կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 17:00
Աշխարհ

ԵՄ-ին առընթեր Ուղղափառ եկեղեցիների հանձնաժողովը դատապարտել է Սբ. Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը

ԵՄ-ին առընթեր Ուղղափառ եկեղեցիների հանձնաժողովը դատապարտել է Սբ. Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը

Եվրամիության Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Թուրքիայի իշխանությունների որոշումը Ստամբուլում Սբ. Սոֆիա տաճարի՝  թանգարանից մզկիթի վերածելու մասին:

«Ժողովրդավարության, մարդկային արժանապատվության և օրենքի գերակայության դարաշրջանում երբ փորձեր են արվում ջնջել Սբ. Սոֆիայի քրիստոնեական ծագումը և այդպիսով դաժանորեն վերափոխել այս հուշարձանը, որը պատկանում է ամբողջ մարդկությանը, անհասկանալի են, վիրավորական և վտանգավոր», - ասվում է CROCEU-ի հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ 1985-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հաջիա Սոֆիայն ընդգրկել է միջազգային մշակութային ժառանգության ցանկում և նշում, որ ԵՄ ինստիտուտները, հատկապես Եվրահանձնաժողովը, «որպես եվրոպական և համընդհանուր արժեքների պաշտպաններ և որպես եվրոպական քաղաքացիների ձայներ» կարող են «եզակի դեր ունենալ համաշխարհային մշակութային ժառանգության, պատմական հիշողություն և կրոնական բազմակարծություն պաշտպանության գործում»:

Հիշեցնենք, որ Եվրոպական Միությունում գտնվող Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների հանձնաժողովը (կենտրոնակայանը Բրյուսելում) ընդգրկում է Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, Մոսկվայի պատրիարքարանը, Ռումինիայի պատրիարքարանը, Կիպրոսի եկեղեցին և Հունաստանի եկեղեցին: Կոմիտեի առաքելությունն է ԵՄ-ում ներկայացնել Ուղղափառ եկեղեցին:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հուլիսի 22-ին քննարկել են Թուրքիայի իշխանությունների կողմից Ստամբուլում Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը: Հունական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում «շեշտվել է այս եզակի համաշխարհային ժառանգության վայրի մշակութային, պատմական և հոգևոր բացառիկ նշանակությունը, նշվել է դրա պահպանման կարևորությունը` որպես ընդհանուր մարդկային ժառանգություն, խաղաղության և ներդաշնակության խորհրդանիշ»: