կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 20:57
Քաղաքական

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։ Որպես հիմնական բանախոս մասնակցելով քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է իր քվանտային տեսության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին:

Քննարկմանը ներկա են եղել Ժոզեֆ Նայը, Լեհաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, բազմաթիվ հայտնի վերլուծական կենտրոնների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ ու փորձագետներ:

«Աշխարհը փոխվել և փոխվում է շատ արագ: Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, հասկանանք անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները, պետք է գնալ խորքերը, գտնել պատճառները, որովհետև այն ամենն, ինչ այսօր մենք տեսնում ենք հետևանքներ են,-ասել է Հայաստանի նախագահը։- Մենք բոլորս արդեն իսկ ապրում ենք ամբողջությամբ ուրիշ աշխարհում։ Հնարավոր է՝ մենք դա չենք նկատում, հնարավոր է՝ մենք դրա մասին չենք խոսում, քանի որ դեռ դասական ձևով ենք մտածում։

Մենք մտածում ենք մեծ պատմության, մեծ իրերի մասին, որոնք դեռևս դասական են, բայց եթե դուք ավելի մանրամասն եք դիտարկում փոքր մասնիկները, այս դեպքում, օրինակ՝ հանրությունը, իրերը կտրուկ փոխվում են։ Սա այն է, ինչ ես կանվանեի քվանտային քաղաքականություն։ Գաղափարը կարող եք փոխաբերական իմաստով ընկալել։ Դասական հաստատություններն ավելի և ավելի քիչ կարևոր և օգտակար են դառնում։ Քվանտային, նոր տեխնոլոգիաները մեր կյանքի վրա մեծ ազդեցություն են ունենում։

Ավելին՝ դրանք փոխում են ոչ միայն մեր կենսակերպը, այլ նաև՝ մեր հասարակությունների կերտվածքը։ Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնել։ Քվանտային մեխանիկայից եկած նորարարությունների շնորհիվ մենք սկսեցինք ապրել բոլորովին ուրիշ կյանքով։ Սկսեցինք թռչել Լուսին, ստեղծեցինք միջուկային կայաններ, արտադրեցինք խելացի հեռախոսներ։

Մենք պատրաստվում ենք այս ամենն ավելի լայն օգտագործել, քանի որ քվանտային տեխնոլոգիաները, քվանտային հաշվարկները մեզ կտրուկ փոխելու են։ Դրանք փոխում են ոչ միայն սարքավորումները, տեխնոլոգիաները, այլ նաև՝ մեր հասարակությունը։ Ես ունեմ նյութական կյանք, բայց իմ կյանքի մեծ մասը վիրտուալ է։ Ես փոխկապակցված եմ աշխարհի հետ, որն ունի լույսի արագություն։ Իմ փոխկապակցվածությունը շատ լայն է և անկանխատեսելի, այն դասական ձևերով չի կառավարվում։ Այդ աշխարհը կարգավորումներ չունի , բայց այն մեր կյանքի մեծ մասն է զբաղեցնում։ Մենք՝ մարդկային արարածներս, ապրում ենք երկու կյանքով։ Մեկը վիրտուալն է, մյուսը՝ նյութականը։ Ուզենք թե չուզենք, վիրտուալությունն աճում է ամեն օր և ազդեցություն է ունենալու մեր նյութական կյանքի վրա։

Այն մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի, ընդհուպ՝ ժողովրդավարության կայացման վրա։ Դասական աշխարհում ժողովրդավարությունը իրականացվում է ընտրությունից ընտրություն, երբ քո ընտրազանգվածին հանդիպում ես որոշակի ժամանակը մեկը։ Նրանք ձեզ կանաչ քարտ են տալիս՝ չորս կամ հինգ տարվա համար։ Այս նոր աշխարհում ժողովրդավարությունն իրականացվում է ամեն օր, ամեն ժամ և այն ավելի և ավելի է այդպիսին լինելու։ Մենք արդեն իսկ կիսով չափ քվանտային ենք, քանի որ ապրում ենք վիրտուալ աշխարհում։ Աշխարհաքաղաքական ռիսկերն ավելի և ավելի ոչ դասական են դառնում։

Վիրուսներ․ դրանք սկիզբ առան Չինաստանի ինչ-որ մի քաղաքից։ Մենք հաջողակ ենք, որ ինկուբացիոն շրջանը 14 օր է տևում։ Պատկերացրեք, եթե դա մեկ կամ երկու ամիս լիներ։ Արդյունքը ամբողջությամբ քվանտային կլիներ։ Այն սկսվել է Չինաստանում, այլ դեպքեր կլինեին Արգենտինայում, Կանադայում, ամբողջ աշխարհում։ Մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում։ Աշխարհը դարձել է մի վայր, որտեղ անհատները շատ արագ են հաղորդակցվում։ Ահաբեկչություն․ այն քվանտային է։

Այն իրականացնելու համար այլևս քաղաքական կուսակցություն, կրոնական խմբեր, համապատասխան տարածք հարկավոր չեն, քանի որ ամեն ինչ վիրտուալ, արագ և քվանտային է։ Ահաբեկչության դեմ պայքարում մենք պետք է վերաբացահայտենք այն նոր աշխարհը, որտեղ ապրում ենք և փորձենք այն հասկանալ։ Մեզ շրջապատող շատ երևությներ հնարավոր կլինի բացատրել, կանխատեսել, եթե մենք կարողանանք փոխել սոցիալական կյանքի, քաղաքականության մոտեցումների փիլիսոփայությունը և տրամաբանությունը։ Հարյուր տարի առաջ Հայզենբերգերը, Ռիչարդ Ֆեյմանը և ուրիշներն ամբողջությամբ վերափոխեցին մարդկային տրամաբանությունը, թե ինչպես ենք մենք նայում բնությանը։ Նույն կերպ մենք պետք է վերափոխենք մեր մտածելակերպը և մեզ շրջապատող աշխարհը վերլուծենք, կանխատեսենք ամբողջովին ուրիշ ձևով։