Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։ Կալանավորվեց այն նույն Մնացական Մարտիոսյանի վճռով, որը տարբեր պատժաչափերով ազատազրկումներ էր սահմանել Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, ժամանակի այլ ընդդիմադիրների համար։
Նիկոլ Փաշինյանն ու ընկերները տասմանյակներ շարունակ հայտարարել են, որ Հայաստանի դատական համակարգը «հանցավոր է ու կոռպումպացված», «կատարում է իշխանության հրահանգները» և այլն։ Մնացական Մարտիրոսյանն այդ համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչն է։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, գիտակցված կամ ոչ, օգտվելով Մնացական Մարտիրոսյանի ծառայություններից, լեգիտիմացնում է նրա իսկ կողմից նախկինում կայացված բոլոր վճիռները, այդ թվում՝ իրեն ու իր ընկերներին ազատազրկելու որոշումները։
Այսինքն՝ նրա համար Գագիկ Ծառուկյանին անազատության մեջ տեսնելն այնքան բաղձալի երազանք է, որ պատրաստ է հանուն դրա ուրանալ իր անցյալը, ընդ որում` ոչ միայն Մնացական Մարտիրոսյանի հարցում։
Իրականում, ողջ խայտառակությամբ հանդերձ, որևէ զարմանալի բան տեղի չի ունեցել։
Նիկոլ Փաշինյանը հերթական ու, վստահաբար, ոչ վերջին անգամ ապացուցել է, որ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դնում։ Իսկ դա վտանագավոր, չափազանց վտանգավոր հատկանիշ է պետության ղեկավարի պարագայում, քանի որ եթե նա ներքին կյանքում առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցները» մտայնությամբ, որևէ մեկը չի կարող բացառել, որ նույն այդ մտայնությամբ նա կարող է գործել նաև արտաքին դաշտում։
Եթե նպատակին հասնելու համար նա պատրաստ է համագործակցել անգամ սատանայի հետ, իսկ Մնացական Մարտիրոսյանն այդ իմաստով միանգամայն համապատասխանում է սատանայի կարգավիճակին, ապա ի՞նչը կարող է հետ պահել Նիկոլ Փաշինյանին համագործակցել նաև արտաքին ծագում ունեցող սատանաների հետ։ Ոչինչ, թերևս։
Ընդ որում, եթե Փաշինյան–Մնացականյան համագործակցության հիմքում ընկած է իշխանության պահպանությունը, քանի որ Ծառուկյանից նա իրական վտանգ էր զգում սեփական իշխանության համար, ապա նույն այդ նպատակը՝ իշխանության պահպանումը, կարող է Նիկոլ Փաշինյանի համար արդարացնել նաև արտաքին սատանաների հետ համագործակցությունը։
Սատանան, ինչպես փողը, ազգային պատկանելություն չունի։
Արսեն Խառատյանը կարող է լավագույնս հաստատել դա։
Հարություն Ավետիսյան
Հ․Գ․ Եթե անգամ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը որևէ այլ քաղաքական հետևանք չունենա, միայն այս բացահայտումը՝ նպատակին հասնելու համար անգամ սատանայի հետ համագործակցության` Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության բացահայտումը, արդեն իսկ լուրջ քաղաքական արդյունք է։ Սա, թերևս, առաջին բացահայտումն է, որ Գագիկ Ծառուկյանն արել է ԱԱԾ մուտք գործելիս։
Առաջիկա ամիսներին այդ բացահայտումների թիվը վստահաբար ավելանալու է։