Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրախորհրդարանում կայանալիք համաժողովի և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործունեության մի շարք ուղղությունների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հասարակության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանի հետ:
- Պարոն Շիրինյան, փետրվարի 5-ին Եվրախորհրդարանում կանցկացվի Բաքվի հայ փախստականների ճակատագրի մասին համաժողով: Ի՞նչ է այն, ո՞րն է նպատակը:
- Նախ եւ առաջ կարեւոր է պատմության այս ցավալի էջը հիշել, ոգեկոչել եւ զոհերի հիշատակը հարգել: Բացի այդ, միջոցառումը հետապնդում է մի շարք նպատակներ: Առաջին հերթին Բաքվի ջարդերից փախած կամ ազատված հայ փախստականներին համապատասխան հարթակ ընծայել, որպեսզի նրանց ապրած հալածանքներն ու ջարդերը ներկայացվեն իբրեւ վկայություն Եվրոպական Խորհրդարանից ներս։ Ուզում ենք նաև լույսի տակ դնել ընդհանրապես Բաքվի հայերի ճակատագիրը եւ կարգավիճակը։
Պետք է ասել, որ նրանք, բացի Հայաստանից, միջազգային հանրությունից որեւէ օգնություն չստացան՝ վերակարգավորելու իրենց կյանքը։ Իսկ քաղաքական առումով կարեւոր է մի անգամ եւս շեշտել Եվրախորհրդարանի շենքից ներս, որ Բաքվի, ինչպես նաեւ Սումգայիթի, Կիրովաբադի եւ Մարաղայի ջարդերը բավարար փաստեր են՝ անընդունելի համարելու եւ բացառելու որեւէ հակամարտության կարգավորման տարբերակ, ուր Արցախը կը դառնա վարչական Ադրբեջանի մաս, առավել եւս, երբ հայատյացությունը շարունակում է մնալ ներկա Ադրբեջանի իշխանությունների կողմից որդեգրված պետական քաղաքականություն:
- Հունվարի 30-ին ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ բանաձև ընդունեց՝ քաղբանտարկյալնների խնդրի կապակցությամբ: Ի՞նչ է այդ բանաձևն իրենից ենթադրում: Կարելի՞ է արդյոք սպասել պատժամիջոցների:
- Գիտեք՝ Ադրբեջանի մեջ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները, քաղբանտարկյալնների խնդիրը եւ, ընդհանրապես, ժողովրդավարական արժեքների բացակայությունը, Եվրոպայում որևէ մեկի համար գաղտնիք չէ: Նմանատիպ բանաձեւեր հաճախ են քվեարկվում՝ լինի Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից կամ Եվրոնեսթի լիագումար նիստերի ընթացքում, բայց կարեւոր էր, որ ԵԽԽՎ-ն նաեւ անդրադառնա այս հարցին եւ հստակ կերպով դատապարտի: Ի վերջո՝ ԵԽԽՎ-ն եվրոպական այն կառույցի խորհրդարանական վեհաժողովն է, որը զբաղվում է Եվրոպայի մեջ Մարդու իրավունքների հարցերով, եւ հիշում ենք՝ որքան աղետալի երեւույթ էր ԵԽԽՎ-ի համար, երբ նրա նախկին նախագահը եւ բազմաթիւ ուրիշ պատգամաւորներ ուղղակիորեն առնչվեցին «Ադրբեջանական լվացքատան» սկանդալի մեջ: Հստակորեն ասենք՝ այս մարդիկ իրեց ստացած գումարների փոխարեն աշխատում էին Ադրբեջանական լոբբին զարգագնելու Եւրոպայում, որը, բնականաբար, հետապնդում է նաև հակահայկական եւ հակաարցախյան նպատակներ:
Ես չեմ զարմանա, եթե ԵԽԽՎ-ն որոշի պատժամիջոցների դիմել: Եթե Ռուսաստանի Դաշնության պարագայում հիմքերը բավարար էին ռուսական պատուիրակությանը պատժելու համար, ապա Ադրբեջանի պարագայում նրանք բավարարից ավելին են:
-Ներկա պահին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ինչպիսի՞ գործունեություն է ծավալում:
-Վերջին ամիսների ընթացքում բավական աշխույժ շրջան ունեցանք: 2019-ի ավարտին, ինչպես արդեն տեղյակ եք, Եվրոպական մի մեծ պատուիրակություն առաջնորդեցինք դեպի Արցախ՝ մասնակցելու Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին: Եվրոպայի տարածքում գործող մեր Հայ դատի հանձնախմբերի միջոցով կարելի եղավ 50-ից ավելի եվրոպացի քաղաքական գործիչներ առաջնորդել դեպի Արցախ:
Կազմակերպեցինք նաև Հայ դատի դրամահավաքը Բրյուսելում, ուր, մասնավորապես, ներկա գտնվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Գրասենյակի նախաձեռնութեամբ վերջինս ունեցավ մի շարք հանդիպումներ Բելգիայի հոլանդախոս և ֆրանսախոս բարեկամական շրջանակների հետ:
Բացի խորհրդարանի մեջ կայանալիք վաղվա մեր նախաձեռնությունը, մեր գալիք աշխատանքների շրջանակների մասին խոսելիս՝ տեղեկացնեմ, որ 2020-ին տեղի ունենալիք Արցախի ընտրությունների առիթով Եվրոպայի Հայ դատի գրասենյակը միջազգային անկախ դիտորդներից կազմված դիտորդական առաքելություն պիտի նախաձեռնի, ինչպես դա եղավ 2015-ի խորհրդարանական ընտրություններին և 2017-ի սահմանադրության հանրաքվեին:
Այս առիթով քաղաքական գործիչներից եւ լրագրողներից կազմված պատվիրակություններ նաեւ պիտի այցելեն Արցախ: Իսկ մեր ամենօրյա աշխատանքների շրջանակներում շարունակելու ենք ուշադիր հետևել Եվրոպական խորհրդարանի գալիք բանաձեւերին եւ հակազդել բոլոր հակահայկական այն նախաձեռնություններին, որոնք հանդես են գալիս բանաձեւերի փոփոխության առաջարկներով: