կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-31 12:14
Առանց Կատեգորիա

Սխալ է ամեն ինչ ժողովրդի ինքնագիտակցության վրա բարդելը. Տարոն Տոնոյան

Սխալ է ամեն ինչ ժողովրդի ինքնագիտակցության վրա բարդելը. Տարոն Տոնոյան

«Երեւան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, ռազմական բժիշկ, վիրաբույժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին։

-Պարոն Տոնոյան, որպես բժիշկ, ռազմական բժիշկ բացատրեք՝ երբ վարչապետն ու նախարարը հայտարարում են, որ ինտենսիվ թերապիայի մահճակալները պակաս են։ Այսինքն՝ ի՞նչ, այդ հիվանդներին չե՞ն բուժելու, նրանք մահանալո՞ւ են։

-Եթե ինտենսիվ թերապիայի տեղերը չհերիքեն, հարց համար առաջին՝ պետությունը պետք է ամեն ինչ անի, որ դրանք հերիքեն։ Բայց արդարության առաջ չմեղանչելու համար, պետք է փաստենք, որ զարգացած եվրոպական երկրներում էլ հիվանդների քանակի այնպիսի արագ աճ եղավ, որ նույնիսկ նրանք չկարողացան ապահովել իրենց ծանր հիվանդներին, և 20 մահճակալ ունեցող ռեանիմացիոն բաժանմունքում 100-ից ավելի հիվանդներ կային։ Գուցե դա էլ տվյալ երկրների համար կազմակերպչական խնդիր է, բայց ուզում եմ ասել, որ իրենք էլ չեն կարողացել անել։ Բայց այն, որ վարքագծի և ճիշտ աշխատանքներ կազմակերպելու իմաստով լուրջ թերացումներ ենք ունեցել, անժխտելի փաստ է։ Եվ համեմատության մեջ․ երկակի- եռակի ավել ազգաբնակչություն ունեցող մեր հարևանները, եթե նայենք ստատիստիկան, կտեսնենք այնտեղ ինչ վիճակ է, մեզ մոտ՝ ինչ։ Եվ մեկնաբանել, որ ժողովրդի ինքնագիտակցությանը թողեցինք ու այդտեղ սխալվեցինք, ես չեմ կարծում, որ մեր ժողովրդի գիտակցական մակարդակն ավելի ցածր է, քան, օրինակ, ադրբեջանցիներինը։ Ես վստահ եմ, որ մերոնք ավելի պատասխանատու են, պետականության զգացումը մեր մեջ ավելի բարձր է՝ կարգապահության ու կրթվածության իմաստով, քան իրենցը։ Կամ թուրքերինը։ Եվ քավության նոխազ ման գալը՝ մեղավորին ման գալն էս պարագայում ճիշտ քաղաքականություն չէ։ Հարկավոր է ճիշտ գործողոււթյուններով․․․ բայց արդեն վիճակն էն մասշտաբներին է հասել իմ կարծիքով, ես ճիշտ է՝ դրա նեղ մասնագետը չեմ, վիրաբույժ եմ, բայց ամեն ինչ էնքան է բաց թողնված, որ արդեն միջոցառումների էֆեկտիվությունը շատ ցածր է լինելու։

-Այսինքն՝ բազմաթիվ մարդիկ, որոնց կարելի էր փրկել, ուղղակի մահանալո՞ւ են։

-Ուղղակի մահանալն էլ էսպես պիտի ասեմ․ հիվանդանոցներում հիմա կան շատ մարդիկ, որոնց բուժումները կարելի է հեշտ ու հանգիստ տանը կազմակերպել։ Հիվանդանոցը կմնա ավելի ծանր հիվանդների համար։

-Դե իրենք հիմա այդպես էլ անում են։ Բայց հիմա ի՞նչ։

-Իրավիճակն է թելադրում։ Հիմա մեզ տարբեր հիվանդներ դիմում են, կոնկրետ իմ ամենամտերիմներին, ասում եմ՝ սա մեր մասնագետը, ասենք թե թոքաբորբ է տանում, բուժումները ստացեք, եթե ունեք հնարավորություն, որ մեկը կգա, կմիացնի սիստեմաները, բուժումները կազմակերպել, գալ կրկնակի ռենտգենաբանական հետազոտության, ավելի լավ է՝ էդպես արեք, քան հիվանդանոցում պառկեք ծանրաբեռնված հիվանդանոցում, հոգեբանական ավելի ճնշող մթնոլորտում։ Խոսքը միջին և թեթև ծանրության հիվանդների մասին է։ Էդ խեղճ բժիշկներն արդեն կեսից ավելին հիվանդ են, նորերն են գնացել փոխարինելու, որոնք գուցե նախկինների փորձառությունն էլ չունեն։ Վերակենդանցման բաժանմունքներում բժշկական անձնակազմի հիվանդացությունն այնքան է բարձրացել, որ․․․ պետք է ռեալ նայենք էս ամենին։

-Պարբերաբար հայտնի բժիշկները կոչ են անում, որ եկեք, միացեք։ Կա՞ այս վիճակը ,և արդյոք ճիշտ չէր լինի նաև ներգրավել ռազմական բժիշկներին, որոնք պատերազմ անցած ու զինվորական կարգապահություն ունեցող են։

-Ռազմական բժիշկները, այո, արտակարգ պայմաններում գործելու փորձ ունեն, բայց պետք է հաշվի առնենք, որ էն ժամանակվա ռազմական բժիշկներից շատերն արդեն 55, 60-ից բարձր են։ Հետո, սա մի քիչ համադրելի չէ, բայց որ լրացուցիչ ուժերի կարիք կա, այո։ Հիշում եք՝ Իտալիան կոչ արեց, որ եկեք օգնեք, որ չենք հասցնում արդեն թե՛ մարդուժի, թե՛ սարքավորումների իմաստով։ Բայց կարողացան հաղթահարել։ Մենք էլ ենք կարողանալու, ես վստահ եմ։ Ուղղակի պետք է ունեցած ռեսուրսներն ավելի ճիշտ ուղղորդել, եղած միջոցները։ Նախևառաջ, իրավիճակի ճիշտ գնահատական տալ է պետք։ Երբ հիվանդին սխալ ես ախտորոշում, չես կարող ճիշտ բուժել։ Հիմա մենք ի սկզբանե սխալ մոտեցում ցույց տվեցինք, դրա հետևանքները հիմա են զգում։ Էսքան ֆինանսական միջոցներ, էսքան կորուստներ ենք ունենում պետական գանձարանից դրամների, որը կարող էր և չլինել։

-Նիկոլ Փաշինյանը, ով բժիշկ չէ, պատասխանելով հարցին, թե ո՞վ է որոշումներ ընդունում, ասաց՝լսում եմ բոլորին, կայացնում եմ որոշում։ Ձեր կարծիքով՝ վարչապետը, որը բժիշկ չէ, արդյոք չպե՞տք է իր մոտ հրավիրեր հայտնի ռեանիմատոլոգների, թոքաբանների և լսեր նաև նրանց և միայն Արսեն Թորոսյանի հույսին չմնար։

-Որ կառավարությունն ու վարչապետը պիտի որոշում կայացնեն , և ամենակարևորը՝ պատասխանատվությունը ինքը պետք է կրի, միանշանակ է։ Ոչ թե որոշումն ինքը ընդունի, պատասխանատավությունը փորձի ուրիշի վրա գցել։ Իհարկե, պետք է լսեն, իհարկե՝ պետք է լսեն մասնագետներին։ Ես ինչու՞ շեշտեցի՝ ես վիրաբույժ եմ, էպիդեմիոլոգ չեմ, չեմ կարող այդ հարցին լիարժեք գնահատական տալ։ Բայց մարդիկ կան, փորձ ունեն, աշխատել են, միջազգային փորձ կա ուսումնասիրած, պատմություն կա, Համաշխարհային պատերազմի ժամանակ՝ երկրորդ, ինչ է եղել։ Եվրոպայի՝ «Իսպանկա» վիրուսի դեմ պայքարի փորձը։ Չէ՞ որ ես դա գիտեմ այնքանով, որքանով, իսկ մարդիկ կան, որ դա խորապես են ուսումնասիրել։ Պետք է այդ մարդկանց լսել և կայացնել ճիշտ որոշումներ։ Բայց թե այդ ամենը այս մակարդակով արվե՞լ է, թե ոչ, չեմ կարող ասել։ Բայց չեմ կարծում, որ ասում եք՝ միայն Արսեն Թորոսյանը, միայն ինքն է, վստահ եմ, որ Արսեն Թորոսյանը լսում է շատ-շատերին, որովհետև ինքն էլ միայնակ չի կարող որոշումներ կայացնել։ Նաև պետք է խոստովանեմ, որ աշխարհի շատ այլ պետություններ էլ պատրաստ չէին սրան, որովհետև սա աննախադեպ, չուսումնասիրված վարակ է, որի դեմ պայքարում շատ երկրներում ուղղակի պրոցեսների հետևից են գնում։ Դժվարին վիճակում է աշխարհը։ Եվ չեմ կարող չասել, որ շատերն են հասկացել, որ տնտեսությունների չաշխատելու դեպքում հետևանքները շատ ավելի ավերիչ են, քան բուն կորոնավիրուսը։ Պետք է աշխատել, պետք է տնտեսությունը պահել, սահմանները պահել, բանակը սնել։ Մենք առանց աշխատանք չենք կարող բանակ պահել և էս պարագայում ազգային անվտանգության հարցերը մեզ համար ավելի կարևոր են, որովհետև մեր հարևանը, եթե հասկանա, որ մեր բանակն ու պետությունը թուլացել են, անկախ նրանից, թե իր մոտ կորոնավիրուսի առկայությունը կարող է փորձի իր սև գործն անել։

Անուշ Դաշտենց