կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-02 15:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նվիրյալ դաշնակցական Կարո Քեբաբջյանին «Եռաբլուրում» հետմահու պարգևատրեցին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջյանին «Եռաբլուրում», ուր այսօր ամփոփվեց նրա մարմինը, հետմահու պարգևատրեցին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով հանձնեց Քեբաբջյանի որդուն՝ ասելով, որ հայրիկի գործը հիմա նրանք պետք է շարունակեն։

«Կարո Քեբաբջանի կյանքն ինքնին եղել է մեր ժողովրդի պատմության արտացոլումը։ Լինելով Արևմտյան Հայաստանի ծնունդ, իր ծնողները մազապուրծ են եղել Ցեղասպանությունից, եկել, հաստատվել են Լիբանանում, այնտեղ նորից ոտքի են կանգնել, արարել են։ Պրն․ Քեբաբջյանի հայրիկը եղել է հայտնի խմբապետ, ով բազմաթիվ սխրագործություններ է կատարել Մերձավոր Արևելքում ինքնապաշտպանական մեր գործի ընթացքում։ Նույնպիսի  եռանդով Կարո Քեբաբջյանն է մասնակցել այդ գործին։ Նա նաև շատ ավելի կարևոր ներդրում ունեցավ՝ մարմնամարզության միջոցով համախմբելով նույնիսկ տարբեր քաղաքական տեսակետներ ունեցող հայկական ուժերին»,-ասաց Դավիթ Բաբայանը։

Թող Մայր հողը փափուկ լինի իրենց համար, ասաց նա, բայց մեզ՝ ողջերիս, պայքարողներիս համար պինդ լինի և ամուր լինի, որովհետև իրենք իրենց մարմիններով պետք է պնդացնեն մեր հողը։

«Աստված մեծ է և չի արժանացնելու մեր ժողովրդին այն ճակատագրին, որին, միգուցե, նա արժանի է, քանի որ հայ ժողովուրդը ընտրյալ ժողովուրդ է, պետք է շարունակենք մեր մաքառումներն ու մեր պայքարը»,-ասաց Դավիթ Բաբայանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից էր ընկեր Կարոն Հայաստանում՝ Հայաստանի Արցախյան հատվածում, առաջարկելով իր ծառայությունները, իր կարողությունները, իր գիտելիքը և հմտությունները՝ կոփելով զինվորների, խրախուսելով և քաջալերելով նրանց։

«Եվ զարմանալի չէ, որ 1999 թ-ից Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչը հավատում էր Արցախին, Արցախի հաղթանակին և իր խոսքով ու գործով Արցախն ուզում էր սարքել երջանիկ քաղաք։ Եվ, թերևս, այն առաջին ներդրողներից էր, ով Շուշիում ներդրում կատարեց և Շուշիում հյուրանոց հիմնեց»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ ընկեր Կարոյի հետ վերջին անգամ ծրագրեր է քննարկել Քարվաճառում․ «Երկար ու մեծ ծրագրեր ունեինք, որոնք կարող էին Քարվաճառի կյանքը էլ ավելի բարելավել։ Ցավոք, չհասցրինք։ Բայց եթե մեզ համար ընկեր Կարոյի հիշատակը թանկ է, մենք պարտավոր ենք ընկեր Կարոյի ծրագրերը իրականացնել»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․