կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-31 08:55
Հասարակություն

Ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու. այսօր Ղուբաթլու-Որոտանի ազատագրման 28-ամյակն է

Ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու. այսօր Ղուբաթլու-Որոտանի ազատագրման 28-ամյակն է

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում Ղուբաթլու-Որոտանի ազատագրման 28-ամյակի կապակցությամբ արխիվային կադրեր է հրապարակել և գրել, որ, ինչպես 1993 թ․ օգոստոսի 31-ին, Ղուբաթլուում կրկին վերածածանվելու է ՀՀ դրոշը, և հնչելու է ՀՀ օրհներգը․

«ՂՈՒԲԱԹԼՈՒ-ՈՐՈՏԱՆ 28
 
• Արխիվային այս կադրերը պատկերում են Ղուբաթլու-Որոտանի ազատագրման 26-ամյակին նվիրված տոնակատարության մեկնարկը (2019 թ․)։ Ընդամենը 2 տարի առաջ այս օրը մենք Որոտանում էինք և նշում էինք քաղաքի տոնը։ Իսկ այսօր ինչ-որ թյուրիմացություններ հեգնում են քաղաքը հայկական անունով կոչելը։
 
• Եվ դա օրինաչափ է։ Վաճառականական ոգու կրող հակաՀայաստանը չի կարող հասկանալ հողի արժեքը, չի կարող հասկանալ, ինչ էին նշանակում Ղուբաթլուում ծածանվող մեր դրոշը և հնչող օրհներգը։ Վաճառականն ապրում է այլ ինքնութենական դաշտում, իսկ ավելի ճիշտ՝ զուրկ ինքնությունից, քանզի ինքնություն ունենալը նշանակում է վերջինիս համար անընդմեջ պայքար, առաջին հերթին՝ հարևան տեսակներից, իսկ վաճառականը չի կարող իրեն թույլ տալ նման «ճոխություն»։ Այդ շարժուն և անդեմ տարերքի միակ խնդիրն ապրանքը մի տեղից մյուսը հասցնելն է, ու դրա համար նա պետք է լեզու գտնի բոլորի հետ, առաջին հերթին՝ հարևան տեսակների։ Ինքնությունը խորթ է վաճառականի էությանը, այստեղից էլ ծագում է նրանց հանդեպ գրեթե բոլոր ավանդական երկրագործ հասարակությունների արգահատական վերաբերմունքը։
 
• Այսօր Հայաստանում հողահավաքի գաղափարի դեմ հաղթանակ է տարել վաճառականական, նույն ինքը՝ «տառգաշական» հակաՀայաստանյան տարերքը, որ երազում է, սեփական կոմպրադորական շահերից ելնելով, երկիրը վերածել «Ախալցխայի փաշայության»։ Բայց ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու։ Ինչպես 1993 թ․ օգոստոսի 31-ին, Ղուբաթլուում կրկին վերածածանվելու է ՀՀ դրոշը, և հնչելու է ՀՀ օրհներգը»։
 
Հիշեցնենք՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքային համայնքը կազմավորվել է 2013 թ․ հունիսին՝ տեղում գործող զինավանի հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է Որոտան (նախկինում՝ Ղուբաթլու) քաղաքից, ինչպես նաև Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերից։

2020 թ. դավադիր պատերազմի ընթացքում թշնամուն հանձնվեց նաև Որոտանը, իսկ նախկին Ղուբաթլուի խորհրդային շրջանի՝ Սյունիքի մարզին սահմանակից և մինչ 2020 թ. դեկտեմբերի 18-ը հայ կամավորական վաշտերի կողմից անառիկ պահված  հատվածը Փաշինյանի կողմից թշնամուն հանձնվեց պատերազմի ավարտից 39 օր անց՝ ժողովրդի թիկունքում կնքված և թաքուն պահված գաղտնի ու դավաճանական համաձայնությամբ: Հայրենիքի վաճառքի հերթական այդ փուլում թշնամուն հանձնվեց նաև Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղու 21 կմ հատվածը, Շուռնուխ և Որոտան գյուղերից հատվածներ, վտանգվեց նաև ողջ Սյունիքի մարզի ու երկրի պաշտպանական համակարգը, իսկ Սյունիքի առանձին բնակավայրեր ուղղակի հայտնվեցին թշնամու դիպուկահարների թիրախում: