Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր իշխանությունները նախկիններին չե՞ն մերժել, ինչպես ասում են՝ «հին Հայաստանում» չե՞ն թողել: Կարծում եմ՝ մերժել են, իրենք էլ են ասում, ավելին՝ պատրաստվում են նրանցից շատերին, դե, որքան հնաարավոր է, նստեցնել բանտերում, մենախցերում, պատժախցերում, դա էլ են իրենք ասում: Բայց արի ու տես, որ, չնայած մերժողականության այդ մեծ ալիքին, կան դեպքեր և դեմքեր, որոնք Սահամանդրական դատարանի կազմի նման «օրհնված» են հին իշխանությունների կողմից, բայց վայելում են նորերի գոնե համակրանքը, էլ չեմ ասում նրանց մատուցած ծառայությունների մասին: Բայց, եթե միլիոնավոր դոլարներ, ահռելի ժամանակ ու էներգիա ենք ծախսում ՍԴ-ն լուծարելու համար, հարցեր են առաջանում, լուրջ հարցեր, որոնց պատասխաները կարող են շատերին հիասթափեցնել:
Չեմ ուզում անդրադառնալ տարատեսակ սամվելալեքսանյաններին ու գևորգկոստանյաններին, որոնցից ոմանց Փաշինյանը պատրաստ էր «հասկանալու պրակտիկա և տեսություն» դասավանդելու:
Բայց, Ստամբուլյան կոնվենցիան, օրինակ, ծանր դեպք է, և հակասում է նոր իշխանության՝ հինը մերժելու տրամաբանությանը: Նոր իշխանության ճնշող մեծամասնությունը կողմ է այս օրենքին, չնայած նրան, որ այն ստորագրվել է (սակայն չի վավերացվել) նախկին, ինչպես իրենք են սիրում ասել, հանցավոր ռեժիմի կողմից, իսկ իրենք մերժել են այդ ռեժիմը, հետևաբար՝ պետք է նաև մերժելի լիներ այդ կոնվենցիան, որը Հայաստան է մտել հենց նրանց կողմից: Բայց ի՞նչ մերժելու մասին է խոսքը, իշխանության ներսում մարդիկ կան, որոնց համար այդ կենվենցիան ոչ թե զուտ կոնվենցիա է, այլ՝ կենցաղ, կենսափորձ ու ապագա: Ինչպես կասեր աշխատավարձի կրճատման արժանացած դասականը՝ բա մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել:
Բացառիկ դեպք է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, որի ընտրակեղծարարությունների մասին Ազգային ժողովի նիստերի դահլիճում անեկդոտ է պատմել հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ բացահայտ հայտարարելով, որ Մուկուչյանը բոլոր ֆորմատի ընտրությունները կեղծել է հօգուտ Սերժ Սարգսյանի: Չգիտես ինչու՝ Մուկուչյանը նույնպես չմերժվեց, ավելին՝ մնաց իր աթոռին և առաջիկայում էլ պետք է ասի՝ հանրաքվեում մերձիշխանական «Այո»-ն հաղթե՞լ է, թե՞ ոչ:
Այո, հանրաքվեի մասին ճիշտը ունակ է ասելու միայն այն Տիգրան Մուկուչյանը, որի արդարամտության ու անաչառության մասին Նիկոլ Փաշինյանը զվարճալի անեկդոտներ էր պատմում և պնդում, որ նա կեղծում է ընտրությունների արդյուները: Ի հակադրումն այդ պնդումների, այսօր վարչապետը նրան թույլ է տվել կրկին մնալ ԿԸՀ-ի նախագահի աթոռին: Ինչի՞ համար, ներքին համաձայնությու՞ն կա, շահերի բախու՞մ, թե՞ Փաշինյանը սխալվել է այդ մարդուն որակումներ տալիս, այսինքն՝ զրպարտել է, վիրավորել, արատավորել նրա բարի համբավը, խաբել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի (Լևոն Տեր-Պետրոսյանը, դե, «սուրբ է», «անբիծ») կողմից տասնամյակներով թալանված ու, ինչպես ինքն էր ասում, «նիսյաներ» ունեցող ժողովրդին:
Բայց քանի որ վարչապետը չէր կարող սուտ խոսել, ամենևին, երբեք, որովհետև ժողովրդի միակ թեկնածուն է, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու ընտրյալը, նախկին հանցավոր ռեժիմը տապալած առաջնորդը, ուրեմն, այո՛, Մուկուչյանը խաբեբա է, գող, ավազակ, նախկին ռեժիմի ստրուկ, ընտրակեղծարար և նմանաբովանդակ մեկը, մի խոսքով՝ մերժման ենթակա, իսկ վարչապետ Փաշինյանը ճիշտ էր: Այդ դեպքում ինչպե՞ս հավատանք, որ նա այս ընտրություններն էլ չի կեղծելու, և, ասենք, արդար, հպարտ քաղաքացու «Այո»-ն, հօգուտ «հակահեղափոխականների», «Ոչ» չի դարձնելու: Ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետը, չհավատալով ու մեկուսացնելով, վանելով նախկին ռեժիմի ներկայացուցիչներին, նման լուրջ արտոնություններ է տվել Տիգրան Մուկուչյանին:
Ո՞վ է տալու այդ երաշխիքները, ինչպե՞ս է եղավ, որ 2018 թվականի աչառու պաշտոնյան, իշխանությունների շահերի սպասարկուն, կեղծարար Մուկուչյանն այսօր դարձել է անաչառ, անկաշառ, ազնիվ Մուկուչյան: Վերջիվերջո, նա ընտրակեղծարա՞ր է, թե՞ ոչ: Մի՞թե տասնամյակներ շարունակ գործ ենք ունեցել մանիպուլիատիվ քաղաքականության հետ:
Գևորգ Գյուլումյան