի մենք ապրենք, որպեսզի ուսումնական գործընթացը շարունակվի»,-ասել է Ա. Սարգսյանը:
ԱՀ պետնախարար, ԱրՊՀ գիտխորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը ելույթի իր խոսքում նշել է, որ գիտաժողովը լրացուցիչ պարտավորություններ է առաջ բերում, և ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչպես պետք է ապրել, սովորել ու գիտական գործունեություն ծավալել:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը հայտնեց այն համոզմունքը, որ հայերին արժանապատիվ ապրելու համար անհրաժեշտ է գիտակցական կարգապահության բարձրացում, մտածելակերպի վերաձևակերպում և ազգային ինքնության, արժեհամակարգի ինքնակատարելագործում:
«Արցախը բոլոր քաղաքական իրավիճակներում էլ կա, պահպանել ու պահպանելու է իր դերն ու նշանակությունը»,-ասել է նախարարը:
Գիտաժողովին մասնակցում էին շուրջ 130 պատվիրակներ ԱրՊՀ-ից և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից: Ելույթներով հանդես են եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը, իսկ զեկույցով՝ ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:
Գիտաժողովն իր աշխատանքը շարունակել է առանձին սեկցիաներում, իսկ ամփոփումը կլինի վաղը` մայիսի 13-ին։