Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունը դեռևս մեղմացումներ չի նախատեսում Զինված ուժերում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի հետ կապված: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
«Այս փուլում Զինված ուժերում և այնտեղ հայտարարված կարանտինի հետ կապված փոփոխություններ չեն սպասվում, բայց դրական դինամիկայի պահպանման պարագայում, այստեղ նույնպես որոշակի մեղմացումներ հնարավոր կլինի իրականացնել»,- ասել է Ավինյանը:
Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշում է ընդունել՝ երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Այս անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մի շարք մեղմացումներով: Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է: Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սական որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ առնվազն 1,5 մետր:
Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:
Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումներ կիառելու հնարավորությունը, վարակակիրների հայտաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավելի քան 14 օրյա ժամկետի կտրվածքով: Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ:
Վերջին 24 ժամում արվել է 1710 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 179032 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 806 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 234 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։