Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինեապոլիսում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով ԱՄՆ-ում սկսված բողոքի ցույցերն ու ջարդերը, երբ ոչնչացվում են ամբողջ շրջաններ ու խաթարվում է խաղաղ բնակիչները կյանքը, քիչ է հուզում լիբերալ քարոզիչներին: Այդ պատճառով բացառված չէ, որ նախագահի ընտրություններում ամերիկացիները քվեարկեն հօգուտ Դոնալդ Թրամփի, որն այդ ամենին կոշտ դիրքորոշում է ցուցաբերում. ըստ yerkir.am-ի` գրում է պահպանողական The New York Post-ը` ուշադրություն հրավիրելով սևամորթ տարեց կնոջ հարցազրույցին Մինեապոլիսի տեղական հեռուստաալիքին:
«Նրանք սկսեցին ջարդուխուրդ անել բոլոր խանութները, ուր գնում եմ: Արդեն տեղ չունեմ գնալու և այլ տեղ էլ չեմ կարող հասնել, որովհետև ավտոբուսները չեն աշխատում: Մարդիկ դա արեցին առանց պատճառի: Այդպես Ջորջին չեն վերադարձնի: Ջորջը հիմա լավագույն վայրում է: Ազնվորեն ասեմ` ես էլ լավ է հայտնվեմ այնտեղ, որտեղ Ջորջն է»,- արցունքներն աչքերին` լրագրողներին ասել է տարեց կինը:
Սակայն, ըստ թերթի, լիբերալ ակտիվիստներին չեն հուզում ո՛չ տարեց կինը, ո՛չ քառօրյա անկարգությունների ընթացքում ավերված քաղաքային շրջանները. այդ գործողություններին նրանք հավանություն են տվել: Սոցցանցերում քիչ չեն տեսանյութերը, որոնցում ինչ-որ «տարօրինակ անձնավորություններ» կոտրում են խանութների ապակիները, բայց ոչինչ չեն թալանում, կամ հարվածում են ոստիկանական բաժանմունքների արգելափակոցներին, բայց չեն տապալում դրանք: Ըստ թերթի` նրանք «ներքին ահաբեկիչներ են, որոնք զավթել են խաղաղ ցույցերը»:
Մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ գլխավոր դատախազ Բիլ Բարը նշել է, որ տպավորություն է, թե շատ վայրերում բռնությունը ծրագրված է եղել, կազմակերպված բնույթ ունի, և այն սադրում են անարխիստներն ու ձախ ծայրահեղականները` մեթոդներով, որոնք բնորոշ են «Անտիֆա» շարժմանը: Դատախազի կարծիքով` այդ ուժերն «օգտագործում են իրավիճակն իրենց սեփական` բռնության ծրագրի իրականացման համար»: Այդ պատճառով, պարզաբանում է թերթը, Մինեսոտայի գլխավոր դատախազ, Դեմոկրատական կուսակցության ազգային հանձաժողովի նախկին փոխնախագահ Քիթ Էլիսոնը այդքան վճռականորեն ձև է անում, թե ցույցերի ու ջարդերի հետևում Թրամփի կողմնակիցներն են: Ինքը` Էլիսոնը, «Անտիֆա»-ն «քաղաքական գործընթացի կարևոր մաս դարձնողներից է»: Թվիթերյան իր միկրոբլոգում դեռևս 2018-ին դեմոկրատ քաղաքական գործիչը ցուցադրել էր ««Անտիֆա». հակաֆաշիզմի ձեռնարկ» գիրքը և գրել. «Գիրք եմ գտել, որը վախ է սերմանում Դոնալդ Թրամփի սրտում»:
Թերթ նշում է, որ, չգիտես` ինչու, հենց այն քաղաքներում, որտեղ իշխում են դեմոկրատները, «աչք են փակում հանցագործությունների վրա, ոստիկանությունը դավաճանում է ժողովրդին, որին կոչված է պաշտպանել»:
Ինչ վերաբերում է Մինեապոլիսի դեմոկրատ քաղաքագլուխ Ջեյքոբ Ֆրեյին, ապա թերթը գրում է, որ նա հրամայել է տարհանել ոստիկանական բաժանմունքներից մեկը` այն թողնելով ջարդարարներին: «Չորս գիշեր շարունակ «հանցագործները թալանում էին քաղաքն ու ահաբեկում բնակիչներին, և ոստիկանությունը ոչ մի տեղ չէր երևում: Բռնությունն արմատապես ոչնչացնելու փոխարեն Ֆրեյը օրինակ ծառայեց մյուս քաղաքներին: Մինեապոլիսի քաղաքապետն ասում է, որ «աղյուսներն ու ցեմենտն այնքան էլ կարևոր չեն, որքան մարդկային կյանքերը: Անշուշտ, լիբերալների համար, որոնք երբեք առանց ավելորդությունների կյանք չեն ունեցել, նյութական իրերը և սեփականությունը նշանակություն չունեն: Սակայն այդ սեփականությունը կարող է սեփականատերերի եկամտի միակ աղբյուրն էր, որը, երբ փորձում էին պաշտպանել, ծայրահեղականների կողմից հաճախ դաժանորեն ծեծվում էին:
Վատ մարդիկ գոյություն ունեն: Այդ պատճառով հասարակության խոցելի շերտերին է հենց հարկավոր ոստիկանությունը, որին ինչ-ինչ այլասերված պատճառներով առաջադեմ դեմոկրատները փորձում են զրկել իշխանությունից»,- գրում է The New York Post-ը` հավելելով, որ ընտրություններից առաջ դեմոկրատները ձգտում են օգուտ քաղել անկարգություններից, որ սևացնեն նախագահ Թրամփին, սակայն նա երաշխավորում է, որ կվերացնի բռնությունը և կվերականգնի կարգուկանոնը: «Ճիշտ այնպես, ինչպես 1968-ի ցույցերից հետո ամերիկացիներն ընտրեցին հանրապետական Ռիչարդ Նիքսոնին, այդպես էլ 2020-ի անկարգությունները, շատ հավանական է, հօգուտ Թրամփի վերընտրման լինեն»,- կարծիք է հայտնում ամերիկյան թերթը: