կարևոր
3181 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-14 14:51
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը խոսեց Ալիևի հետ հանդիպման հնարավորության մասին

Նիկոլ Փաշինյանը խոսեց Ալիևի հետ հանդիպման հնարավորության մասին

Առաջիկայում որևէ ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին հանդիպում նախատեսված չէ։ Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, բայց մյուս կողմից մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման մասին»,- ասաց նա։

Կառավարության ղեկավարը նկատեց, որ նախկինում Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումներում կողմերը տարբեր պայմանավորվածություններ են ձեռք բերել, սակայն դրանք կյանքի կոչելն անհնար է դարձել ադրբեջանական կողմի գործողությունների պատճառով։

«Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատանքները բրյուսելյան ձևաչափով, բայց ասում է՝ եկեք սկսենք կետ-կետ իրագործել այն, ինչ պայմանավորվել ենք։ Եթե տասից ավելի պայմանավորվածություններ կան, որոնք չեն իրագործվում, ինչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանք կատարել։ Իսկ այդ պայմանավորվածությունները վերաբերել են Լեռնային Ղարաբաղին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատ արձակմանը և այլն»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ բրյուսելյան ձևաչափի հետ կապված ֆունդամենտալ խնդիր է տեսնում։

Փաշինյանի գնահատմամբ՝ ամենաարդյունավետ բանակցությունները, որոնք հստակ արդյունքով են պսակվել, եղել են Պրահայում՝ քառակողմ ձևաչափով՝ Ֆրանսիայի մասնակցությամբ։ Ընդ որում, վարչապետը նկատեց, որ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս այս ձևաչափին։