Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրությանը ներկայացրեց Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման համապարփակ ծրագիրը, որն, ըստ նրա, «դարի գործարքն» է: Այն այնքան օդիոզ էր, որ անմիջապես ծաղրի ալիք բարձրացավ: Բազմաթիվ լուրջ աղբյուրներ այն անվանեցին «դարի խարդախություն». ըստ yerkir.am-ի՝ գրում է Regnum-ը:
Հատկանշական է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրող Դմիտրի Սմիռնովի հեգնական գրառումը. «Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հաջողություններից, Իրանի հետ համաձայնագրի կատարումից և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումից հետ նոր ծանր գործ է սկսել՝ Իսրայելի և Պաղեստինի հակամարտության կարգավորումը: Որովհետև միջազգային ասպարեզում կուտակած փորձը չպիտի կորչի»:
Ըստ գործակալության՝ դա տարօրինակ չէ, եթե Թրամփի ծրագրին մակերեսորեն նայելիս լինենք: Սպիտակ տան ղեկավարը պաղեստինցիներին առաջարկում է համաձայնել մշտապես Իսրայելին հանձնել Հորդանանի արևմտյան ափի տարածքները, նաև Երուսաղեմն ամբողջությամբ ճանաչել իսրայելական: Փոխարենը Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով ընդլայնվում է Գազայի հատվածը՝ երկու նոր տարածքներով: Բացի դրանից՝ Գազան ստանում է բազմամիլիարդանոց ներդրումներ պաղեստինյան պետության զարգացման համար:
Անշուշտ, Թրամփը նաև հավելել է, որ «խնջույքի» համար վճարելու է ոչ թե ԱՄՆ-ը, այլ Մերձավոր Արևելքի երկրները, նախևառաջ՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Քաթարը, Եգիպտոսը, նույնիսկ՝ Թուրքիան: Ամերիկյան օգնություն էլ կլինի՝ «խելամտության սահմաններում»:
«Գաղափարը թվում է մաքրամաքուր զառանցանք: Պաղեստինցիներն անմիջապես այն ընկալեցին որպես վիրավորանք: Պոտենցիալ «ներդրողներն» էլ առանց ոգևորության արձագանքեցին: Սակայն «Դարի գործարք» կոչվածը թաքնված կողմ ունի՝ Իրանի վրա ազդելու նոր ճակատ է: Իսկ պաղեստինցիներին նույն դերն է հատկացված, ինչ քրդերին»,- նշում է Regnum-ը և պարզաբանում՝ բանն այն է, որ Պաղեստինը միասնական է միայն ՄԱԿ-ի ամբիոնից և իրողություններին քիչ ծանոթ եվրոպացիների տեսանկյունից:
Իրականում այնտեղ առաջնորդության համար լուրջ պայքար է ընթանում երկու խմբավորման միջև: Դրանցից մեկը «Հարաքաթ ալ Մուքավա ալ Իսլամիա»-ն է՝ «Դիմադրության իսլամական շարժում»-ը կամ ՀԱՄԱՍ-ը, որը վերահսկում է Գազայի հատվածը և համարվում է արմատական. նպատակն ամբողջ Պաղեստինի ազատագրումն է, այդ թվում՝ ռազմական ճանապարհով: Մի շարք երկրներում ՀԱՄԱՍ-ը հայտարարվել է ահաբեկչական կազմակերպություն:
Արևմտյան ափի պաղեստինյան անկլավը գտնվում է «Հարաթաք ալ Թահրիր ալ Վաթանի ալ Ֆալյասթինի»-ի՝ «Պաղեստինի ազգային ազատագրման շարժման» կամ ՖԱԹՀ-ի իշխանության տակ, որը համարվում է չափավոր:
Ըստ էության, Թրամփը ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը շատ գայթակղիչ առաջարկ է արել: ԱՄՆ-ը, միջազգային հանրության աջակցությամբ, ոչնչացնում է նրա գլխավոր հակառակորդի՝ ՖԱԹՀ-ի իրավական հիմքը, ինչը ՀԱՄԱՍ-ին դարձնում է բոլոր պաղեստինցիների միակ ներկայացուցիչը, հետևաբար՝ տնտեսական օգնության բոլոր ծրագրերը ստացողը: Դա տարեկան մոտ 400 մլն դոլար է ԱՄՆ-ից, 160 մլն՝ ԵՄ-ից, 140 մլն՝ սաուդցիներից, 70-ական մլն՝ Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից, նաև 430 մլն՝ այլ երկրներից, ընդհանուր առմամբ տարեկան՝ 1,27 միլիարդ՝ Պաղեստինի 4,6 միլիոն բնակչությանը: Գազայի հատվածին հասնում էր այդ գումարի 40 տոկոսը, հիմա կարող է ստանալ ամբողջ գումարը:
Դրան ավելացրած՝ Գազայի տնօրինության տակ կանցնեն երկու նոր տնտեսական գոտիներ, որոնք կգերազանցեն Գազայի մակերեսը, մեկը՝ գյուղատնտեսության զարգացման համար, մյուսը՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության: Երկուսն էլ նախատեսվում է ստեղծել լրացուցիչ ներդրումների հաշվին՝ 5 տարում՝ մոտ 10-12 մլրդ դոլարով:
Այնպես որ՝ համաձայնության դեպքում ՀԱՄԱՍ-ը հայտնվում է «շոկոլադի մեջ»: Սովորական պաղեստինցիները կհամարեն, որ նա հսկայական հաջողության է հասել և զգալիորեն բարելավել իրենց կյանքը, եթե նույնիսկ նրանց բաժին ընկնի ամբողջ գումարի տասներորդական մասը: Անշուշտ, բարդություն կա Երուսաղեմն ամբողջությամբ իսրայելական ճանաչելու հարցում, բայց մեծ քաղաքականության մեջ բլիթներ ուտելն ուղեկցվում է որոշ անհարմարություններով:
Եվ այս ամենը ՀԱՄԱՍ-ին կտրվի այն բանի դիմաց, որ, նոր գումարներով ուժեղացած, նա ջախջախի կամ գոնե թուլացնի իր մյուս անհաշտ ախոյանին՝ լիբանանյան «Ալլահի կուսակցություն» շարժմանը՝ «Հըզբոլլահ»-ին, որի հետ ունի ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնական տարաձայնություններ: ՀԱՄԱՍ-ում սուննիներ են, «Հըզբոլլահ»-ում՝ շիաներ: Բացի դրանից՝ «Հըզբոլլահ»-ը ծրագրում է Լիբանանում ստեղծել Իրանի նմանությամբ իսլամական պետություն:
Ահա այստեղ էլ, ըստ գործակալության, խաղում հայտնվում է Իրանը: Թե ինչ կլինի հետո պաղեստինցիների հետ, Վաշինգտոնին քիչ է հուզում, կարևորը հնարավորություն կա նրանց միմյանց դեմ լարելու, որ արաբների մի մասը կամավոր, սեփական նախաձեռնությամբ ոչնչացնի մյուս մասին՝ հանուն ԱՄՆ-ի հակառակորդի թուլացման:
Դրանից կշահի նաև Իսրայելը՝ ստանալով Ավետյաց երկրի մի հատված պաղեստինցիներից «մաքրելու» և իրեն միացնելու պաշտոնական հնարավորություն: Նաև կլուծվի Երուսաղեմի հարցը, նաև՝ կփոքրանա երկրի այն տարածքը, որը խոցելի կլինի պաղեստինյան հրթիռների համար, նաև՝ կվերանա Արևմտյան ափի բնակավայրերի հարցը: Այնպես որ՝ զարմանալի չէ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ակտիվությունը, որը մեկ Վաշինգտոնում է, մեկ՝ Մոսկվայում: Իսրայելի համար Թրամփի ծրագիրն իսկապես «Դարի գործարք» է:
ԱՄՆ-ի համար՝ նույնպես. հաջողության դեպքում հիանալի հնարավորություն է ունենում կասեցնելու իրանական աշխարհաքաղաքական էքսպանսիան տարածաշրջանում՝ առանց Իրանի հետ ուղղակի պատերազմի մեջ մտնելու, առավել ևս, որ դրա համար ռեսուրսներ չունի: Իհարկե, նաև լարվածություն կլինի տարածաշրջանում, որը դուրս է գալիս ամերիկյան ազդեցության տակից: Դա էլ շահավետ գաղափար է:
Regnum-ը եզրակացնում է՝ Թրամփի ծրագիրը «հիմար» անվանել չի կարելի: Մնում է սպասել՝ ՀԱՄԱՍ-ը կընկնի՞ այդ թակարդը, և ինչպե՞ս դրան կարձագանքեն ՖԱԹՀ-ն ու «Հըզբոլլահ»-ը: