կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 19:34
Մշակույթ

Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը. ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը. ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երևանում: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

1970 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1981 թվականին Գ. Արեշյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է հնագիտական հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987 թվականը: 1987-1991թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը:

Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլորտում, հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայ-ամերիկյան գիտական կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում: Անկախության առաջին տարիներին Գ. Արեշյանը ներգրավվել է նաև երկրի կառավարման գործում՝ 1991-1992թթ. զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը, Նա ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով՝ 12 երկրներում:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր վշտակցությունն է հայտնել Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ՝ մասնավորապես նշելով. «Ցավում եմ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ: Հնագիտության ոլորտը մեծ կորուստ ունեցավ՝ ի դեմս աշխարհահռչակ հնագետի և գիտնականի: Լիահույս եմ, որ նրա թողած ժառանգությունը նորովի կգնահատվի և կշարունակվի սերունդների կողմից»:

Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում: