կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-24 12:22
Հասարակություն

Հայկական համազգեստով թուրքերը նախօրեին արդեն Շուշիում էին. պատերազմի ծխացող վերքերը

Հայկական համազգեստով թուրքերը նախօրեին արդեն Շուշիում էին. պատերազմի ծխացող վերքերը

Հայրեր և որդիներ

Արցախի համար մղվող պատերազմն այս անգամ հաղթանակով չպսակվեց, պատճառները, թերացումները դեռ շատ տարիներ կքննարկվեն, ուշագրավ  բացահայտումներ ի հայտ կգան։ Դա հանձնենք ժամանակի անաչառ քննությանը, իսկ մենք ներկայացնենք այն մարդկանց, ում համար Արցախը սոսկ աշխարհագրական տարածք չէ, Արցախի ամեն մի բնակավայրն ազատագրվել է նրանց մարտական ընկերների արյան, իրենց որդիների անհայր մանկության գնով։ Նրանց որդիները վաղաժամ հասունացան և անվարան  ընտրեցին հայրերի ուղին՝ համալրելով հայոց բանակի սպայական կազմի շարքերը, իսկ հայրերն այս պատերազմի ընթացքում կրկին Արցախում էին՝ իրենց որդիների կողքին...

Պատերազմի առաջին օրերն էին։ Զինկոմիսարիատի հին, ծեփը թափած պատի մոտ հավաքված տղամարդկանց բազմության մեջ նկատեցի զինվորական համազգեստով, պատկառելի տարիքով մի տղամարդու, մուգ ակնոցները քողարկում էին հայացքը, դժվար էր հաղորդակից դառնալ նրա ապրումներին, նա Արցախ կամավոր մեկնողների շարքում էր։

No description available.

-Դեպի ո՞ւր եք մեկնում,- հարցրեցի։

-Դեպի այնտեղ, ուր կյանքի և մահվան կռիվ են տալիս որդիներս,- պատասխանեց։

-Երկտարեցի զինվորնե՞ր են ձեր որդիները։

-Սպաներ, երկուսն էլ հայոց բանակի կրտսեր սպաներ են։

Զրուցակիցս գնդապետ Հովհաննեսյանն էր։ Արցախյան ազատամարտի մասնակից, մի ողջ կյանք զինվորական ծառայությանը նվիրած գնդապետն այժմ թոշակառու է.

-Ինձ ասում են՝ ձեր տարիքը չի ներում առաջնագիծ մեկնեք, ես էլ ասում եմ՝ դուք չեք հասկանում, որ ես պետք է տղաներիս կողքին լինեմ։ Ես ակնկալում էի, որ ինձ հնարավորություն կտրվի մասնագիտական առումով օգտակար լինեմ առաջնագծում մարտնչող զորքին, սակայն իմ նախագծին ընթացք չտրվեց, և հիմա մեկնում եմ որդիներիս կողքին լինելու։

Մաշկիս վրա զգում եմ գնդապետին համակած հուզմունքն ու ապրումները։ Ավագ որդին մշտապես պատերազմի ամենաթեժ հատվածներում է, նա հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար է։

-Ավագ որդիս ծնողներիս ծննդավայրում է այժմ մարտնչում հակառակորդի դեմ՝ Արցախի Մատաղիս բնակավայրում... Կրտսեր որդիս հրետանավոր է, երկուսն էլ իմ ուղին ընտրեցին, ի՞նչ արած...

Գնդապետ Հովհաննեսյանն ինձ խոստացավ որդիների, նրանց ընկերների հետ անպայման վերադառնալ և հարցազրույց տալ պատերազմի ու հաղթանակի մասին...

Ամիսներ անց, երբ քաղաքի հիվանդանոցները լի էին վիրավոր, հաշմանդամ դարձած հարյուրավոր զինծառայողներով,  իսկ հոսպիտալից նոր դուրս գրված սպաները մտացրիվ էին, դառնացած, քաղաքի հինավուրց մի սրճարանում ես հանդիպեցի գնդապետ Հովհաննեսյանին որդիների և նրանց ընկերների հետ։ Բոլորիս հայացքում անթաքույց տխրություն կար, բացակա ընկերների աթոռները դատարկ էին մնացել...

-Որդիներիս հետ Եռաբլուր պանթեոն էինք գնացել նրանց նահատակված ընկերների շիրիմներին այցի, այնուհետ հիվանդանոցներ՝ վիրավոր ու հաշմանդամ դարձած ծառայակիցներին տեսության, նրանց բոլորի ավանդը շատ կարևոր էր այս պատերազմի ժամանակ, փառք ու պատիվ բոլորին,- ասաց գնդապետ Հովհաննեսյանը և ինձ ծանոթացրեց ավագ որդու՝  հատուկ նշանակության վաշտի հրամանատար, կապիտան Դավիթ Հովհաննեսյանի հետ։

-Դավիթս դեռ լիովին չի ապաքինվել, շարունակում է բուժումը, մի ականջն ընդհանրապես չի լսում, արկերի պայթյունից վնասվել է...

Պատերազմն անհետևանք չէր մնա,-մտածում եմ ես ու նայում Դավիթի խրոխտ դեմքին։ Նյարդային է, խոսելիս շուտ է բռնկվում, կորցրած ընկերներին հիշելիս հայացքը լուռ խոնարհում է...

-Ինչպե՞ս հայտնվեցիք Արցախում,-հարցնում եմ ես Դավիթին։

-Հայրս շատ էր ցանկանում, որ ես իր ուղին ընտրեի, քիմիական զորքերում ծառայեի, բայց ես պնդեցի, որ հետախույզ եմ ուզում  դառնալ։ Մեկնեցի Ռուսաստանի դաշնություն, զինվորական բարձրագույն ուսումնական հաստատության սան դարձա։ Երբ ավարտեցի, վերադարձա Հայաստան, կամովին ընտրեցի պաշտպանության բանակում ծառայելու ուղին և մեկնեցի Արցախ։ Ի սկզբանե խորքային  հետախուզական խմբի հրամանատար էի, այնուհետ հետախուզական դասակի հրամանատար, իսկ պատերազմի ընթացքում, երբ կարիք առաջացավ թափուր հաստիքների համալրման, դարձա վաշտի հրամանատար կապիտանի կոչումով։

No description available.

-Որտե՞ղ էիք, երբ պատերազմը սկսվեց։

-Մարտակերտի շրջանում։ Պատերազմը սկսվեց կիրակի, զանգ ստացանք թշնամու հրթիռակոծության մասին, մի քանի ժամ անց արդեն ամենաթեժ մարտերի  կիզակետում էինք։ Պատերազմի ողջ ընթացքում մենք մարտական խնդիրներ էինք կատարում։ Նախ հատուկ առաջադրանքով մեկնեցինք Թալիշի գրավված դիրքերը վերադարձնելու... Գնացինք թշնամուն դեմ հանդիման, խրամատում էինք, երբ եկան տանկերը, կարծեցինք՝ մեր տանկերն են, պարզվեց՝ ոչ: Մնացինք շրջափակման մեջ Թալիշի դիրքերում, զինամթերքի մեր պաշարը վերջացավ...

No description available.

-Իսկ ինչպե՞ս փրկվեցիք...

-Մեր զրույցի ընթացքում այդ հարցը հաճախ եք տալու։ Շտաբի պետի որոշմամբ ընտրեցինք ամենակարճ ուղին և հասանք Թալիշ: Ճանապարհին կորցրեցինք մեր վիրավոր զինվորին: Դա պատերազմի առաջին օրն էր, նա մեր առաջին կորուստն էր... Պատերազմի չորրորդ օրն ինձ նշանակեցին հետախուզական վաշտի հրամանատար։ Հատուկ առաջադրանքով շարժվեցինք դեպի Մատաղիս: Բարձր սարի վրա էինք, որտեղ հոկտեմբերին արդեն ձյուն էր, ցուրտ: Խնդիրները հաջողությամբ էինք կատարում, մինչև ինֆորմացիա ստացանք, որ մեր թիկունքում թշնամու զորքն է։ Կատաղի մարտեր եղան։

-Կհիշեք՝ պատերազմի ողջ ընթացքում որտե՞ղ եք վարել ամենաթեժ մարտերը։

-Մարտունիում՝ Շեխեր գյուղում, Կարմիր շուկայից 5 կմ հեռավորությամբ, մեկ շաբաթ ամենաինտենսիվ մարտերը վարեցինք. սարից ճնշում էինք թշնամուն, որպեսզի գյուղը պահենք։ Այնտեղ զոհեր ունեցանք, վիրավորներ ևս։ Ես ինքս էի հաճախ վիրակապում վիրավոր զինվորներին...Դա ամենասոսկալի զգացողությունն է, երբ տեսնում ես արյունահոսող վերքեր ու քո առաջնային խնդիրն է դադարեցնել արյունահոսությունը, որպեսզի փրկես մարդու կյանքը։ Գիշերները անտառում էինք, հակառակորդի դիվերսիոն հարձակումներն էինք հետ մղում:

No description available.

-Ամենամոտ տարածությամբ ե՞րբ եք հանդիպել հակառակորդին։

-Շեխերի բարձրունքում՝ սարի գլխին մարտական խնդիր կատարելիս։ Մթնշաղին  խիտ անտառի մեջ  հայերեն խոսակցություն լսեցինք, քանի որ կապի խնդիր կար, չհաջողվեց կապ հաստատել պարզելու՝ ինչ ստորաբաժանում է։ Մոտեցանք շատ մոտ, որպեսզի պարզենք։ Մոտ տասը մետր հեռավորությամբ էինք, նրանք կրակ բացեցին։ Թուրքական հետախուզական զորքն էր։ Բարեբախտաբար փոխհրաձգության ժամանակ ունեցանք միայն մեկ վիրավոր։ Կարծում եմ՝ նրանք պարապում էին գործողությունից առաջ, քանի որ մի քանի հայերեն բառ հստակ լսեցինք։ Թուրքական հետախուզական խմբերը, անցած լինելով հատուկ պատրաստություն, տիրապետում էին հայերենին, հայթայթում էին մեր համազգեստը ու գնում գործողություններ կատարելու։

Գնդապետ Հովհաննեսյանը հավելեց.

- 90 ականների պատերազմի ժամանակ ևս թուրքերը սովորություն ունեին հայերեն խոսելու, օգնություն էին կանչում.«Օգնեցե՜ք, Վազգե՜ն, Վազգե՜ն»: Բոլորիս Վազգեն էին կանչում..

-Ինչպե՞ս էիք քաջալերում ձեր զինվորներին պարոն կապիտան, 18-20 տարեկանի համար անշուշտ դյուրին չէ վախը սրտում հակառակորդին այդքան մոտ գտնվել...

-Վախկոտը դառնում է ռիսկով, երբ տեսնում է, որ կողքինը ռիսկով է: Անձնական օրինակը շատ կարեւոր է անշուշտ, կարեւոր է նաև զինվորի հետ տարվող աշխատանքը փոքր ստորաբաժանման հրամանատարի կողմից։

-Ձեր հայրը ձեզ հետ առաջնագի՞ծ էր գալիս ամեն անգամ, թե՞ սպասում էր ձեզ զորամասում։

Կապիտան Հովհաննեսյանը ժպտում է, գնդապետ Հովհաննեսյանը պատասխանում.

-Դավիթս չէր թողնում՝ իր հետ մարտի դաշտ մեկնեմ։ Պատերազմի ողջ ընթացքում ես  զորամասում էի, փորձում էի օգնել անձնակազմին զորամասում հերթապահություն իրականացնելու, նյութատեխնիկական ապահովման հարցերում փորձառու զինվորականի իմ խորհուրդներով, դե ինքս մասնակիցն եմ արցախյան ազատամարտի, և՛ տեղանքին եմ քաջ ծանոթ, և՛ զինվորական գործին, և ծնված լինելով Մինգեչաուրի քաղաքում, տիրապետում եմ ադրբեջաներենին։ Բայց երբ իր վաշտին ուղարկում էին Շուշի, ես գիտեի, որ Շուշիում արդեն ադրբեջանական զորք կա, համառեցի, որ ես էլ մեկնեմ, բայց ապարդյուն։ Շուշի մեկնելիս որդիս ինձ մի հեռախոսահամար փոխանցեց և ասաց.«Պա՛պ, եթե հետ չգամ, այս համարով կզանգես նրան...»։ Ես էլ ասացի. «Ինքդ կվերադառնաս, ինքդ էլ կզանգես»։

-Պարոն կապիտան, թերևս ամենաքննարկվող հարցը՝ ի վերջո, քսանութ տարի անց, ինչպե՞ս հայոց բերդաքաղաքը կրկին հայտնվեց ադրբեջանական զորքի տիրապետության տակ։

-Հայկական համազգեստով թուրքերը նախօրեին արդեն Շուշիում էին... Մեր վաշտի երկու դասակները Շուշիի մատույցներում դիրքավորվել և մարտ էին վարել՝ խոչընդոտելով Քարին տակից բարձրացող ճանապարհի անցուդարձը՝ հակառակորդին պատճառելով մեծաքանակ կորուստ։ Սակայն մեր ստորաբաժանմանը խնդիր առաջադրող հրամանատարների հետ կապը խափանվել էր, մեր երկու դասակների հրամանատարները զինվորների հետ մնացել էին շրջափակման մեջ երկու օր ու գիշեր։ Մենք գնացել էինք նրանց օգնության, բայց չկարողացանք։ Ի դեպ, Շուշիում իրականացված գործողությունների մասին ձեզ կպատմի  իմ մարտական ընկերը՝ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արման Զաքարյանը, ով հակառակորդին պատճառելով մեծաքանակ զոհեր՝ վերջինն է դուրս եկել Շուշիից՝ իր զինվորներին անվնաս դուրս բերելով շրջափակումից։ Մենք պետք է տանկերով գնայինք խնդիր կատարելու, սակայն խաչմերուկում մեզ դիմավորեց հակառակորդի դիրքավորված զորքը՝ խոցելով մեր տանկերը, պատճառելով հետևակի կորուստ... Մեր խնդիր կատարելն արդեն հնարավոր չէր, առաջընթացը ևս, զինամթերքը սպառվում էր։ Հիշում եմ՝ կողքիս արկ պայթեց, ես արթնացա վերակենդանացման բաժանմունքում։

-Որդուս սպասում էի Շուշիի մոտ գտնվող մի գյուղում։ Մեկ օր նրանից լուր չունեի, այնուհետ զինվորները հայտնեցին, որ Դավիթս վիրավոր է... Որդուս գտա հիվանդանոցում: 12 ժամ աչքերը չբացեց, բայց բժիշկները վստահեցնում էին, որ ուշքի կգա,- հուզմունքով վերհիշում է գնդապետ Հովհաննեսյանը։

-Երբ աչքերս բացեցի, բուժքրոջը հարցրեցի՝ որտեղ եմ։ Ասաց՝ վերակենդանացման բաժանմունքում արդեն 12 ժամ։ Զարմացա, պատերազմի սկզբից ի վեր այդքան ժամ չէի քնել։ Այդ օրն իմացա, որ  Շուշին հանձնվել է...

No description available.

-Կամավորական խմբերով, ինքնաշեն զենքերով մարտնչելով մեր հայրերը կարողացան ազատագրել Արցախը՝ մեզ նվիրելով հաղթանակած հայի հպարտություն, իսկ կանոնավոր բանակով, զինտեխնիկայով  վարվող այս պատերազմից հետո հայը գլխահակ է քայլում ողջ աշխարհում, ինչո՞ւ...

-Պատերազմի ընթացքում տագնապային մթնոլորտն էր գերիշխում որոշ հրամանատարների մոտ, սպաների մի մասը միայն իրեն դրսևորեց որպես սպա՝ կատարելով մարտական խնդիրները, արագ կայացնելով որոշումներ՝ առանց խուճապի կառավարել մարտը։ Հայաստանի ռուհերում պետք է կուրսանտներին ավելի լավ պատրաստեն պատերազմական իրավիճակին՝ ուսման գործընթացում ներդնելով նաև պատերազմի մասնակիցների փորձը, գիտելիքները՝ հաճախակի կազմակերպելով հավաքներ փորձի փոխանակման նպատակով։ Պետությունը պետք է հոգա իր սպաների սոցիալական վիճակի մասին։ Պատերազմի ընթացքում զորքը հանգստի կարիք ուներ։ Կային ստորաբաժանումներ, որոնք կարող էին փոխարինել, սակայն առաջադրանքը հաջողությամբ կատարող ստորաբաժանումներն էին մշտապես ծանրաբեռնված։ Պատերազմի սկզբից ի վեր կապի խնդիր կար, երբեմն չէր հաջողվում կապ հաստատել հարևան ստորաբաժանման հետ։ Հավանաբար մարտի դաշտ մեկնողների մեծամասնությունը չէր պատկերացնում, որ այս պատերազմը կտևի երկար, որ մարտի դաշտում իրական մահվան վտանգ կա։ Մենք թերագնահատել ենք մեր հակառակորդին։ Նրանք ժամանակակից պատերազմ վարեցին, ինչը վկայում էր, որ վերջին տարիներին պատրաստվել էին այս պատերազմին՝ արգելափակել էին  ինֆորմացիոն հոսքը, համացանցի հասանելիությունը։ Ահռելի կորուստներ կրելով՝ թշնամու զորքը կրկին առաջ  էր շարժվում, նրանք աշխատում էին փոքր տակտիկական գրոհային խմբերով՝ մեր զորքի մոտ առաջացնելով լուրջ խնդիրներ։

-Ռազմաճակատից տուն վերադարձը, կյանքի ու մահվան պատահական հնարավորության գիտակցումը ի՞նչ մտորումներ, զգացողություններ են ծնում։

-Ես նստած եմ տանը ու չեմ հասկանում՝ ինչու եմ վատ զգում, չեմ կարողանում քնել, չեմ կարողանում պատմել, դա կհասկանա այն մարդը, ով եղել է այնտեղ։ Առաջին օրը ոչնչացվեցին մեր մեքենաները, որոնց մեջ մեր մարտական փաստաթղթերն էին, զինամթերքը։ Մարտական առաջադրանքը կատարելուց հետո մենք փորձում էինք հանգստանալ, սակայն վիրավոր հակառակորդի ձայնը մեր ականջների մեջ էր շարունակ։ Երբեմն ուղեղս անջատվում էր, ես ուժասպառ էի լինում մինչև այն պահը, երբ կողքիս պայթում էր հերթական արկը և ես սթափվում էի...Իմ մոտ հաճախ հարց է առաջանում՝ ինչո՞ւ եմ ես արել այն ամենը, ինչո՞ւ իմ զինվորների արյունը թափվեց։ Ռազմաճակատից վերադառնալիս մեր զորքն ակնկալում էր, որ կմոտենան, շնորհակալություն կհայտնեն, կհարցնեն՝ իսկ ի՞նչ է եղել մարտի դաշտում,  զինվորներդ, դու արդյոք խնդիրներ չունե՞ք... Եզրափակելով կցանկանայի ասել՝ ովքեր եղել են մարտի դաշտում, փառք բոլորին...

Նրանք այս  պատերազմին տվեցին ամենն, ինչ կարող էին, մարտի դաշտում սարսափով նայեցին մահվան աչքերին ու հրաշքով միայն կենդանի մնացին։ Ֆիզիկապես նրանք կան, մեր կողքին են, խոսում են, երբեմն դառնությամբ ժպտում, բայց մտովի նրանք այն հեռուներում են, որտեղ թողեցին իրենց ընկերներին և օրերի ընթացքում տեսան, թե ինչպես են նրանց անկենդան մարմինները քայքայվում։ Խեղաթյուրված հոգեբանությունը, ներքին ավերվածությունը դրոշմված է նրանց հայացքներում։ Ծառայակից ընկերների կորստից, արյան ու բաց վերքերի հոտից դեռևս ուշքի չեկած ապրում են նրանք, ապրում, իսկ հավերժական մի հարց գիշերն ի լույս համառորեն թափառում է նրանց մտքերում՝ ինչո՜ւ...

 

Վարդինե Իսահակյան