կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 14:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ունենալ սերտ շփում՝ ամենևին չի նշանակում, որ իրենք կարող են վարակվել. Լենա Նանուշյան

Միջազգային համագործակցությունից նշեմ, որ բազմիցս հեռախոսազանգեր ենք ունեցել և մասնակցել ենք տեսազանգերի միջոցով ԵԱՏՄ երկրների հետ քննարկումների, խոսել ենք այն երկրների դեսպանների հետ, որոնք անմիջական հետաքրքրություն էին ներկայացնում մեզ համար: Սերտորեն համագործակցում ենք Առողջապահության համաշխարհային կազամակերպության հետ. այս մասին այսօր հայտարարեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ով խոսեց կորոնավիրուսի աճող թվերի մասին՝ նշելով, որ վիրուսները սահմաններ չեն ճանաչում:

«Երեկ կատարվել է 105 թեստ, որի արդյունքում հաստատված դեպքերի քանակն ավելացել է: Վարակված բոլոր հիվանդները, բացի թոքաբորբ ունեցող երկու հիվանդից, առանց ախտանիշների են և լավ են զգում իրենց, մարտի 1-ին արձանագրված առաջին վարակվածն էլ դուրս է գրվել: Մինչ օրս իրականացվել է 700-ից ավել հետազոտություն»,- նշեց փոխնախարարը:

Երեկ Շենգավիթում գրանցված վարակի դեպքի մասին խոսելով՝ փոխնախարարն ասաց, որ անկախ նրանից, թե դեպքը որտեղ է արձանագրվել, իրականացվում են աշխատանքներ՝ պարզելու, թե հիվանդը ում հետ, ինչպիսի շփումներ է ունեցել, և նրանք մեկուսացվում են 14 օր:

«Երբ հայտնաբերվում է դրական դեպքը, բոլոր նրանք, ովքեր շփում են ունեցել դրական դեպքի հետ վերջին մի քանի օրերի ընթացքում, անմիջապես հայտնաբերվում են և մեկուսացվում, որպեսզի մենք կարողանանք տարածումը կանխել: Ունենալ սերտ շփում՝ ամենևին չի նշանակում, որ իրենք կարող են վարակվել: Կորոնավիրուսի վարակի տարածելիությունը այնքան բարձր չէ, որքան կարմրուկինը: Այն համարյա թե հավասար է գրիպի վարակելիությանը, բայց ամեն դեպքում հայտնաբերում ենք այն շրջանակը, որի հետ շփում է ունեցել վարակված հիվանդը, և հետևում ենք՝ արդյոք նրանց մոտ հիվանդություն կզարգանա՞, թե՞ ոչ, և որևէ սիմպտոմի առկայության դեպքում անմիջապես հոսպիտալացնում ենք»,- նշեց Լ. Նանուշյանը:

Անդրադառնալով թոքաբորբով հիվանդ վիրուսակիր երկու անձանց վիճակին՝ Նանուշյանը նշեց, որ նրանք միջին տարիքի են, ունեն բավարար վիճակ ու թեթև են տանում թոքաբորբը:

«Քանի որ վիրուսը նոր է, և շատ հարցեր դեռևս վերջնականապես պարզաբանված չեն, մենք մեր աշխատանքների հիմքում ընդունում ենք միջազգային գործընկերների առաջարկները: Դա Առողջության համաշխարհային կազմակերպության ներկայացրած ուղեցույցն է, ըստ որի՝ թեստավորվում են որոշակի կլինիկական ախտանիշներ՝ տաքություն, հազ, շնչառական դժվարություն ունեցողները, նաև նրանք, ովքեր միաժամանակ ունեցել են ճամփորդական պատմություն՝ համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներից՝ Չինաստանից, Իտալիայից, Իրանից և այլն»,- ասաց Լ.Նանուշյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում քիչ են վիրուսը հաստատող կամ հերքող թեստերը, փոխնախարարը նշեց. «Մինչև այս շաբաթվա վերջ արդեն հինգ հազարից ավելի թեստ կունենանք, դա բավարար է մեր աշխատանքներն իրականացնելու համար, բայց դա չի նշանակում, որ աշխատանքներ չենք տանում, որ նոր թեստեր ձեռք բերենք, աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, որպեսզի լրացուցիչ թեստեր ձեռք բերենք: Այս պահին մենք ապահովված ենք բավարար քանակությամբ թեստերով»:

Նանուշյանն ընդգծեց՝ առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում է տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև կրթական հաստատությունների հետ. «Մի քանի աշխատանքներ, որ կարևորում եմ և կուզենայի նշել. առաջինը՝ դա թեժ գծի ստեղծումն էր, որի միջոցով մենք կարողանում ենք տեղեկատվություն տրամադրել եւ իրազեկման աշխատանքներ իրականացնել մեր բնակչության համար։ Մարտի 1-ից մինչ այսօր 11 հազարից ավելի զանգ է ստացվել և սպասարկվել։ Հիմնական հարցերը եղել են հիվանդության ախտանիշների, փոխանցման ուղիների վերաբերյալ, նաև այն երկրների վերաբերյալ, որտեղ համաճարակային առումով լարված իրավիճակ է տիրում։ Մյուս կարևոր աշխատանքը բուժական ուղեցույցի եւ մեթոդական ուղեցույցի մշակումն է։ Այն սահմանում է, թե որն է դրական դեպքը, ինչպես պետք է իրականացնել լաբորատոր հետազոտությունը, նաև բուժման ընթացքը։ Այն հասանելի է ԱՆ պաշտոնական էջում։ Նաև սերտ աշխատանքներ ենք իրականացնում բժիշկների հետ, իրականացնելու ենք թրեյնինգներ, որոշակի խմբի բժիշկների համար, որոնք առավել ներգրավված են ներկայում»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.