կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-22 12:13
Սփյուռք

«Թուրքական Ապրանքներից Ազատ Գօտի» Գլենդելի ՀՅԴ Շարժումը Համաշխարհային Ընդգրկում Է Ստացել

«Թուրքական Ապրանքներից Ազատ Գօտի» Գլենդելի ՀՅԴ Շարժումը Համաշխարհային Ընդգրկում Է Ստացել

«Թուրքական ապրանքներից ազատ գօտի» արտայայտութեամբ տարբերանշանը, որ արդէն կարելի է տեսնել Գլենդելի հայկական գրեթէ բոլոր վաճառատուններում, յուշում է, որ տուեալ վայրում չի վաճառւում Թուրքիայում արտադրուած որեւէ ապրանքատեսակ: 2019 թուականին, Գլենդելի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ահարոնեան Կոմիտէի նախաձեռնութեամբ սկսուած շարժումը, որ կրում էր «Գլենդելը դարձնենք Թուրքական ապրանքներից ազատ գօտի» անուանումը, այսօր դարձել է համաշխարհային՝ ներառելով Լոս Անջելեսից մինչեւ Ուոթըրթաուն ու Մոնթրէալ, եւ եւրոպական մի շարք քաղաքների հայկական վաճառատունները: «Թուրքական արտադրութեան իւրաքանչիւր ապրանքի դիմաց վճարուած գումարը, հնարաւորութիւն է տալիս Թուրքիային շարունակել Հայոց Ցեղասպանութեան ժխտման իր քաղաքականութիւնը, Հայաստանի շրջափակումն ու Ադրբեջանին աջակցութիւնը, եւ այժմ էլ ականատես ենք լինում, թէ ինչպէս է Թուրքիան շարունակում հային ցեղասպանելու իր քաղաքականութիւնը: Հաշուի առնելով, թէ թուրքական որքան ապրանք էր վաճառւում Գլենդելի բազմաթիւ հայկական նպարատներում, որոշեցինք կասեցնել այդ միտումն ու հանդէս եկանք թուրքական արտադրութեանը, Գլենդելում եւ Լոս Անջելեսի այլ շրջաններում Ոչ ասելու նախաձեռնութեամբ», նշում է Ահարոնեան կոմիտէի ատենապետ Պետիկ Գազանճեանը:

Գաղափարի իրականացման առաջին փուլում, շարժման նախաձեռնողները սկսել են տեղեկացման արշաւ՝ համայնքին ներկայացնելով, թէ հայկական նպարատներում ինչ թուրքական ապրանք է վաճառւում, նաեւ՝ տեղեկատուութիւն են տրամադրել այն վաճառատունների մասին, որտեղ կարելի էր գտնել թուրքական ապրանք: «Միաժամանակ, մեր կամաւորները սկսեցին այցելել վաճառատուններ եւ յորդորել տէրերին հրաժարուել թուրքական ապրանքների վաճառքից: Գլենդելում միայն երեք նպարատուն կար, որտեղ չկար թուրքական արտադրութեան որեւէ նմուշ՝ Վոսկեվազ, Կոզանեան, եւ Նովայ վաճառատուններն էին դրանք: Միւս խանութպանները մեզ ասում էին, որ վաճառում են, որովհետեւ հայ համայնքի կողմից պահանջարկ կայ, ու շարունակում էին ստանալ թուրքական արտադրութեան տարբեր տեսակի սննդամթերք»:

Ըստ Գազանճեանի, իրենց շարժման յաջողութեան հարցում բեկումնային էր Յուլիս ամիսը, երբ թուրք-ադրբեջանական ուժերը յարձակուեցին Հայաստանի վրայ, ինչը սթափեցնող ազդեցութիւն է ունենում: «Հայ համայնքի շրջանում միանգամից մթնոլորտը փոխուեց, մեր հայրենակիցները կարծես արթնացան ու իրենք սկսեցին քաջալերել մեզ՝ ուղարկելով բազմաթիւ հաղորդագրութիւններ, ու միանալով մեր սոցիալական էջերին: Համայնքը համոզուեց մեր այն խօսքում, որ Թուրքիայի նպատակը շարունակում է մնալ հայ ազգի ոչնչացումը: Սեպտեմբերի 27ին բռնկուած պատերազմից յետոյ էլ ականատես եղանք, թէ ինչպէս հայկական վաճառատուններից մեծ արագութեամբ սկսեցին անհետանալ թուրքական ապրանքները: Միաժամանակ, համայնքի անդամներն էին վէճի բռնւում այն վաճառատուններում, ովքեր դեռ շարունակում էին վաճառել թուրքական արտադրութեան որեւէ սնունդ: Հիմա հասել ենք մի կէտի, որ Գլենդելում, հայկական գրեթէ բոլոր խանութները, այդ թւում սուպերմարկետները, ինչպիսիք Ջոնզը, Սուփեր Քինկը, որ սկզբում դժուարանում էին մեր կողմից ներկայացուած փոփոխութիւնը կատարել, այլեւս վաճառքում չունեն թուրքական արտադրութեան որեւէ ապրանք», տեղեկացնում է Պետիկ Գազանճեանը: Շարժումը տեղափոխուել է նաեւ այլ քաղաքներ, նահանգներ, ու երկրներ՝ Բրբենք, Նորթ Հոլիւուդ, Բոստօն, Մոնթրէալ, եւ եւրոպական տարբեր երկրներ. «Մենք ստեղծել ենք յատուկ տարբերանշան, եւ ամէնուր, որտեղ չեն վաճառում թուրքական ապրանք՝ փակցնում ենք: Այժմ նոյնիսկ մեր անդամները չեն որոնում վաճառատուններ՝ տեղեկացնելու նախաձեռնութեան մասին, այլ դրանց ներկայացուցիչներն են մեզ դիմում, որպէսզի միանան մեզ»: Գազանճեանը նշում է, որ իրենց նպատակն է, Ամերիկայի բոլոր հայկական համայնքները դարձնել թուրքական ապրանքներից ազատ գօտի: Յաջորդ քայլով նախատեսւում է դիմել նաեւ օտար վաճառատուններին, ինչպէս օրինակ՝ «Թրեյդր Ջոզ», «Ռալֆս», «Հոլֆուդզ», «Վանզ», «Նորդսթրոմ», եւ այլ, ու յորդորել, որ Գլենդելում, որտեղ հայ համայնքը մեծ թիւ է կազմում, թուրքական ապրանք չվաճառեն: Ուրախութեամբ պէտք է նշել, որ Գլենդել քաղաքի, Գլենդել պողոտայում գործող «Ռալֆս» խանութն ի համերաշխութիւն հայ համայնքի, որոշում է կայացրել այլեւս չվաճառել Թուրքիայում արտադրուած սննդատեսակներ: Պետիկ Գազանճեանը նշեց, որ իրենց զինանոցում է նաեւ բոյկոտը բոլոր այն վաճառատունների, ովքեր կը շարունակեն վաճառել կամ ներմուծել թուրքական ապրանք: «Յորդորում ենք մեր համայնքին, որ հրաժարուեն գնել որեւէ ապրանքատեսակ, որը պատրաստուած է Թուրքիայում, վերադարձնեն գնուած ապրանքն ու վաճառատուններում տեղեկացնեն, թէ ինչու են այդպէս վարւում: Թուրքն այսօր, այս պահին իրականացնում է մեր ազգի ցեղասպանութիւնը, եւ հայերը չեն կարող օգնել, որ իրենց վճարած գումարով զէնք գնուի եւ ուղղուի մեր իսկ ժողովրդի դէմ: Ասում ենք Ո՛Չ թուրքական ապրանքներին եւ կոչ ենք անում միանալ մեր շարժմանը սոցիալական հարթակներում (Make Our Community Turkish Product Free Zone, @TurkishProductFreeZone, #TPFZ): Նա նաեւ տեղեկացրեց, որ ցաւօք, հայկական որոշ վաճառատուններ շարունակում են ընդդիմանալ, ու վաճառել մեր թշնամական երկրներում արտադրուող սննդատեսակներ: Ըստ Գազանճեանի այդ թւում են Գլենդելի Վերդուգոյ պողոտայի վրայ գտնուող «Գոլդըն Ֆարմ Մարքետը», որի դիմաց օրեր առաջ, համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բոյկոտի գործողութիւն են իրականացրել,ինչպէս նաեւ՝ Հոլիւուդում՝ «Ղարաբաղ» եւ Փասադենայում՝ «Գուդ Ֆուդ» վաճառասրահները, ինչպէս նաեւ ներմուծող ընկերութիւններ:

 

Հայկական վաճառատուններին թուրքական արտադրանքով հիմնականում ապահովում են համայնքի երկու խոշոր ներմուծող ընկերութիւններ՝ «Կարապետեան» եւ «ԳրաՃեան» ընկերութիւնները: «Ասպարէզ»ը փորձեց ճշտել, թէ արդեօք նրանք շարունակւո՞ւմ են համագործակցութիւնը թուրքական ընկերութիւնների հետ, եւ ներմուծում ապրանք: «Կարապետեան» ընկերութեան ներկայացուցիչ Իզաբել Կարապետեանը տեղեկացրեց, որ Արցախի ու Հայաստանի դէմ Թուրք-ադրբեջանական յարձակումը առիթ դարձաւ իրենց համար ամբողջովին դադարեցնել թուրքական ապրանքների ներմուծումը. «Թուրքիայից ներմուծուող ապրանքների մեր ցանկը երբեք մեծ չի եղել ոչ տեսականիով, ոչ քանակութեամբ, սակայն Սեպտեմբերի 27ից սկսուած ամբողջովին դադարեցրել ենք ներմուծումը: Նաեւ, կապւում ենք մեր գործընկեր վաճառատուններին եւ յորդորում ենք իրենց հանել մեր կողմից ներմուծուած ապրանքները: Դիմում ենք գնորդներին մեզ տեղեակ պահել, թէ որ վաճառատուններում դեռ կայ մեր կողմից ներմուծուած թուրքական ապրանք, որպէսզի կարողանանք դրանք էլ հանել: Այս ծանր պահին մեր ժողովրդի ու համայնքի կողքին ենք», նշեց Իզաբելան՝ տեղեկացնելով, որ ընկերութիւնը տարբեր սննդատեսակներ է պատուիրում եւ ներմուծում Հայաստանից, որոնք հայկական վաճառատուններում կարելի է գտնել «Թազահ» ապրանքանիշի ներքոյ: «ԳրաՃեան» ընկերութեան ներկայացուցիչները մէկ շաբաթ առաջ խոստացել են պատասխանել մեր հարցմանը, ինչը ստանալուն պէս կը ներկայացնենք:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
asbarez.com