Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրթությունն այն ոլորտն է, որտեղ պետք է պարբերաբար բարեփոխումներ արվեն, և դրանում որևէ մեկը չի կասկածում, նախընթաց տարիներին արված բոլոր բարեփոխումներն այդ տրամաբանությունից են բխել: Աշխարհը զարգանում է, կրթական հաակարգում ևս փոփոխություններ են լինում, շատ բաներ վերանայվում ու փոխվում են, և մենք էլ չպետք է այդ գործընթացներից դուրս մնանք՝ միաժամանակ հստակեցնելով, թե զարգացման որ ուղին ենք նախընտրում և մեր սերունդների, ժողովրդի համար ինչ ապագա ենք կանխորոշում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կրթության և գիտության հանձնախմբի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը՝ մեկնաբանելով կառավարության կողմից գրեթե մեկ ամիս առաջ շրջանառության մեջ դրված հանրակրթական պետական չափորոշիչների փոփոխությունների մասին որոշման նախագծի վերաբերյալ մասնագիտական և հանրային դժգոհություններն ու մտահոգությունները:
Նրա ներկայացմամբ՝ կրթության չափորոշիչներից բացի նաև կրթության ռազմավարությամբ է որոշվում, թե պետությունը ինչ նպատակներ է հետապնդում ապագա սերունդներին դաստիարակելու և տվյալ պետության քաղաքացիներ կերտելու հարցում, գաղափարախոսական ինչ հենքով է քաղաքացիներ ձևավորելու, ինչ աշխարհայացքով քաղաքացիներ է կրթելու և դաստիարակելու: Եվ, դատելով ներկայացված փաստաթղթի բովանդակությունից, կրթության ոլորտում նախաձեռնված ծրագրերն ամենևին չեն նպաստելու մեր ազգի, պետության համար անհրաժեշտ ռազմավարության մշակմանն ու իրականացմանը:
Մյուս կողմից կառավարությունը չի ներկայացրել, թե կրթության ոլորտում ի՞նչ ռազմավարություն է իրականացնելու՝ շրջանցելով կրթության ռազմավարության փաստաթղթի անհրաժեշտության մասին օրենքի պահանջը: Իսկ քանի դեռ չկա այդ ռազմավարությունը, հանրակրթական պետական չափորոշիչներ հնարավոր չէ մշակել, դրանք պետք է ձևավորվեն մշակված ռազմավարության հիման վրա, իսկ այդ չափորոշիչներն էլ իրենց հերթին հիմք են առարկայական չափորոշիչների մշակման համար: Այս դեպքում փաստորեն փաստաթղթերն ամբողջական չեն և խախտվել է դրանց ներկայացման հերթականության կարգը: Խաչատուր Ստեփանյանի տեղեկացմամբ՝ դեռևս 2018 թ. գարնանը նախկին կառավարությունը պատրաստել էր կրթության ռազմավարության փաստաթուղթ, որը պետք է հաստատվեր ամռանը: Սակայն երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից հետո փաստաթուղթը դուրս բերվեց շրջանառությունից, իսկ նորն էլ չստեղծվեց:
Խախտվել է նաև մեկ այլ օրինաչափություն: Ըստ բանախոսի՝ առարկայական չափորոշիչները պետք է կազմվեին ու հանրությանը ներկայացվեին հանրակրթական պետական չափորոշիչները հաստատվելուց հետո միայն: Մինչդեռ թեև առաջին փաստաթուղթը դեռ քննարկման է դրված, չի հաստատվել, դրա հետ կապված բազմաթիվ մտահոգություններ են առկա ու այն վերանայելու պահանջ կա՝ այդ թվում մասնագետների կողմից, կառավարությունը նաև երկրորդ փաստաթուղթն է միաժամանակ քննարկման դրել՝ առանձին առարկայական չափորոշիչների վերաբերյալ:
«Եթե մի բանը չի հաստատվել, ինչո՞ւ են դրանից բխող այլ փաստաթուղթ քննարկման ներկայացնում: Կարելի է հետևություն անել, որ իրենք վստահ են՝ ներկայացված չափորոշիչները հաստատվելու են գրեթե նույնությամբ, և ժամանակ չկորցնելու համար երկրորդ փաստաթուղթն են շրջանառության մեջ դրել: Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են հանրային քննարկումները. եթե հանրային քննարկումների արդյունքում ներկայացված չափորոշիչները կարող են չհաստատվել, ուրեմն ինչու՞ ենք գումար և ժամանակ ծախսել դեռևս չհաստատված չափորոշիչներին համապատասխան առանձին առարկայական հայեցակարգեր ստեղծելու համար: Սա վկայում է, որ մի բան ի սկզբանե որոշվել է և պարտադրվելու է, ինչը հարիր չէ ժողովրդավարական երկրներին, որտեղ նման փաստաթղթերը հանրային լայն քննարկումներից հետո նոր պետք է ընդունվեն: Ավելին՝ դրանք կազմելուց առաջ ևս պետք է հանրային լայն քննակումներ նախաձեռնվեին»,- ասաց պատմաբանը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ ներկայացված բարեփոխման հայեցակարգը այլ երկրների փորձի հիման վրա ձևավորված, այլ երկրներից մեզ պարտադրված փաստաթղթերի տեղայնացման անհաջող փորձի հետևանք է: Դիտարկմանը, որ չափորոշիչները մշակող փորձագիտական հանձնախմբի անդամների ներկայացմամբ՝ այդ հայեցակարգերը, չափորոշիչները ամերիկյան և սինգապուրյան մոդելներն են, Խաչատուր Ստեփանյանը մտահոգություն հայտնեց, որ իրականում հանրակրթության ոլորտում մեզ պարտադրվող գործընթացները թուրքական սցենարով են իրականացվում. «Ես դրանցում ոչ ամերիկյան և ոչ էլ սինգապուրյան մոդել եմ տեսնում. Yerkir.am կայքում հրատարակված հոդվածի համաձայն՝ մասնավորապես պատմական առարկաների չափորոշիչները մշակող փորձագիտական հանձնախմբի ղեկավարը երկար տարիներ սերտ համագործակցել է թուրքական պատմագիտական տարբեր կազմակերպությունների հետ, և հավանաբար քննարկել են մեր դպրոցական դասագրքերում թշնամու կերպարի վերանայման հարցը: Իսկ դա նշանակում է որ հայոց պատմության և այլ առարկաների դասագրքերում կվերաձևակերպվի «թուրքը մեր թշնամին է» արտահայտությունը: Սա շատ հեռուն գնացող նպատակ է հետապնդում և կործանարար է մեզ համար, սրա դեմը հարկավոր է առնել»:
Փաստորեն, թուրքական ակադեմիական շրջանակներից մեզ արված կամ գուցե պարտադրված առաջարկների հիմա վրա պետք է հայկական դպրոցներում հայեցակարգ փոխվի. մեր զրուցակիցը սա բավարար հիմք է համարում, որպեսզի ներկայացված չափորոշիչների շուրջ անգամ բովանդակային քննարկում չկազմակերպվի:
Նրա համար անհասկանալի է, թե ինչպե՞ս են թուրքական ֆինասավորմամբ հայ-թուրքական համատեղ սեմինարների և այլ միջոցառումների մասնակցած մասնագետներն ընդգրկվել հանրակրթական և առարկայական չափորոշիչները մշակող հանձնախմբում՝ հատկապես հայագիտական առարկաների չափորոշիչների վերանայման հանձնառությամբ:
Անդրադառնալով հանրակրթական պետական չափորոշիչներին՝ Խաչատուր Ստեփանյանը խնդրահարույց համարեց մինչև հինգերորդ դասարան աշակերտների գնահատման համակարգի չեղարկումը, իսկ հինգերորդ դասարանից սկսած անբավարար գնահատականի վերացումը: Այդ փոփոխությունն, ըստ նրա, հակասում է հանրակրթության մասին օրենքին, որի համաձայն՝ հաջորդ դասարան տեղափոխվելու համար աշակերտը պետք է բավարար գիտելիքներ ունենա բոլոր առարկաներից: Սա, նրա համոզմամբ, հասարակության շերտերում անգրագիտության մակարդակը բարձրացնելու հեռահար միտում ունի:
«Անգրագետ սերունդներ դաստիարակելը վերջնանպատակը չէ: Պատերազմող երկրում ռազմագիտության առարկան դպրոցական ծրագրերից հանելը մեկ այլ դավադիր ծրագիր է: Մինչ հակառակորդը զինում է իր քաղաքացիներին, զորացնում իր բանակը, մենք բարձր դասարաններում առարկայացանկից հանում ենք ռազմագիտությունը»,- փաստեց բանախոսը:
Հաջորդ թիրախը մեր հավատքն է. Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկան ևս դպրոցական ծրագրերից դուրս է բերվել՝ չնայած կառավարության հավաստիացումներին, թե այն ներառվել է հայոց պատմության առարկայի մեջ. «Այդ առարկայի գոնե կեսը չի ընդգրկվել պատմության դասագրքում՝ դատելով առարկայական չափորոշիչներից և հայոց պատմության համար նախատեսված դասաժամերից»:
Խաչատուր Ստեփանյանը պատահական չի համարում, որ մեր գիտնականների, մասնագետների ու փորձագետների հիմնական մասը միակարծիք է ներկայացված հանրակրթական և առարկայական չափորոշիչների հարցում՝ խոտանելով դրանք և պահանջելով ամբողջությամբ չեղարկել, այլ ոչ թե վերախմբագրել, վերանայել: Նման համախմբում կա նաև ուսուցիչների շրջանոմ: Պատմաբանը պատմության ուսուցիչների հետ հեռավար հանդիպում է կազմակերպել և հետաքրքրվել, թե նրանք ինչ կարծիք ունեն նեկայացված չափորոշիչների վերաբերյալ: Ըստ նրա՝ միայն երկու ուսուցիչ է գոհունակությամբ խոսել, մյուսները բազմաթիվ առարկություններ են ներկայացրել՝ կապված չափորոշիչների թե բովանդակության, թե արժեհամակարգի, թե շարադրանքի լեզվի ու սխալ ձևակերպումների, եզրույթների ու բառերի սխալ օգտագործման, թե դրանց համակարգված չլինելու հետ:
Ի վերջո, ինչպիսի՞ չափորոշիչներ են հարկավոր մեզ կրթական համակարգում, մասնավորապես դպրոցներում կիրառելու և դրանցով սերունդներ դաստիարակելու համար: Խաչատուր Ստեփանյանն այդ հարցում այլընտրանք չի տեսնում, քան ազգային արժեքների վրա խարսխված և համամարդկային արժեքները հարգող քաղաքացիների ձևավորումն ու այդպիսի քաղաքացիներից կազմված հասարակություն ունենալը. «Մեզ ազգային արժեքներ կրող և համամարդկային արժեքները հարգող քաղաքացիներ են հարկավոր: Իսկ դա կրթական ռազմավարությամբ պետք է արվի, այնպիսի սերունդ պետք է կրթենք, որպեսզի նրանց շնորհիվ ապահովվի ժողովրդի՝ որպես տեսակի, շարունակականությունը: Համաշխարհային հանրույթի մեջ մենք մեր ուրույն տեղը պետք է պահպանենք, այլապես դատապարտված ենք ձուլման»: