Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան բանավեճը ցույց տվեց, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկ չի հրաժարվում իր ռազմական ծրագրերից. Ալիևը բաց տեքստով հայտարարեց՝ հայերը ևս մեկ անգամ ինքնորոշվելու համար աշխարհի քարտեզին թող այլ վայր փնտրեն, բայց ոչ՝ Ադրբեջանը: Մյունխենյան բանավեճը հակամարտող կողմերի շփման նոր ձևաչափ էր, որը, սակայն, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովի կարծիքով, ոչինչ չի տվել, բացի եվրոպական գործընկերների ինքնաբավարարվածությունից, թե կարողացել են նման երկխոսություն կազմակերպել. տեղեկացնում է yerkir.am-ը:
EADaily-ի հետ զրույցում Սկակովը նշել է, որ իրականում դա ոչ թե երկխոսություն էր, այլ երկու մենախոսություն, կամ՝ «խուլերի երկխոսություն»:
Փորձագետի կարծիքով՝ բանակցային գործընթացը փակուղում է, և պատճառը բոլոր կողմերի, այդ թվում՝ միջնորդների՝ ԵԱՀԿ ՄԽ-ի, մեծ ակնկալիքներն են, որոնք որևէ հիմք չունեն:
Ինչ վերաբերում է մտքին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է կասեցնել նոր պատերազմը տարածաշրջանում, Սկակովը նշել է, որ դա կապված չէ ՄԽ-ից: «Ավելի ճիշտ, դա կախված է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Թուրքիայի, նույնիսկ՝ Ռուսաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների կառուցողականության մակարդակից: Գումարած՝ Իրանի ու ԱՄՆ-ի, Իրանի ու ԵՄ-ի, Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները: Եթե իրավիճակը տարածաշրջանում հանգի պատերազմի (այս կամ այն կերպ կապված Իրանի հետ), Մինսկի խումբը ոչինչ չի կարողանա անել և հնարավոր է՝ նույնիսկ դադարի գոյություն ունենալ: Օրինակ՝ Ռուսաստանը կկարողանա՞ ինչ-որ բան քննարկել ԱՄՆ-ի հետ, եթե ամերիկյան զորքերը հայտնվեն Կասպից ծովի հարավային ափին: Եվ այդպիսի՝ ավելի քան տարածաշրջանային հակամարտության դեպքում Ադրբեջանն անպայման կօգտվի իրավիճակից, և նոր ագրեսիան Ղարաբաղյան հակամարտության գոտում կամ նույնիսկ դրա սահմաններից դուրս, օրինակ՝ Նախիջևանի կողմից, կդառնա գործնականում անխուսափելի: Եվ որտե՞ղ կլինի Մինսկի խումբը: Այն կայունության պայմաններում կայունություն ամրապնդելու մեխանիզմ է, ապակայունացման դեպքում Մինսկի խումբը դիակ է»,- նշել է փորձագետը:
Դիտարկմանը, որ Ալիևի պնդմամբ, Արցախի կարգավիճակի հարցը հակամարտության փուլային կարգավորման ամենավերջին տեղում է, Հայաստանն էլ պնդում է, որ Արցախը մասնակցի բանակցություններին, և հարցին՝ ինչքա՞ն կձգվի այդ «բանակցային գործընթացը», Սկակովը պատասխանել է. «Կձգվի երկար, կամ՝ ոչ երկար, բայց այն դեպքերում, երբ, առաջին, նոր ռազմական գործողությունների սկիզբը որոշի հաղթողին, ընդ որում՝ շատ արագ, և նա սկսի թելադրել պայմանները, երկրորդ՝ արտաքին ուժը, միջնորդը ուժ գտնի բռունցքը սեղանին խփելու և կողմերին պարտադրելու փոխզիջումային տարբերակ: Օրինակ՝ խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտում՝ զորքերի շփման գծում, ԼՂՀ-ի շրջակա շրջանների հարցի լուծում և այնտեղ փախստականների վերադարձ, ԼՂՀ անկախության ճանաչում: Սակայն ոչ մի միջնորդ դեռևս պատրաստ չէ իր վրա նման բեռ վերցնել, իսկ դա պահանջում է մեծ ֆինանսական ծախսեր, անխուսափելի կորուստներ, ինքնավստահության ու ձգտման բարձր մակարդակ»:
Փորձագետն այսպես է պատկերացնում հակամարտության լուծումը՝ ԼՂՀ անկախության ճանաչում, խաղաղապահ ուժերի տեղակայում՝ ոչ միայն ռուսաստանյան, ազատագրված տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև խաղաղության պարտավորեցնող պայմանագրերի կնքում: Ըստ նրա՝ ռազմական լուծումն իրատեսական չէ: «Ցանկացած հակամարտություն ունի ամրության պաշար, այսինքն՝ այն ժամանակը, որի ընթացքում այն դեռևս կարելի է լուծել ռազմական կամ կիսառազմական ճանապարհով: Այդպես Խորվաթիան կարողացավ լուծել Սերբսկայա Կրաինայի հարցը, Ռուսաստանը՝ Չեչնիայի: Այդ պատճառով փոխադարձ զիջումների հիմքի վրա անլուծելի են Հյուսիսային Կիպրոսի, Թայվանի, Աբխազիայի և Կոսովոյի հիմնախնդիրները»,- եզրափակել է Ալեքսանդր Սկակովը: