Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմին մասնակցելու նպատակով փոխվել է կալանքի տակ գտնվող մի խումբ անձանց խափանման միջոցը, իսկ դատապարտյալներից ոմանք պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: Սա եղել է ազատման նպատակը, իսկ թե քանիսն են իրականում մեկնել ռազմաճակատ՝ հայտնի չէ: Գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել, քանի որ պետական մարմինները պատշաճ վիճակագրություն չեն վարել: Բացակայում են նաև վերահսկողության մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային բացառել ռիսկերը, այս մասին գրում է Hetq.am հետաքննական կայքը։
ՀՀ արդարադատության նախարարության հայտնած տեղեկատվության համաձայն, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ԱՆ քրեակատարողական հիմնարկներ ներկայացվել է ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ 1038 անձի դիմում։ Դիմողներից 491-ը կալանավորված անձինք են, 547-ը՝ դատապարտյալներ։
ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ընդունած համապատասխան իրավական ակտերով: Ռազմական գործողություններին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։
«Հայտնում եմ, որ գրությամբ պահանջվող բավարար տեղեկատվություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում առկա չէ»,-նույն հարցին այսպիսի պատասխան է տվել նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների պետ Ծովինար Թադևոսյանը:
Արդարադատության նախարարությունը վիճակագրություն չի վարել նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմին մասնակցելու հիմքով պատժից վաղաժամկետ ազատված կամ կալանքն այլ խափանման միջոցով փոխարինված անձանց շրջանում նոր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված անձանց վերաբերյալ:
Զոհվածների և վիրավորում ստացածների վերաբերյալ ևս վիճակագրություն չի վարվել:
«Արցախյան պատերազմին մասնակցելու նպատակով զորակոչվելու ցանկություն հայտնած կալանավորված անձանց դիմումների և նրանց նկատմամբ խափանման միջոցների փոփոխության հարցի քննարկման դեպքում առաջնահերթորեն հաշվի են առնվել նախ՝ քրեադատավարական օրենքի ընդհանուր պահանջները: Նրանց մեղսագրվող ծանրության աստիճանը, բնույթը, տարիքային, առողջական, վարքային առանձնահատկությունները, տվյալ խափանման միջոցների արձանագրված հիմքերի առկայությունը կամ վերացումը, ինչպես նաև զինված ուժերում ծառայություն անցած լինելու, պահեստազորում գտնվելու հանգամանքները»,-նշում են գլխավոր դատախազությունից:
Հաշվի առնելով պետական մարմինների կողմից «վիճակագրություն չվարելու» հանգամանքը, հանրային վերահսկողության մեխանիզմների բացակայությունը, դժվար է անշեղորեն հավատալ, որ պատերազմին մասնակցելու պատրվակով պատժից չեն ազատվել կամ խափանման միջոցի փոփոխություն չեն ունեցել «արտոնյալները», ինչը մեծացնում է կոռուպցիոն ռիսկը: Պատերազմին մասնակցելը վաղաժամկետ ազատվածին կամ կալանքն այլ խափանման միջոցով փոխված անձին տալիս է «առավելություն»՝ դրական բնութագիր, ինչն էական դեր կարող է խաղալ նրա քրեական գործում: Այս հանգամանքը ևս կարող է մեծացնել կոռուպցիոն ռիսկը: Բացի դրանից, չկա համոզմունք, որ անձն, իրոք, մեկնել է մարտի դաշտ:
«Ռազմական գործողությունների օրերին ազատությունից զրկված անձինք ներգրավված չեն եղել ռազմական գործողություններին առնչվող աշխատանքներում»,-փոխանցում են արդարադատության նախարարությունից: