կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-22 21:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ "Կուտոյանի ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ". Փաշինյանը խոսեց

Իհարկե, շատ ցավալի դեպք է՝ ըստ Yerkir.am-ի, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվանը և ավելացրեց՝ եթե չեմ սխալվում Քննչական կոմիտեում քրգործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով:

«Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որ քննվում է՝ ինքնասպանության հասցնելն է եւ ես կարծում եմ, որ դեպքի  հանգամանքները ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները: Նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ եւ 100 տոկոսով բացահայտվի: Ես երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որ այս գործը մինչեւ վերջին դետալը բացահայտի»,-ասաց նա:

Փաշինյանի խոսեց նաև հանրային շրջանակների անհանգստության մասին, որ կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ. «Վարչապետին ենթակա ԱԱԾ-ի պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը եւ ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությանը: Մասնակցել է անվտանգության խորհրդի քարտուղարը՝ որպես կառավարության եւ վարչապետի ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը»:

Նա նաև հռետորական հարց է ուղղել, թե ինչու այդ նույն մարդիկ հարց չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ էր դեպքը տեղի ունեցել․ «Նրանք վերաբերմունքի տարբերություններ ունե՞ն: Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել: Ընդ որում, նրանք պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում, եւ մենք պատշաճ, ինչ պետք է արվեր, արվել է եւ անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»:   

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միակ հրահանգը եղել է հնարավորինս օպերատիվ հասնել Գեորգի Կուտոյանի մահվան վայր եւ դեպքի վայրը պահպանելը։ 

«Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, որովհետեւ ի սկզբանե ահազանգ է եղել, որից հետո ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր։ Իմ միակ հրահանգն է եղել հնարավորինս օպերատիվ տեղ հասնել եւ պահպանել դեպքի վայրը, որպեսզի որեւէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հանցանշանները հնարավորինս պահպանվեն։ Հիմա ինչքանո՞վ է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, դա, իհարկե, քննության արդյունքում կպարզվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանի հարցին՝ արդյո՞ք պետք չէ պահպանել այն մարդկանց անվտանգությունը, որոնք իրենց անպաշտպան զգալով, դիմում են որեւէ մարմնի, վարչապետ Փաշինյանը պատասխանել է.

«Գեորգի Կուտոյանին կամ որեւէ այլ անձի հսկողության տակ պահելու համար պետք է իրավական հիմք։ Ենթադրենք՝ դեպքից առաջ ինչ-ինչ հանգամանքների բերումով մտնում էին իրավապահ մարմինները եւ դեպքը կանխում էին, պատկերացնո՞ւմ եք դրանից հետո ինչ էր լինելու, ես ստիպված էի լինելու պատասխանել, թե ինչ իրավական հիմքով են հսկողություն սահմանել Գեորգի Կուտոյանի նկատմամբ, ընդդիմությանը հետապնդում են եւ այլն։ Իշխանությունը կարող է միշտ բոլորի գործողությունները վերահսկել։ ՀՀ ոստիկանությունն այդպիսի գործառույթներ իրականցնում է։ Կան քաղաքացիներ, որոնք որոշակի հիմնավորումներով դիմում են, որ խնդիր ունեն եւ կրկին օրենքով սահմանված դեպքեր կան, եւ այդ դեպքերում մարդկանց անվտանգությունն ապահովվում է։ Ոստիկանությունը կամուրջների մոտ հերթապահություն է անում, բայց, ցավոք, լինում են ինքնասպանության դեպքեր»։

Վարչապետն ասաց, որ ՔԿ-ի պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որը շատ նուրբ իրավիճակներ է ստեղծում. «գործողությունը, որի արդյունքում մահը վրա է հասել՝ ինքնասպանությունն է»։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երեւանի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։