Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքում գործող բարեգործական հիմնադրամներից մեկի տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված բարեգործական հիմնադրամի տնօրենը, օժտված լինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները տնօրինելու, կառավարելու և կանխիկացնելու իրավասությամբ, հիմնադրամի սեփականությունն ի շահ իրեն օգտագործելու նպատակով, 2012-2014թթ. ընթացքում Դավթաշեն համայնքի մի շարք բնակիչների անվամբ կազմել է կեղծ բովանդակությամբ դիմումներ՝ բարեգործական հիմնադրամից իբր ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ:
Այնուհետև նրանց փոխարեն ստորագրելով՝ կազմել է կեղծ վճարային փաստաթղթեր՝ ելքի օրդերներ և բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ տեղեկանքներ: Նշված փաստաթղթերի հիման վրա՝ բարեգործական հիմնադրամի տնօրենը հիմնադրամի բանկային հաշվից կանխիկացրել և վերոնշյալ անձանց տրամադրելու փոխարեն յուրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 13.099.254 ՀՀ դրամ՝ հիմնադրամին պատճառելով գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին: