կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 17:08
Արցախ

ԼՂՀ հռչակագրի ընդունումը պայքարի նոր հանգրվանի է մոտեցրել

ԼՂՀ հռչակագրի ընդունումը պայքարի նոր հանգրվանի է մոտեցրել

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության օրվա առթիվ, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի նախագահ Արթուր Մոսիյանը, ԿԿ-ի անդամներ և դաշնակցական երիտասարդներ: Նրանք ծաղիկներ են խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել։

ԼՂՀ հռչակագրի ընդունումն ազգային-ազատագրական պայքարի նոր հանգրվանի է մոտեցրել: Արժևորելով օրվա խորհուրդը՝ «Ապառաժ-ի հետ զրույցում, ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

«Անկախությունը բացարձակ արժեքներից է, որին հասնելու համար՝ ոչ միայն սերունդերի պայքարի, անդառնալի կորուստների ճանապարհով ենք անցել, այլ նաև ազգային ազատագրական պայքարի հարատևության գաղափարով ենք նվաճելով մեր անկախությունը: Պատահական չէ, որ ռազմական գործողություններին զուգընթաց մենք կարողացանք նաև պետականաշինության գործընթացը լիարժեքորեն ճիշտ ճանապարհով տանել: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան վտանգի տակ էր դրել ոչ միայն անկախության մեր ընթացքն ու ինքնորոշման իրավունքը, այլ նաև մեր լինելիությունը: Այդ իսկ պատճառով, մենք պետք է ճիշտ հասկանանք ու ընկալենք Անկախության խորհուրդը՝ որպես խորհրդանիշ այն ճիշտ ներկայացնելով ու ավանդելով սերունդներին: Անկախության կերտման գործում մեզանից յուրաքանչյուրն ունի իր ներդրումը, բայց չպիտի բավարարվենք այդքանով: Մենք պետք է գիտակցենք, որ դեռևս կիսատ գործ ունենք, և որ ճանապարհի մի հատվածն ենք անցել , իսկ վերջնակետին հասնելու համար դեռևս մեծ անելիքներ ունենք»,- իր խոսքում նշել է Դ. Իշխանյանը:

Վերհիշենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։

1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։