Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նեոնացիստներն այլևս հնարավորություն չեն ունենա ուխտագնացություն կատարելու այն տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը։ Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կառույցը, որտեղ լույս աշխարհ է եկել բռնակալը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Այս որոշումը վերջ կդնի Բրաունաու Ամ Ինն փոքր քաղաքի Salzburger Vorstadt 15 հասցեում գտնվող կառույցի շուրջ բազմամյա վեճերին։ Շուրջ մեկ հարյուրամյակ այն պատկանել է Պոմմեր ընտանիքին։ Այնտեղ եղել է հյուրանոց, այնուհետև՝ հաշմանդամների օգնության կենտրոն, որի համար սեփականատերերը իշխանություններից ամսական մոտ 5000 եվրո են ստացել։ Այնուամենայնիվ, մասնավորի և պետության միջև այս համագործակցությունը մոտ երեք տարի առաջ խաթարվել է։ Տանտերերը չեղյալ են համարել իշխանությունների հետ պայմանագիրը, և Վիեննան սկսել է մտահոգվել, որ այն կանցնի Հիտլերին մեծարողների ձեռքը։ Խորհրդարանը նույնիսկ հարկադրված է եղել նոր օրենք ընդունել, որը թույլ էր տալիս 800 000 եվրոյի դիմաց բռնագրավել շենքը։
Մի քանի տարի շարունակ բանավեճեր են եղել շենքը քանդելու շուրջ։ Սակայն այժմ ՆԳՆ-ն այն կարծիքին է, որ շենքը ոստիկանական բաժանմունքի վերածելու որոշումը պարզ ազդանշան է այն մասին, որ նացիոնալ-սոցիալիզմն այլևս երբեք չի վերադառնա Ավստրիա։
Շենքն այս պահին վերանորոգման փուլում է։ Մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ Դրան մասնակցելու համար հրավիրված են ճարտարապետներ ամբողջ Եվրոպական Միությունից։