կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 22:00
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը միայն Ղարաբաղը չէ․ Արմեն Մարուքյան

Նուրի փաշայի, Էնվեր փաշայի հիշատակումը Թուրքիայի նախագահի ելույթում և Երևանը, Սևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածք հռչակելը Ադրբեջանի նախագահի ելույթում ամենևին էլ պատահական չէին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։

Նրա համոզմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ այս վերջին՝ արցախյան պատերազմի ընթացքում, պետք է որ ավելի գրգռեր մեր հարևանների ախորժակը։ Մինչդեռ այդ սպառնալիքների մասին և՛ պատմաբանները, և՛ թուրքագետները վաղուց էին զգուշացնում, մինչդեռ իերնց զգուշացումներին քաղաքական գործիչները ականջալուր չեղան՝ ասաց Մարուքյանը։

Պրոֆեսորը մեկնաբանեց՝ ինչ ուղերձ էր հղում Թուրքիայի նախագահը երկու ցեղասպանների անունները իր ելույթում նշելով։

«Գիտենք, որ, իսկապես, Նուրի փաշան այն հրամանատարն էր, որ թուրքական բանակը հասցրեց մինչև Բաքու՝ սեպտեմբերին գրավեց քաղաքը և այնուհետև տեղի ունեցավ Բաքվի հայերի սպանդը՝ 30 հազար մարդ նահատակվեց հենց Նուրի փաշայի գլխավորած ստորաբաժանումների և Կովկասյան թաթարների ստորաբաժանումների կողմից։ Այնուհետև այս նույն Նուրի փաշան 1919 և 1920 թթ Շուշիի ջարդերի ժամանակ ակտիվ ներգրավվածություն ուներ և խորհուրդներ էր տալիս Խոսրով Բեկ Սուլթանովին, որը նշանակվել էր Ղարաբաղի նահանգապետ և նրա անմիջական ղեկավարությամբ տեղի ունեցավ 1920 թ-ի մարտին Շուշիի հայերի կոտորածը։ Այս անձնավորությունը և՛ Բաքվում, և՛ Շուշիում ակտիվ մասնակցություն է ունեցել հայերի զանգվածային կոտորածներին՝ ցեղասպանությանը»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան էլ Բաքվում մասնակցել էր Արևելքի ժողովուրդների համաժողովին և պանթյուրքիստական կոչեր էր անում և խորհուրդներ էր տալիս, որ պետք է ավելի շուտ Ադրբեջանը խորհրդայնացվի, որ տարածքային ամբողջականությունը պահպանվի և կարողանան իրենց բաղձալի երազանքին՝ մեծ Թուրանի ստեղծմանը, ի վերջո, հասնել։

Մարուքյանը նշեց, որ այս երկու փաշաները ազգակցական կապ էլ ունեն։

«Եվ այսօր, որ նման ուղերձ է հղվում Ադրբեջանի մայրաքաղաքից՝ սա ուղերձ է ոչ միայն մեզ ուղղված, որ՝ հայեր, խելքներդ գլուխներդ հավաքեք, թե չէ Ցեղասպանությունը կշարունակվի, քանի որ այս ցեղասպանների հոգիները փառավորվեց այն ամնեից հետո, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի պատերազմի ընթացքում, այլ նաև ուղերձ էր Ադրբեջանին․ հասկացնել էր տրվում, որ առանց Թուրքիայի ռազմական օգնության Ադրբեջան պետություն գոյություն ունենալ չէր կարող, նաև Ռուսաստանին, նաև Իրանին, միջազգային հանրությանը, որ այս պատերազմի հետևում մենք ենք կանգնած եղել ճիշտ այնպես, ինչպես 1918 թ-ին, երբ Մուսավաթական Ադրբեջան արհեստածին պետությունը մեջտեղ եկավ, դա թուրքական սվինների ստեղծածն էր»,-ասաց Մարուքյանը։

Իլհամ Ալիևի՝ նոր տարածքային հավակնությունները, նրա խոսքով, միանգամայն այս տրամաբանության մեջ են տեղավորվում։

Ամփոփելով՝ Մարուքյանն ասաց, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը միայն Ղարաբաղը չէ, խնդիրը Սյունիքն է։ Եվ երբ տխրահռչակ փաստաթղթում ներառվել է Մեղրիով Նախիջանի հետ կապի կետը, դա էլ պատահական չէր․ «Մենք այստեղ ուղղակիորեն տեսնում ենք պանթյուրքիստական նկրտումները կյանքի կոչելու փորձեր»։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․