կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-10 22:36
Հասարակություն

Դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման վերաբերյալ տեղեկություն տրամադրելը դուրս է ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակից․ ԲԴԽ

Դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման վերաբերյալ տեղեկություն տրամադրելը դուրս է ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակից․ ԲԴԽ

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ 

«2021 թվականի հուլիսի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ գլխավոր դատախազության կողմից, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրազեկվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով քննչական գործողություններ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մուտք գործել Բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ վճռաբեկ, ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության և Վարչական դատարանների, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքեր:

Հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը առգրավվել են «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, ինչով պայմանավորված ստեղծվել է անհաղթահարելի ուժ՝ ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարաններում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրի միջոցով իրականացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարանների նախագահների և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից 2021 թվականի հուլիսի 22-ին Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացվել է դատական գործերը «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) միջոցով բաշխելու անհնարինության մասին: Նույն օրը հրատապ հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հուլիսի 21-ից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու՝ անհաղթահարելի ուժի հետևանքով վերը նշված դատարաններում՝ գործերի բաշխման անհնարինության հարցը և կայացրել արձանագրային որոշում. Դատական դեպարտամենտին համապատասխան ցուցումներ տալու մասին: Միաժամանակ հիշյալ դատարանների նախագահներին առաջարկվել է, գործերի բաշխումը, վերաբաշխումը և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը համակարգչային ծրագրի միջոցով իրականացնելու անհնարինության դեպքում առաջնորդվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով:

2021 թվականի հուլիսի 23-ին Դատական դեպարտամենտը համապատասխան գրությամբ դիմել է Ծրագրի սպասարկումն իրականացնող «ՄԵՅՍԻՍ ԻՆՖՈՐՄԵՅՇՆ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ին՝ հիշյալ դատարանների նախագահների կողմից բաշխված դատական գործերը համարակալելու, ինչպես նաև դատական գործի էլեկտրոնային քարտի հետագա լրացման ընթացքն ապահովելու համար տեխնիկական հնարավորություն ստեղծելու խնդրանքով:

Բարձրագույն դատական խորհուրդը մտահոգ լինելով Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու հանգամանքով լիազորել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ընդունել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավարին և ճշտել հարուցված քրեական գործի շրջանակներում դատական գործերը Ծրագրի միջոցով բաշխելու անհնարինության, ինչպես նաև Ծրագիրը հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկելու հետ կապված հարցերը: Հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 27-ին Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից բանակցություններ են վարվում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ նոր համակարգչային ծրագրի կազմման և ներդրման կապակցությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 2-ի նիստում կրկին լիազորել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու հանգամանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին դիմելու և պարզաբանումներ ստանալու հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ, որի արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 6-ի գրությանն ի պատասխան դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանը տեղեկացրել է, որ հարուցված քրեական գործով նշանակված է համակարգչատեխնիկական փորձաքննություն, որի արդյունքներն դեռևս չի ստացվել:

Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ դատարաններում 2022 թվականի հունվարի 1-ից կոլեգիալ դատական կազմերի ձևավորման հարցին՝ տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ ԲԴԽ-111-Ն-32 որոշմամբ լրացում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման մեջ, որը սահմանված կարգով հրապարակված է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Դատարանների նախագահների կողմից իրականացվող գործերի բաշխման հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ Սահմանադրության 162-րդ և 173-րդ հոդվածներով սահմանված պահանջներից, ինչպես նաև Օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդին պատվիրակված լիազորությունների շրջանակներից ելնելով՝ դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակից»: