կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-09 00:58
Քաղաքական

Ագրեսիա սանձազերծած եռյակ դաշինքին միավորում են նաև պատերազմի վարման հանցավոր մեթոդները. Արցախի ԱԳՆ

Ագրեսիա սանձազերծած եռյակ դաշինքին միավորում են նաև պատերազմի վարման հանցավոր մեթոդները. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցու վրա: Հիշեցնում ենք ադրբեջանական կողմին, որ ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված հարձակումը միջազգային պայմանագրային և սովորույթային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, իսկ ռազմական գործողությունների ժամանակ մշակութային հուշարձանների ավերումը՝ ռազմական հանցագործություն:

Պատմական, մշակութային և կրոնական օբյեկտների կանխամտածված ավերումը միջազգային ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ տխրահռչակ ձեռագիրն է: Բավական է հիշել թալիբների կողմից Բուդդայի Բամիանական արձանների ոչնչացումը, ինչպես նաև Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից Պալմիրայում հաղթական կամարի և Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավերումը:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա հարձակումը ցուցադրում է, որ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծած հանցավոր եռյակ դաշինքին՝ Ադրբեջանին, Թուրքիային և ահաբեկչական կազմակերպություններին միավորում են ոչ միայն ընդհանուր նպատակները, այլև արժեհամակարգը և ռազմական գործողությունների վարման հանցավոր մեթոդները:

Եվս մեկ անգամ նշում ենք, որ մշակութային ժառանգության պահպանումը մեծ նշանակություն ունի աշխարհի բոլոր ժողովուրդների համար, իսկ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը ողջ մարդկության մշակութային ժառանգությանն է վնաս հանդիսանում։
Մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաների ընդունումից բացի, հարցը բարձրացվել է նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի մակարդակով, որը զինված հակամարտությունների համատեքստում հատկապես ահաբեկչական խմբավորումների կողմից մշակութային ժառանգության ոչնչացման անթույլատրելիության մասին իր բանաձևում (2347) կոչ է արել բոլոր պետություններին կոլեկտիվ և համակարգված պայքար մղել նման պրակտիկայի դեմ:

Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից մարդասիրության և համամարդկային արժեքների բացահայտ ժխտման պայմաններում Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, նրա հիմնարար իրավունքների իրացման, ինչպես նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանման առավել գործուն միջոցն է»: