կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-29 15:13
Քաղաքական

Բաքվում հայ գերիները պատանդ են, որովհետև նրանց դիմաց Հայաստանից ինչ-որ բան են շորթում

Բաքվում հայ գերիները պատանդ են, որովհետև նրանց դիմաց Հայաստանից ինչ-որ բան են շորթում

Բաքվում հայ գերիների մեղադրանքի վերաբերյալ մենք տեղեկացված չենք, մեղադրանքի հիմքը գաղտնի են պահում, սա արդեն խոսում է այն մասին, որ մեկուսացման մեջ են նրանք դատվում և առնվազն ապահովված չէ հրապարակային դատաքննության իրավունքը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ խոսելով Բաքվում ընթացող միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարության մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցներից պարզապես տեղեկանում ենք, որ մի կեղծված գործով անցնում են 14 հայ գերիներ, մեկ այլ գործով՝ 13-ը։

«Նրանք չունեն փաստաբաններ․ մենք ենք հանդիսանում նրանց փաստաբան՝ ես և Սիրանուշ Սահակյանը, և մենք հնարավորություն չենք ունեցել ծանոթանալ գործի նյութերին և ապահովել նրանց պաշտպանության իրավունքը․ սա արդեն արդար դատաքննության իրավունքի խախտում է»,-ասաց Արտակ Զեյնալյանը։

Ադրբեջանը այս դատավարություններն անում է անօրինական գործընթացին օրինականության պատրանք հաղորդելու համար, վստահ է նրա, գերիներին պահում են պատանդի կարգավիճակում։

«Նրանք իրականում բովանդակային առումով պատանդ են, քանի որ նրանց դիմաց Հայաստանից ինչ-որ բան են պատրաստվում շորթել՝ շորթում են ուղղակի»,-ասաց Արտակ Զեյնալյանը։

Միջազգային հանրության համար այդ անձինք ռազմագերիներ են, վստահեցրեց նա, որոնք ռազմական գործողություններից հետո պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք, ինչը չի կատարում Ադրբեջանը։ Այդ դատավարությունները շինծու են և գրոշի արժեք չունեն՝ արձանագրեց Արտակ Զեյնալյանը։

Նա նշեց, որ հայ գերիներին Ադրբեջանում պահելով և շինծու դատավարություն կազմակերպելով՝ Ադրբեջանը խախտում է նրանց արդար դատաքննության իրավունքը՝ նրանք ապօրինի են պահվում անազատության մեջ, խախտվում է նրանց անձնական կյանքի հարգանքի իրավունքը, ՄԻԵԴ դիմելու իրավունքն է խախտվում, որովհետև Ադրբեջանը չի կատորում Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանը խախտում է նույնիսկ իր Սահմանադրության դրույթները։

15 հայ գերիներին Ակնայի ականապատման  քարտեզների հետ փոխանակելու փաստը իրավաբանի համոզմամբ ևս մեկ ապացույց է, որ նրանք պատանդ են։

«Ապացույց է, որովհետև չկա տարբերակման որևէ օբյեկտիվ բացատրություն, դա չի էլ կարող լինել, չկա բացատրություն՝ ինչն է պատճառը, որ վերադարձնում է քարտեզների դիմաց, իսկ առանց քարտեզների չի վերադարձնում։ Հետևաբար, դա շորթում է»,-ասաց նա։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը փաստեց, որ ամբողջ աշխարհը շատ լավ հասկանում է, որ այդ մարդիկ ռազմագերի են՝ պատերազմական գործողությունների հետևանքով են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, և կապ չունի՝ կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրելուց քանի վայրկյան հետո կամ առաջ են հայտվել Ադրբեջանի վերահսկողության տակ, բոլորին ամեն ինչ շատ լավ պարզ է։

«Բայց Ադրբեջանը, շատ լավ հասկանալով, որ սա իր համար կարող է իրավական խնդիրներ առաջացնել հետագայում, քանի որ շատ հեշտ կարելի է իրավական միջոցներով ապացուցել, որ սա պատանդառություն է, միևնույն է, գնում է այդ քայլին, որովհետև արբեցած է հայերի հանդեպ ատելությունից։ Այս երևույթի բացատրությունը անգամ տեղ-տեղ դուրս է գալիս քաղաքագիտության սահմաններից և տեղափոխվում է մաքուր հոգեբանության կամ նույնիսկ կենսաբանության դաշտ։ Այսինքն, նրանք հայերին արված ցանկացած վատություն ընկալում են,  որ իրենք դրանից շահում են»,-ասաց Էդգար Էլբակյանը։  

Նա ընդգծեց, որ 15 հայ պատանդներին ականապատման քարտեզների հետ փոխանակելու փաստը նրանք հենց այդպես էլ իրենց արտգործնախարարության պաշտոնական կայքով տարածեցին։

«Փաստացի նրանք որպես պետություն հայտնեցին, որ զբաղվում են պատանդառությամբ և տրաֆիկինգով։ Եթե մեզ համար սա կարող է զարմանալի թվալ, բայց եթե իրենց տեսանկյունից ենք նայում՝ ամեն ինչ շատ օրինաչափ է, որովհետև հայերին վնասելը պետության իմաստի հիմքում է դրված»,-ասաց քաղաքագետը։

Էդգար Էլբակյանը նկատեց, որ Ադրբեջանը Հայաստանը՝ որպես պետություն, և հայությունը դիտարկում է որպես թշնամի, և ռազմագերիների դատավարությունը դրա ևս մեկ դրսևորումն է։

Աննա Բալյան