կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 09:07
Առանց Կատեգորիա

ԱԱԾ-ի բացահայտումը. ոստիկանապետն ու նրա տեղակալը կալանավորվել են. «Ժողովուրդ»

ԱԱԾ-ի բացահայտումը. ոստիկանապետն ու նրա տեղակալը կալանավորվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժնի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը, բաժնի օպերլիազորը եւ եւս մեկ անձ կալանավորվել են:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցները մուտք էին գործել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ քննչական գործողություններ էին կատարել: Գործն այն աստիճան լուրջ էր, որ քննության ընթացքում ԱԱԾ-ն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թուլյ չէր տվել դուրս գալ անգամ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանին, նրա տեղակալ Արայիկ Ղազարյանին: Ավելի ուշ ԱԱԾ-ի եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաեւ հետաքննիչը տեղափոխվել էին Ազգային անվտանգության ծառայություն:

Իսկ ի՞նչն էր այդ հատուկ օպերացիայի պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի գործողություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Դավիթաշենի բաժնի աշխատակիցները վերջերս մի անձի են բերման ենթարկում` գողություն կատարելու կասկածանքով: Եվ ահա իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ենթադրյալ գողություն կատարած անձը ոստիկաններին պատմում է, որ գողությունը ինքն է կատարել, անգամ տանում է, ցույց է տալիս դեպքի վայրը եւ պատմում դեպքի մանրամասները, թե ինչը որտեղից է վերցրել: Ասել է թե` տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ահա այստեղից էլ առաջացել է Դավիթաշենի ոստիկանապետին կալանավորելու անհրաժեշտությունը:

Բանն այն է, որ Դավիթաշենի ոստիկանության կողմից բացահայտված եւ վերադասին զեկուցված ենթադրյալ գողության դեպքը սարքած գործ է եւ գողություն կատարողը սուտ ցուցմունք է տվել ու ոստիկաաններն էլ կասկածելի հանգամանքներում այն հալած յուղի պես ընդունել են: ՀՀ ԱԱԾ-ն էլ գաղտնալսումների միջոցով կարողացել է իրականությունը ջրի երես հանել եւ զինված փաստերով ապրիլի 9-ին մտել է ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նշված օրը` Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքում խուզարկություն կատարելու ժամանակ պահարաններից մեկի միջից ԱԱԾ-ն հայտնաբերել է հաշիշ տեսակի թմրանյութ: Թե ինչ ծագում ունի այս թմրանյութը, ինչ հանգամանքներում է հայտնվել ոստիկանության շենքում` ոչնչանալու կամ հատուկ պահման վայրում լինելու փոխարեն, դեռ քննությունը կպարզի:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ենթադրյալ գողը, որի համար այսօր ընդհուպ մինչեւ ոստիկապետ կա կալանավորված, նախկինում դատապարտված է եղել: Արդյոք նա հավաքագրված է եղել ԱԱԾ-ի կողմից նախապես, թե հետո է ԱԱԾ-ն հետքի վրա ընկել, դժվար է ասել, բայց փաստ է, որ մեր երկրում տեղի է ունեցել բացառիկ բան. ուժային մի կառույցը կալանավորել է մեկ այլ կառույցի ոչ շարքային աշխատակիցների:

Ավելին, մեզ հասած տեղեությունների համաձայն, ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել այդ առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով ՝պաշտոնական լիազորությունների չարաշահում:

Վերը նկարագրված տեղեկությունների իսկությունը պարզելու համար «Ժողովուրդ օրաթերթը» դիմեց ԱԱԾ լրատվական բաժնին, որտեղից միայն հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ եւ այլ տեղեկություններ հայտնել չեն կարող»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։