Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության միակ ռազմավարական դաշնակիցն է: Երկու երկրների ռազմավարական դաշնակցային համագործակցությունն առանցքային է Հայաստանի անվտանգային քաղաքականության առաջնահերթությունների շարքում, ինչը պայմանավորված է հայ-ռուսական ավանդական կապերով, հարավկովկասյան ուղղությանը վերաբերող գործընթացներում Ռուսաստանի նշանակալի ներգրավվածությամբ, առևտրատնտեսական ներուժով և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերով, մասնավորապես, Արցախի հիմնախնդրով, հետպատերազմյան խնդիրների կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարմամբ, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքով, Ռուսաստանում հայ մեծաքանակ համայնքի առկայությամբ։
ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. ապրիլի 3-ին : Երկու պետությունների միջև հարաբերությունները բնորոշվում են ամենաբարձր մակարդակներով երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությամբ: Ակտիվ են շփումները գերատեսչական և տարածաշրջանային մակարդակներում:
ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունները նշանավորվել են 2000 թ. սեպտեմբերի 26-ին ընդունված «21-րդ դարում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին» հռչակագրով : Հռչակագիրը հաստատում է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը խորացնելու և ամրապնդելու վճռականությունը, դաշնակցային լայն փոխգործակցությունը, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացումը, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով:
Համաձայն հռչակագրի 3-րդ կետի՝ ՀՀ-ն և ՌԴ-ն հաստատում են յուրաքանչյուր կողմի իրավասությունը սեփական անվտանգությունը, քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումն ապահովելու ուղղությամբ ուրույն ուղիների ընտրության հարցերում:
Հարավային Կովկասում ռազմաքաղաքական տեսանկյունից ՀՀ-ի և ՌԴ-ի համար կարևորվում է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն, 2001 թ. սեպտեմբերի 14-15-ը: Մոսկվայի նախաձեռնությամբ, Երևանը որոշ ժամանակ դառնում է ԱՊՀ շրջանակներում իրականացնող տարբեր միջոցառումների հավաքատեղի, անցկացվում են ՀԱՊԿ-ի երեք գագաթնաժողով:
Ռազմական բնագավառում համագործակցությունը նպատակ էր հետապնդում ապահովելու երկու երկրների, ԱՊՀ հարավային սահմանների անվտանգությունը, ինչպես նաև Հարավային Կովկասի կայունությունը:
Հայ-ռուսական հարաբերությունների վերընթաց զարգացումը նշանավորվել է նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի 2008 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտոնական առաջին այցով, որի շրջանակներում ստորագրվել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության համաձայնագրեր:
2011 թ. հոկտեմբերի 23-25-ը տեղի է ունեցել ՀՀ նախագահի առաջին պետական այցը Ռուսաստան, որի շրջանակներում ստորագրվել են սոցիալ-տնտեսական և ռազմավարական բնույթի յոթ երկկողմ փաստաթղթեր:
Հայ-Ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ամրագրված են մի շարք համաձայնագրերով և պայմանագրերով:
1997 թ. օգոստոսի 29-ին կնքվել է «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագիրը:
Համաձայն 23-րդ հոդվածի՝ սույն պայմանագիրը կնքվել է քսանհինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հաջորդ տասնամյա ժամանակաշրջանով, եթե պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան դրա գործողության hամապատասխան ժամանակաշրջանը լրանալուց մեկ տարի առաջ գրավոր չծանուցի մյուս պայմանավորվող կողմին պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1998 թ. նոյեմբերի 5-ից. այն հիմնված է երկու ժողովուրդների մշակութային նմանության, հոգևոր շփման բազմադարյան ավանդույթների և բարեկամական կապերի վրա, միտված է միմյանց միջև բարեկամական հարաբերությունների, բարիդրացիության և փոխշահավետ համագործակցության անշեղ զարգացմանն ու ամրապնդմանը, նպաստելուն երկու պետությունների ժողովուրդների կենսական շահերին, նրանց համակողմանի զարգացմանն ու բարգավաճմանը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ բնագավառներում:
Համաձայն պայմանագրի, կողմերը պարտավորվում են անշեղորեն ղեկավարվել միմյանց պետական ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքի, իրավահավասարության ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների հարգման, միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքներով և միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ նորմերով:
Պայմանագրի 2-րդ հոդվածը ներառում է ՀՀ և ՌԴ համատեղ պաշտպանության ապահովման, խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով սերտ համագործակցություն, հատկապես ըստ հոդված 3-ի՝ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով:
Արտաքին քաղաքականության բնագավառում, համաձայն հոդված 6-ի, կողմերը պարտավորվում են սերտորեն համագործակցել ինչպես անդրկովկասյան տարածաշրջաններում, այնպես էլ ողջ աշխարհում խաղաղության ամրապնդման, կայունության բարձրացման և անվտանգության գործում, նրանք կնպաստեն զինաթափման գործընթացի շարունակմանը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ ու ԱՊՀ խաղաղարար դերի մեծացմանն օժանդակող մեխանիզմների և ինստիտուտների կայացմանը:
Բարձր կարևորություն տալով երկու պետությունների կայուն զարգացմանն ու տնտեսական ներուժի արդյունավետ կիրառմանը, երկուստեք կփոխգործակցեն շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսական բարեփոխումների իրականացման գործում, կնպաստեն երկու պետությունների միջև տնտեսական ինտեգրացման խորացմանը, ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորման համար պայմանների ստեղծմանը, կձգտեն համակարգել իրենց գործողությունները ֆինանսական, դրամավարկային, արժութային, հարկային, մաքսային և սոցիալական քաղաքականություն իրականացնելիս, կզարգացնեն իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում:
Ազգային անվտանգության ապահովման և ռազմական շինարարության հարցերը գնահատելիս, ըստ պայմանագրի 4-րդ հոդվածի՝ կարևորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության ռազմակայանի մասին երկկողմ պայմանագրերը, ինչպես նաև այլ համաձայնագրեր :
ՀՀ և ՌԴ միջև 1995 թ. մարտի 16-ին կնքվել է պայմանագիր ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին : Ըստ պայմանագրի, կողմերը կընդլայնեն իրենց ազգային զինված ուժերի սերտ համագործակցությունն ու փոխգործակցության ձևերը: Կողմերից մեկի անվտանգության դեմ սպառնալիք առաջանալու կամ նրանցից որևէ մեկի վրա զինված հարձակման դեպքում, կառաջնորդվեն ռազմական օբյեկտների և կառույցների փոխադարձ օգտագործման սկզբունքով` ազգային զինված ուժերի համար սահմանված պայմաններով, ինչպես նաև պաշտպանական նշանակության օբյեկտների համատեղ շահագործման սկզբունքի համաձայն:
Համաձայն պայմանագրի 3-րդ հոդվածի՝ ռուսական ռազմակայանը պետք է կատարի կողմերի համապատասխան պայմանավորվածություններից բխող պարտականությունները: ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում, ՌԴ շահերը պաշտպանելու պարտականությունից բացի, ռուսական ռազմակայանը ՀՀ զինված ուժերի հետ պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը:
ՌԴ ռազմակայանի զինվորական կազմավորումների գործադրումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992 թ. մայիսի 15-ի` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի, ՀՀ և ՌԴ միջև 1997 թ. օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա և կողմերի օրենսդրություններին համապատասխան:
2010 թ. օգոստոսի 19-ից 21-ը ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի պաշտոնական այցը կարևորվեց «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» (թիվ 5) արձանագրության հաստատումով, որը համապատասխանում է երկու երկրների ռազմավարական հետաքրքրություններին և բխում է տարածաշրջանային մակարդակով անվտանգության և կայունության ամրապնդման շահերից: Ըստ այդ արձանագրության, ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1995 թ. մարտի 16-ին կնքված պայմանագրի ժամկետը երկարաձգվեց մինչև 2044 թվականը:
«Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թ. հունիսի 25-ին կնքվել է hամաձայնագիր մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին:
Համաձայնագրի 2-րդ և 3-րդ հոդվածները սահմանում են հսկողության առարկան՝ մատակարարված ռազմական նշանակության արտադրանքը և նպատակը՝ պայմանագրի շրջանակներում կնքված համաձայնագրերով մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման ստուգումը :
Համաձայն 4-րդ հոդվածի, սույն համաձայնագրի իրագործման համար կողմերի լիազորված մարմիններն են՝ հայկական կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ռուսական կողմից` ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը:
Կողմերի լիազորված կազմակերպություններն են՝ հայկական կողմից պետական կառավարման հանրապետական այն մարմինները, որոնք իրենց կազմում ունեն զորքեր և զինվորական կազմավորումներ, ռազմական նշանակության արտադրանքի հետ կապված գործունեություն իրականացնելու հատուկ թույլտվություն (լիցենզիա) ունեցող կազմակերպությունները :
Ռուսական կողմից` գործադիր իշխանության դաշնային այն մարմինները, որոնք լիազորված են իրականացնելու պետական պաշտպանական պատվերի պետական պատվիրատուի գործառույթ` ի շահ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների և այն կազմակերպությունների, որոնք ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ գործունեության համապատասխան տեսակի իրավունք ունեն:
Ռազմական նշանակության արտադրանքի հսկողությունն իրականացվում է ըստ 2002 թ. նոյեմբերի 5-ի` «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթների և պահպանում է այն կողմի օրենսդրությամբ նախատեսված ռեժիմային պահանջները, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, եթե այդ կողմի միջազգային պարտավորություններով այլ բան սահմանված չէ: Հսկողության խմբի անդամները հսկողության իրականացման ժամանակահատվածում պարտավոր են պահպանել այն կողմի օրենսդրությունը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը:
Հայաստանը ԱՊՀ կառույցի հիմնադիրներից է և նրա շրջանակներում համագործակցության ծրագրերի իրականացման ակտիվ մասնակիցը, հատկապես, մշակվել են համագործակցության արդյունավետ պայքարի մեխանիզմներ, այդ թվում` ռազմաքաղաքական, արտաքին սահմանների պաշտպանության ու վերահսկման, ինչպես նաև միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների տարանցման և տարածման, ապօրինի արտագաղթի դեմ:
ԱՊՀ-ն ձևավորվել է 1991 թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը:
1991 թ. դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետությունները (ներկա պահին՝ 9-ը լիիրավ անդամ ) ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետություններն իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն :
Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն ապահովվում է անդամ-պետությունների միջև բազմակողմ կապերի շնորհիվ:
Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:
1993թ. սեպտեմբերին Պայմանագրին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994թ. ապրիլի 20-ին՝ 5 տարի ժամկետով: Պայմանագրի երկարաձգման մասին արձանագրությունը 1999թ. ստորագրեցին 6 պետություններ (բացառությամբ՝ Ադրբեջանի, Վրաստանի և Ուզբեկստանի):
2002 թ. մայիսի 14-ին հիմնվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): Նույն թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրվել է ՀԱՊԿ կանոնադրությունը: 2004 թ. դեկտեմբերի 2-ից կազմակերպությունն ունի ՄԱԿ-ի ԳԱ դիտորդի կարգավիճակ:
Հավաքական անվտանգության մասին պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի ագրեսիա՝ սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
ՀՀ և ՌԴ ռազմավարական դաշնակցային հարաբերություններում հիմնական ձեռքբերումներից է ազգային էներգետիկ անվտանգության ապահովումը: Դրա կարևորությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նորանկախ Հայաստանն իր պատմությունը սկսեց խոր էներգետիկ ճգնաժամով:
Էներգետիկ ճգնաժամը, որի հիմնական պատճառը ոչ թե Մոսկվան էր, այլ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, կոտրեց 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ձևավորված հակառուսական կարծրատիպը Հայաստանում։
ՀՀ և ՌԴ էներգետիկ հարաբերություններում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության էներգակիրների հիմնական մատակարարը և էներգետիկ համակարգի հիմնական ներդրողն է:
ՀՀ ներկրվող բնական գազի 80%-ը և միջուկային վառելիքի 100%-ը, վերամշակված նավթային արտադրանքի մատակարարումը կատարվում է Ռուսաստանից: Ռուսաստանի Դաշնությունը տիրապետում է համաշխարհային գազի պաշարների 17.6%-ին, գազի աշխարհի ամենախոշոր արտահանողն ու արտադրողներից մեկն է, արդյունահանում է տարեկան մոտ 500 մլրդ. խոր. մետր գազ (ամենաշատը ԱՄՆ-ից հետո):
ՀՀ շուկա ներկրվող բնական գազի համար սահմանված սակագինը որոշվում է ՀՀ և ՌԴ միջպետական հարաբերությունների վերաբերյալ կնքված համաձայնագրերով:
2013 թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել է համաձայնագիր «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների վերաբերյալ:
Համաձայնագրով կարևորվում են հոդված 7-ի հետևյալ դրույթները. հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, սույն համաձայնագրից բխող կամ սույն համաձայնագրի հետ կապված ծագող` «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխությունների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց ռուսական կողմի նախնական համաձայնության։
Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետության օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և/կամ չեղյալ հայտարարվի և/կամ այլ կերպ ոտնահարվի սույն համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը:
Եթե վերը նշվածին հակառակ, մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության որևէ նորմատիվ իրավական ակտ կփոփոխի, չեղյալ կհայտարարվի կամ որևէ այլ կերպ կոտնահարվի սույն համաձայնագրով «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը, ապա կկիրառվեն մինչ այդպիսի նորմատիվ իրավական ակտի ընդունման պահը գործող ՀՀ օրենսդրության պայմանները։
ՀՀ և ՌԴ Էներգետիկ համագործակցությունը միտված է ՀՀ էներգետիկ անվտանգության բարձրացմանը՝ ուղղված էներգակիրների ներմուծման ուղիների և արտադրության ձևերի բազմազանեցմանը, նոր էներգետիկ միջուկային հզորությունների ստեղծմանը, կայուն և հուսալի էներգահամակարգի կառուցմանը:
2013-ի սեպտեմբերին ՀՀ նախագահը հայտարարեց Հայաստանի Հանրապետության՝ ՄՄ-ին (մաքսային միություն) և ՄՏՏ-ին (միասնական տնտեսական տարածք) միանալու որոշման մասին և պատրաստակամություն հայտնեց ձեռնարկելու որոշակի գործնական քայլեր՝ հետագայում նաև Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու նպատակով:
2015 թ. հունվարի 2-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, որն ապահովում է նոր իրական հնարավորություններ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և կառուցվածքային փոփոխությունների համար, կայուն ոլորտային բազա է ստեղծում զարգացնելու Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն անվտանգության հիմնախնդիրների կարգավորման հարցերում (մանրամասները հաջորդ հոդվածում):
Հայաստանի Հանրապետությունը պետք է ամրապնդի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, շարունակի Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքեր գործադրել հատկապես անվտանգության և պաշտպանության ոլորտներում գործընկերության ամրապնդման և խորացման, առևտրատնտեսական համագործակցության առկա ներուժի լիարժեք գործարկման ուղղությամբ, ինչին չի նպաստում ՀՀ ներկայիս կառավարության վարած արտաքին քաղաքականությունը:
Ըստ ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի. Հայաստանը պարտավոր է մշակել, թարմացնել և խորացնել ռազմաքաղաքական հարաբերությունները առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ: Անհրաժեշտ է նոր ռազմավարական մակարդակի համաձայնագիր, որը կլուծի Հայաստանի և Հարավային Կովկասում ռազմական բալանսի հարցը՝ երկարաժամկետ հեռանկարում:
Արփի Աբրահամյան
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ,
Քաղաքագիտության մագիստրոս «Ազգային անվտանգություն» մասնագիտությամբ
«Դրօշակ», թիվ 7 (1653), հուլիս, 2021 թ.