կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 17:26
Աշխարհ

Հարուստ ամերիկացիները սկսել են այլ երկրների անձնագրեր գնել

Հարուստ ամերիկացիները սկսել են այլ երկրների անձնագրեր գնել

Հարուստ ամերիկացիների շրջանում թրենդ է դարձել այլ երկրի քաղաքացիություն գնելը: Ամերիկացիների բազմաթիվ սերունդների ԱՄՆ-ի անձնագիրը հնարավորություն է տվել առանց որևէ խոչընդոտի ճանապարհորդել աշխարհում, սակայն կորոնավիրուսի համավարակը փոխել է իրավիճակը. ըստ yerkir.am-ի` գրում է The Washington Post-ը:

Ներկայումս շատ երկրներ արգելում են ամերիկացիների մուտքը, քանի որ ԱՄՆ-ը դեռևս չի հաղթահարել կորոնավիրուսի վարակը: Այդ սահմանափակումները ԱՄՆ-ի հարուստ քաղաքացիներին դրդել են երկրորդ անձնագիր ձեռք բերելուն:

Ըստ Arton Capital ֆինանսական կազմակերպության նախագահ Արմանդ Արթոնի` երկրորդ քաղաքացիությունը ձեռք է բերվում ներդրումների միջոցով, այսինքն` քաղաքացիություն ստացողը ներդրումներ է իրականացնում ընդունող երկրի տնտեսության մեջ: Այդ ներդրումները կարող են լինել ինչպես անշարժ գույքի, պարտատոմսերի, այնպես էլ տարատեսակ բիզնես նախաձեռնությունների տեսքով:

Արթոնի ընկերությունը, որն օգնում է ԱՄՆ քաղաքացիներին, ներդրում կատարելով, քաղաքացիություն ստանալ այլ երկրում, սկսել է 30-40 տոկոսով ավելի շատ ծառայություններ մատուցել: Դրանց արժեքը տատանվում է, օրինակ, Կարիբյան ավազանի երկրներում քաղաքացիության համար 100 հազար դոլարից մինչև եվրոպական երկրների անձնագրի համար 2 մլն դոլար:

Arton Capital- ղեկավարի խոսքով` իրենց նոր հաճախորդները մտահոգություն ունեն, որ ամերիկյան անձնագիրը կորոնավիրուսի պատճառով կարող է թակարդ դառնալ իրենց համար, և այդ պատճառով ձգտում են ձեռք բերել ներդրումային միգրացիայի ծրագրեր ունեցող երկրների քաղաքացիություն:

Սակայն, ըստ The Washington Post-ի, այդ մեթոդը չի ծառայի նրանց, ովքեր շտապ պետք է ԱՄՆ-ից դուրս գալու խնդիր լուծեն, քանի որ նոր անձնագիրը կարելի է ստանալ երկրորդ քաղաքացիության դիմումի ներկայացումից որոշ ժամանակ անց: