կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 22:20
Քաղաքական

Հնարավոր է՝ թուրքական իշխանությունները պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեն ու ձերբակալեն Կարո Փայլանին. Մելինե Անումյան

Հնարավոր է՝ թուրքական իշխանությունները պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեն ու ձերբակալեն Կարո Փայլանին. Մելինե Անումյան

365news.am-ի զրուցակիցն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի թուրքերեն բաժնի պատասխանատու Մելինե Անումյանը

– Ինչպիսի՞ տրամադրություններ կան Թուրքիայում հասարակության շրջանում, արդյո՞ք հակահայկական ցույցեր կազմակերպվում են:

– Թուրքիայում այսօր, բնականաբար, ընդգծված հակահայկական մթնոլորտ է տիրում, որի համար հավասարապես պատասխանատու են թե՛ զանգվածային լրատվամիջոցները, և թե՛ թուրքական իշխանությունները։ Թուրքական մամուլը միշտ է աչքի ընկել հայության հանդեպ ատելության խոսք պարունակող հրապարակումներով։ Ուշագրավ է, որ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից 2019 թ․ իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնի դարձավ, որ անցյալ տարի ևս թուրքական ԶԼՄ-ներում ամենաշատ ատելության խոսքերը կիրառվել են հայերի վերաբերյալ։

Ընդգծենք, որ խոսքն անցյալ տարվա մասին է, իսկ հիմա թուրքական մեդիան ավելի մեծ ատելության չափաբաժին է օգտագործում հայության նկատմամբ։ Վերջերս խնդրին անդրադարձել էր «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը, ով իրավամբ շեշտում էր, որ անգամ քրդական հարցի հանդեպ ավելի դրական տրամադրված մամլո օրգաններն անմիջապես փոխում են բառապաշարը, երբ խոսքը վերաբերում է հայերին։

Այս ամենի հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի վրա իրականացված հարձակման հենց առաջին օրերին Թուրքիայում, հատկապես Ստամբուլում սկսվեցին հակահայկական ակցիաներ։ Առաջինը տեղի ունեցավ Ադրբեջանի հարձակման հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Գում Գափուում, որտեղ գտնվում է Կ․Պոլսո Հայոց պատրիարքարանը, հետագա օրերին նմանատիպ ակցիաներ կազմակերպվեցին Ստամբուլի այլ հայաշատ շրջաններում, հիմնականում խորհրդանշական վայրերում, ինչպիսին է, օրինակ, Հրանտ Դինքի սպանության վայրը։

Ցավոք, այդ ակցիաների աշխարհագրությունը հետզհետե ընդլայնվում է՝ ընդգրկելով նաև Արևմտյան Հայաստանի քաղաքները, որտեղ ապրում են Ցեղասպանությունից մազապուրծ և իրենց արմատներին վերադառնալ փորձող հայեր։ Այսպես, օրինակ, Դիարբեքիրի պատմական պարիսպների վրա այսօր առավոտյան կախվել են թուրքական և ադրբեջանական դրոշներ։ Ի դեպ, Դիարբեքիրը բոլորովին էլ պատահական չէ ընտրված․ ինչպես հայտնի է՝ հենց այստեղ էր սկսել ձևավորվել հայկական համայնք՝ շնորհիվ 2011 թ․ վերաբացված Սուրբ Կիրակոս եկեղեցու և այլ հանգամանքների: Այս բոլոր ակցիաների նպատակը, իհարկե, Թուրքիայի հայերին ահաբեկելն է։

– Թուրքական իրավապահ մարմինները կամ իշխանությունները ձեռնարկո՞ւմ են որևէ քայլ՝ հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար:

– Թուրք որոշ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով, թե իրենց հակահայկական դիրքորոշումը բոլորովին ուղղված չէ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայերի դեմ։ Բայց և այնպես, նման հայտարարությունները ոչ մի արժեք չունեն այս պարագայում, երբ ամբողջ թուրքական մամուլը ողողված է հակահայկական ստահոդ լուրերով, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են բացահայտ կերպով աջակցություն հայտնել Ադրբեջանին՝ այդ կերպ թիրախավորելով նաև արևմտահայությանը։

Նաև այն փաստը, որ հակահայկական ակցիաները չեն արգելվում, արդեն իսկ բացահայտում են, որ թուրքական իրավապահ մարմինները ոչ միայն դեմ չեն այդ գործողություններին, այլ հակառակը, լիովին աջակցում են դրանց։ Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ այսօր Դիարբեքիրի պատմական պարիսպներից կախված թուրքական և ադրբեջանական դրոշները տեղադրվել են տեղական իշխանությունների գիտությամբ և թույլտվությամբ։

– Այս պահին վտանգվա՞ծ է արդյոք Թուրքիայում հայ համայնքը, և Թուրքիայի իշխանությանը ձեռնտո՞ւ են տեղի հայերի նկատմամբ հնարավոր հարձակումները:

– Կարծում եմ, որ Թուրքիայում, ցավոք, միշտ է վտանգված հայերի կյանքը։ Սակայն ներկայում՝ այս շիկացած մթնոլորտում, արևմտահայերը շատ ավելի մեծ վտանգի տակ են գտնվում։ Դժբախտաբար մեծ է հավանականությունը, որ թուրքական իշխանությունների թողտվությամբ և անգամ հրահրմամբ շուտով կարող են նույնիսկ գրանցվել հայերի դեմ հարձակումների և բռնության արարքների դեպքեր։ Արևմտահայերն այսօր, Հրանտ Դինքի դիպուկ խոսքով, դարձյալ ապրում են «աղավնու վախով»: Հավանական է նաև, որ, օգտվելով իրավիճակից, թուրքական իշխանությունները պատգամավորական անձեռմխելիությունից զրկեն ու ձերբակալեն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, ով համարձակվում է քննադատել Թուրքիային՝ այս պատերազմում Ադրբեջանին անթաքույց աջակցելու համար։ Փայլանի դեմ ուժգին ատելության արշավ է սկսել, որը հիշեցնում է Հրանտ Դինքի դեմ ուղղված ակցիաները։  

Զրուցեց Հայկա Ալոյանը