կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-17 15:51
Հասարակություն

Պայթյունավտանգ եւ ճգնաժամային․ Հայաստանի խախուտ սահմանները

Պայթյունավտանգ եւ ճգնաժամային․ Հայաստանի խախուտ սահմանները

Որեւէ հստակություն չկա, թե բանակցային սեղանին ինչ խնդիր է դրված, ինչ է պահանջում Ադրբեջանը, եւ ինչ է մերժում Հայաստանը։ Ռազմաքաղաքական իրադրությունը, որը պայթյունավտանգ ու ճգնաժամային էր, պահպանվում է մինչեւ այս պահը. խոսելով Սյունիքում եւ Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Yerkir.am-ին հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարn այսքանից հետո դեռ խոսում է թշնամու հետ կոմունիկացիաներ ստեղծելու մասին։ «Հաջորդ խնդիրը, որ ուզում եմ ընդգծել, սահմանների ճշգրտման գործընթացն է, եւ ինչպես կոմունիկացիաների բացման, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը»,- անվտանգության խորհրդի նիստում ասել է Փաշինյանը։

Ադրբեջանը փորձում է Հայաստանի նկատմամբ տարաբնույթ ճնշումների միջոցով հասնել իր համար ցանկալի արդյունքի՝ Հայաստանից էլի հող տանել։  «Հայաստանի սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիան նպատակ ուներ ուժեղացնելու ճնշումները եւ մեզանից ընդհանուր գործընթացում, որը ներառում է Արցախը եւ Սյունիքը, շատ ավելի մեծ զիջումներ ստանալ»,- նշեց Աբրահամյանը։

Հայաստանցին, ցավոք, կանգնած է սահմանի վերաբերյալ ճիշտ ինֆորմացիա ունենալու խնդրի առջև։ Հակասական լուրերը, պաշտպանական գերատեսչության թերացումը մարդկանց մոլորության մեջ են գցում․ եղած պաշտոնական հաղորդագրությունները, Տիգրան Աբրահամյանի խոսքով, իրողությունը պատշաճ ձեւով չեն արտացոլում։ Սահմանի մասին խոսում են նաեւ իշխանության նշանակած պաշտոնյաները, որոնք փորձում են փափուկ բարձ դնել թե՛ սահմանին ապրողների, թե՛ Հայաստանի բնակչության գլխի տակ։ 

Փաշինյանն անվտանգության նիստում հայտարարել էր, որ Հայաստանում կան պրոադրբեջանական ուժեր, որոնք ջուր են լցնում թշնամու ջրաղացին։ Չմոռանանք ասել, որ Փաշինյանն ուրիշից դժգոհելու պատճառ չունի․ մի ամբողջ խմբակցություն Ազգային ժողովում ջանում է բարեկամություն անել թշնամու հետ։ 

«Իշխանությունն ի սկզբանե սխալ թիրախներ է ընտրել, որովհետեւ այս վիճակի պատասխանատուն հենց ինքն է, իսկ բանակցային գործընթացում տապալումների մասով՝ Փաշինյանն ասում է՝ Հայաստանում կան պրոադրբեջանական ուժեր, որոնք աջակցում կամ ապահովում են, տեղեկատվական առումով, ադրբեջանական քարոզչության վերահեռարձակումը Հայաստանում։ Եթե կան Ադրբեջանին սատարող ուժեր կամ Ադրբեջանի խնդիրները Հայաստանում իրացնող ուժեր, ապա պետք է խոսես այդ մարդկանց չեզոքացնելու եւ անհրաժեշտ գործողություն իրականացնելու մասին։ Եթե մինչեւ այս պահը որեւէ գործչի, որեւէ խմբի նկատմամբ իրավական գործընթաց չի սկսվել, նշանակում է՝ երկրի ղեկավարը, մեղմ ասած, ստում է եւ հասարակությանը ներկայացնում սխալ թիրախներ ու առաջնահերթություններ»,- Yerkir.am-ին ասաց Տիգրան Աբրահամյանը։

Բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի։ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ կա տեղեկություն, որ ադրբեջանական ստորաբաժանումները որոշակի հատվածում հետ են գնացել, բայց չկա տեղեկություն այն մասին, որ զորքերը հետ են գնացել ելման դիրքեր։ Ենթադրվում է, որ որոշ հատվածներում թշնամին նահանջել է, բայց շարունակում է մնալ Հայաստանի սահմաններից ներս։