Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախյան պատերազմը որոշիչ նշանակություն ունեցավ տարածաշրջանային կոնյունկտուրայի վրա։ Խնդիրն այն է, որ հայկական կողմի պարտությունը փոխել է տարածաշրջանային ուժերի դասավորությունը և դարձել նոր ստատուս քվոյի առաջացման պատճառ։ Ճիշտ է՝ ներուժի տեսանկյունից դեռևս տևական ժամանակ կշեռքի նժարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմն էր թեքված, բայց պատերազմը նրանց հնարավորություն տվեց առաջխաղացում ունենալ նաև աշխարհագրական և աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Իսկ այս նոր ստատուս քվոն ձևավորվում է հայկական կողմի դիրքերի հաշվին, բայց թուրքական ծրագրերն ավելի հեռու են գնում, քան կարելի է պատկերացնել։ Թուրքիան ձգտում է վերածվել հատուկ նշանակության խաղացողի, որը Արևելքն Արևմուտքին կապող կարևոր հանգույց կդառնա։ Եվ այս իմաստով պատահական չէ, որ Անկարան մեծապես շահագրգռվածություն է ցուցաբերում, որպեսզի տարածաշրջանային խոշոր նախագծերում յուրահատուկ ազդեցություն ունենա։ Առաջին հերթին դրանք էներգետիկ նախագծերն են, ինչպես օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, մի քանի գազատարներ ընդգրկող Հարավային գազային միջանցքը, «Թուրքական հոսք» գազամուղը և այլն։
Բացի սրանից, Անկարայի նպատակների մեջ են մտնում Արևել յան Միջերկրականի ածխաջրածիններով հարուստ հատվածի վրա վերահսկողություն հաստատելը և մեծ ներդրում ունենալն այն հարցում, որ Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսները, մասնավորապես գազն ու նավթը, հենց Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով հասնեն Եվրոպա։ Այս հարցում Թուրքիայի ու Ադրբեջանի հեռահար նպատակների մեջ է մտնում նաև Հայաստանի տարածքով, մասնավորապես Սյունիքով, էներգետիկ նախագծերի անցկացումը, որով Ադրբեջանի տարածքը կկապվի Նախիջևանի ու Թուրքիայի հետ, ինչն էլ ավելի կմեծացնի թուրքական ազդեցության գործոնը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ձգտում է Ադրբեջանի միջոցով առանցքային տրանզիտային օղակ դառնալ Միջին Ասիայի և Հարավային Ասիայի միջև։ Սրանով Թուրքիան փորձում է լուծել ոչ միայն պանթուրքական ծրագրերի իրականացման, այլև իր դաշնակից Պակիստանի հետ անմիջական կապի ապահովման խնդիրը։ Պատահական չէ, որ ակտիվորեն խոսվում է Ստամբուլ-ԹեհրանԻսլամաբադ բեռնատար գնացքի երթուղու շահագործման ուղղությամբ աշխատանքներն այս տարի ավարտելու մտադրության մասին։
Հենց այս նախագծի իրագործմամբ Նախիջևանի հետ 11 կմ երկարությամբ սահմանի միջոցով Թուրքիան անխափան երկաթուղային հաղորդակցություն հաստատելու հնարավորություն կստանա Ադրբեջանի, թյուրքական աշխարհի և Պակիստանի հետ: Գրեթե կասկած չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է իր այս նախագծերի իրականացման համատեքստում օգտագործել Սյունիքով կառուցվելիք երկաթուղին, որն, ըստ իրենց ծրագրերի, կապող օղակի դեր պետք է կատարի Ադրբեջանի, Նախիջևանի ու Թուրքիայի միջև։ Բայց այստեղ հարցն այն է, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և թուրքական նախագծերի հետ միասին ակտիվորեն ներթափանցելու է թուրքական ազդեցությունը, որի արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրքական ազդեցության գոտում և վերջնականապես կկորցնի իր սուբյեկտայնությունը։ Պատահական չէ, որ մարտի 31-ին թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական նիստին Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը թյուրքական աշխարհի համախմբման գործում կարևոր դեր է ունենալու»։ Իսկ այսպիսի աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում Հայաստանը պետք է անցնի ակտիվ քայլերի ձեռնարկմանը։
Ու ընդհանրապես, ներկայիս իշխանություններից ակնկալիքներ ունենալն անիմաստ է, քանի որ նրանց կողմից տարվող քաղաքականությունը վկայում է նրա մասին, որ նրանք համակերպվել են այն մտքի հետ, թե խոստացվող ապաշրջափակման դիմաց Հայաստանը վերածվելու է թուրքական գործոնից կախված վիճակում գտնվող մի երկրի»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: