Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Բացի ռազմաճակատում ընթացող մարտական գործողություններից, օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը, այդ թվում` Մարտակերտ և Բերձոր քաղաքները հարակից բնակավայրերով:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան:
«Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխերում, Ջիվանիկում և հարակից գյուղերում դիվերսիոն-հետախուզական գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի, դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այս ուղղությամբ կան հստակ հաջողություններ, մասնավորապես, գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը` իր հարակից անտառներով, որոշ տեղերում բնակավայրերի հարակից անտառներում դեռ այդ չեզոքացման աշխատանքները շարունակվում են: Նույն ժամանակահատվածում հարավային ուղղությամբ գրեթե ամբողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ: Հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո զգալի կորուստներ կրելով հետ են շպրտվել, որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են և կորցնելով զրահատեխնիկան դիմել են փախուստի, փորձել պատսպարվել մոտակա ձորակներում, անտառներում: Բերձորից հարավ` կոնկրետ ուղղությունը Հակարի գետով հյուսիս, մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ հետ են մղվել էլ ավելի հարավ»:
Ըստ Հովհաննիսյանի, ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է, հիմնական մարտերն ընթանում են օջախային, չկան հստակ բնագծեր:
«Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են մեր զինված ուժերի կողմից: Սա է իրական դրությունը: Մեր հաջողությունները հաստատուն են: Պատերազմը լարված է, ծանր»,-շեշտեց նա` հավելելով, որ իրավիճակն անելանելի չէ, ինչպես ոմանց թվում է փոքր տեղային տեղեկություններից ելնելով:
ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով, հատվածներում հասցնում են կործանարար հարվածներ: Չնայած, որ որոշ տեղերում հակառակորդն ունի առաջխաղացումներ: