կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-28 20:11
Հասարակություն

Պատմության մեջ առաջին անգամն է, երբ Հայաստանի ազգային հերոս զինվորականն իր շքանշանը ստանալու է անձամբ. վարչապետ

Պատմության մեջ առաջին անգամն է, երբ Հայաստանի ազգային հերոս զինվորականն իր շքանշանը ստանալու է անձամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի անդամները, ՀՀ կառավարության անդամները, պետական այրեր, գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ:

Մինչ պետական բարձր պարգևները ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին հանձնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Վեհափառ Տեր,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,

Կառավարության հարգելի անդամներ, պետական այրեր,

Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ,

Սիրելի հայրենակիցներ,
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, որն օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի խորհրդանիշն է, այսօր հավաքվել ենք բացառիկ առիթով:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Զինված ուժերի միանգամից 55 գործող զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 16 զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Իրադարձությունը բացառիկ է նրանով, որ պարգեւատրվողներից 24-ը այստեղ ներկա են, եւ շքանշանները անձամբ նրանց հանձնելու պատիվն եմ վայելելու, իսկ մյուս պարգեւատրվածները անձամբ ներկա չեն հետեւյալ պատճառով. նրանք այս պահին էլ իրականացնում են Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց ծառայությունը:

Բայց այս բացառիկ իրավիճակի կարեւորագույն դրվագը դեռ առջեւում է: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Զինված ուժերի գործող զինծառայողն արժանանում է Հայաստանի Ազգային հերոսի կոչման:

Քիչ անց այստեղ՝ մեր ժողովրդի հաղթական գոյապայքարը խորհրդանշող այս վայրում, Ազգային հերոսի կոչումը հավաստող «Հայրենիքի» շքանշանը կհանձնեմ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին, իսկ վաղը նա սովորականի նման ծառայությունը կշարունակի իր զորամասում:

Հենց սրանում է այսօրվա իրադարձության ամենակարեւոր առանձնահատկությունը: Մեր պատմության՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիրների մեծ մասը պարգեւատրվել է հետմահու, ազատամարտի, Զինված ուժերի հետ առնչություն ունեցող մեր բոլոր ազգային հերոսները պարգեւատրվել են հետմահու, եւ պատմության մեջ առաջին անգամն է, երբ Հայաստանի ազգային հերոս զինվորականը, սպան իր շքանշանը ստանալու է անձամբ:

Եւ ուրեմն՝ ինչի՞ մասին է այս իրադարձությունը: Այս իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ մեր ազատամարտի հերոսների՝ Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, Յուրա Պողոսյանի, Վազգեն Սարգսյանի գործը կենդանի է: Այն ոչ միայն պատմություն է, այլեւ այսօրվա եւ վաղվա չընդհատվող իրադարձություն՝ կոնկրետ գործող անձանցով, օրով, ժամով, տեղով:

Այսօրվա մեր պարգեւատրվածները եւ այսօրվա մեր ազգային հերոսը մեր լեգենդար հերոսների մարմնացումն են, նրանց ֆիզիկական ներկայությունը մեր այսօրվա կյանքում, մեր այսօրվա հոգեբանության ու մտածողության արտացոլումը, երբ մենք մեր երեխաներին, մեր երիտասարդությանը կարող ենք ապացուցել, ի ցույց դնել, որ հերոսները լինում են ոչ միայն գրքերում, այլեւ հենց այստեղ են, մեր կողքին:

Նրանք ապրում են մեզ հետ՝ նույն շենքում, նույն քաղաքում, նույն գյուղում, նրանք ունեն նույնպիսի դժվարություններ ու հոգսեր, ինչպես բոլորը, բայց նրանք հերոսացել են, ուրեմն՝ մենք էլ կարող ենք, մեզնից յուրաքանչյուրը կարող է, եւ մեր պարտքն է հերոսանալ ամեն օր եւ ամենուր, յուրաքանչյուրս մեր աշխատանքի մեջ, մեր ամենօրյա պահվածքի մեջ, հայրենիքի մասին մտածելու եւ հանուն հայրենիքի գործելու մեր գործելակերպի մեջ, որովհետեւ այսօրվա պարգեւատրվողների օրինակով ահա, հերոսությունը այլեւս ոչ թե գերմարդկային ճիգ է, այլ ամենօրյա աշխատանÖ „, ամենօրյա ապրելակերպ, ամենօրյա պատասխանատվություն:

Հարգելի ներկաներ,

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա մեր բոլոր պարգեւատրվողները Տավուշի մարզում տեղի ունեցած հուլիսյան հաղթական մարտերի ակտիվ մասնակիցներ են, հուլիսյան հաղթանակի կերտողներ: Աշխարհագրական կամ նույնիսկ ռազմական առումով տեղային այդ մարտերը հոգեբանական, քաղաքական, աշխարհքաղաքական չափազանց մեծ նշանակություն ունեցան, կարեւոր արդյունքներ գրանցեցին, եւ առիթը պատեհ է, որ մենք արձանագրենք, թե որոնք են հուլիսյան հաղթական մարտերի արդյունքները Հայաստանի համար:

Արդյունք առաջին – Արդեն երկար տարիներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զարգացնում էր այն թեզը, թե Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմ չսկսելն արդեն իսկ Բաքվի կողմից արվող չափազանց մեծ զիջում է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլեւ միջազգային հանրությանը, որովհետեւ ըստ նրանց կառուցած տրամաբանության՝ վերջին տարիներին Ադրբեջանի բանակը հասել էր մարտունակության այնպիսի մակարդակի, որ ի վիճակի է շատ արագ, ընդհուպ 24 ժամում լուծել Ղարաբաղի հարցը:

Սրա հիման վրա երկար տարիներ ձեւավորվում եւ մատուցվում էր մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա: Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, եւ Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ:

Արդյունք երկրորդ – Մեր կառավարությունն արդեն ավելի քան երկու տարի միջազգային հանրության եւ Ադրբեջանի ղեկավարության հետ շփումներում, ինչպես նաեւ հրապարակային հայտարարություններում ընդգծել է Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայնությունը: Մենք հստակ ասել ենք, որ որեւէ մեկին թույլ չենք տա նման տոնայնությամբ կամ ակնարկներով խոսել մեզ հետ, եւ այդպես վարվելու փորձ անողները դառնորեն կզղջան:

Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի եւ ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են եւ ճշգրիտ:

Արդյունք երրորդ – Արդեն երկուսուկես տարի Հայոց բանակում տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ: Տվյալ դեպքում խոսում եմ ոչ միայն բոլորին տեսանելի ու լայնորեն քննարկվող, այլեւ ոչ հրապարակային, լուռ ընթացակարգերով տեղի ունեցող բարեփոխումների մասին, որոնք վերաբերում են ռազմավարական եւ մարտավարական բովանդակությանը:

Այդ բարեփոխումները հուլիսյան հաղթական մարտերում միանշանակ եւ աներկբա ի ցույց դրեցին իրենց կենսունակությունն ու արդարացվածությունը: Այսօր ըստ էության ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է առանց հյուծող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելեկտուալ աշխատանքով, մարտավարական եւ ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն:

Շատերը գուցե չգիտեն, գուցե ուշադրություն չեն դարձրել, բայց հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում արձանագրվել է բացառիկ մի իրավիճակ, երբ մարտական գործողությունների ընթացքում սահմանապահ մարտական դիրքերում մենք ոչ մի զոհ չենք ունեցել, ունեցել ենք միայն մեկ թեթեւ վիրավոր՝ այն դեպքում, երբ այժմ արդեն հանրահռչակ «Անվախ» դիրքը եւ հարակից բոլոր դիրքերը եղել են ամենածանր հրետակոծությունների, հատուկ պատրաստությամբ հատուկջոկատայինների զանգվածային հարձակումների թիրախում: Սա նշանակում է, որ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ:

Արդյունք չորրորդ – Արդեն երկար ժամանակ մենք խոսում ենք Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին եւ այս ոլորտը հայտարարել ենք առաջնահերթություն: Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը եւ ապացուցեցին, որ մենք ունենք տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր պատվավոր եւ կայուն տեղն արձանագրելու հնարավորություն:

Հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի: Սա բոլորին հայտնի տեղեկատվություն է, բայց քչերը գիտեն, որ այդ զինատեսակները խոցվել են հայկական արտադրության եւ Հայաստանում արդիականացում անցած զինատեսակների փոխգործակցության արդյունքում: Ընդ որում՝ Հայաստանում արտադրված եւ արդիականացված զինատեսակների հարաբերակցությունը 70/30 է՝ հօգուտ Հայաստանում արտադրվածների:

Արդյունք հինգերորդ - Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը: Բայց այդ ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, մի կողմից, հստակեցրեցին ոչ միայն մեզ, այլև ողջ տարածաշրջանին ուղղված սպառնալիքների շրջանակը, մյուս կողմից՝ ամրապնդեցին մեր վստահությունը մեր ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների նկատմամբ, ինչն առավել մեծացնում է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության երաշխավորի դերն արդյունավետ կատարելու Հայաստանի հնարավորությունը, ինչի մասին խոսել եմ հունիսի 19-ին Երեւանում տեղի ունեցած՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:

Հարգելի ներկաներ,

Սիրելի հայրենակիցներ,

Հուլիսյան հաղթական մարտերով մենք թեւակոխել ենք պատմական մի նոր շրջափուլ, որտեղ Հայաստանի ռազմաքաղաքական, տարածաշրջանային կշիռն ու նշանակությունը մեծացել են, բայց մեծացել են նաեւ մարտահրավերները եւ պատասխանատվությունը: Այդ պատասխանատվությունը մեզնից պահանջում է գերմարդկային ճիգեր եւ նվիրում: Բայց, ինչպես արդեն ասացի, այսօրվա այս հանդիսավոր արարողությունն այն մասին է, որ գերմարդկայինը մեզ համար այլեւս մարդկային է, առօրեական, աշխատանքային, եւ մեր այսօրվա պարգեւատրվողները դրա վառ ապացույցն են, դրա օրինակը եւ առհավատչյան: Ու մենք կհաղթենք:


Եւ ուրեմն,

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ Հայոց բանակը,

Եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք Ազատ, Հաղթական եւ Երջանիկ Հայաստանում:

Շնորհակալ եմ»:

ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Պարգևները հանձնել է Նիկոլ Փաշինյանը. ՀՀ ԶՈՒ 25 զինծառայողներ, այդ թվում՝ Ազգային հերոսի կոչման արժանացած կապիտան Ռուբեն Սանամյանը անձամբ են ստացել շքանշանները վարչապետից, մնացած պարգևատրված զինծառայողներին շքանշանները կփոխանցվեն: Նրանք անձամբ չեն մասնակցել արարողությանը՝ զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված: