կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 13:55
Իրավական

Դատախազությունն ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը․ ԲԴԽ

Դատախազությունն ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը․ ԲԴԽ

Ծանոթացա Գլխավոր դատախազության՝ իր խոսնակի միջոցով ֆեյսբուքում հրապարակած «մտահոգություններին» կոնկրետ դատական ակտի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:

«Դատախազությունն այն մարմինն է, որը լավագույնս է տիրապետում իր կարծիքով ոչ իրավաչափ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունների ողջ գործիքակազմին, սակայն, այնուամենայնիվ, տվյալ պարագայում ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը:

Ակամա հարցեր են առաջանում. այսուհետ նման ձևաչափը համարել ընդունելի՞: Եթե այո՛, այդ դեպքում խնդրում եմ հրապարակել դատական ակտերի ցանկ, որոնց կապակցությամբ հակված եք համացանցում հանրային քննարկումներ ծավալել»,- ասված է Խաչատրյանի տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Գլխավոր դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը՝ մերժել Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու կոչ արած անձի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս․Կ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։