Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրթության, մշակույթի, սպորտի կարևորագույն ոլորտների պատասխանատու անձնավորությունն իրեն իրավունք է վերապահում մեծամտաբար, գոռոզաբար որակումներ տալու տարբեր կարևորության հարցերի. «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարեց կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադարձ կատարելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարություններին: «Խոսքի ազատության ջատագովն իրեն իրավունք է վերապահում մի ամբողջ կուսակցության արգելել զբաղվել ոլորտի աշխատանքներով»,- հավելեց նա:
Լևոն Մկրտչյանը հիշեցրեց՝ Արայիկ Հարությունյանը կրկին մերժում է բանավեճ ծավալել: «Բարձրագույն ճշմարտության հասու դեմքով սկսում է խոսել մեր ժողովրդի համար խիստ կարևոր արժեքային համակարգերի փոփոխության մասին՝ անգամ իրեն թույլ չտալով թեկուզ սովորական բանավեճ ձևավորել այդ ուղղությամբ: Զարմանալի և իսկապես մտահոգիչ է, և ցավով պիտի արձանագրել, որ այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը չի գիտակցում, թե ինքն ինչ պատասխանատվության ներքո է գտնվում»,- նշեց նա:
ԿԳ նախկին նախարարը «պարզունակ ռևիզիոնիզմ» որակեց Արայիկ Հարությունյանի՝ նախկինում կրթական համակարգն ավերելու մասին հայտարարությունները: «Առնչվում ենք պարզունակ ռևիզիոնիզմի հետ, երբ փորձում է սեփական աշխատանքի բացերը լրացնել՝ անցյալը ռևիզիայի ենթարկելով և ջնջելով»,- շեշտեց նա:
Լևոն Մկրտչյանը փաստեց՝ Արայիկ Հարությունյանը վայելում է նախկինում կատարված աշխատանքի արդյունքները: «Ես աշխատել եմ իբրև նախարար 2016-2018 թվականներին՝ մոտավորապես այնքան, ինչքան հիմա արդեն ինքը կաշխատի: Եվ այս երկու տարիների ընթացում մեր կատարած աշխատանքի արդյունքները առ այսօր «վայելում է» պարոն Հարությունյանը. բացում է դպրոցներ՝ չինական, ավագ դպրոցներ, նախակրթարաններ, շրջանառության մեջ են դրվում 2017-2018 թվականներին մշակված օրինագծերը, օրինակ՝ դպրոցների ֆինանսավորման կարգը, Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շենքի կառուցումը, դպրոցների առաջին դասարանցիների ընդունման էլեկտրոնային համակարգը, որոնք երկարատև և հետևողական աշխատանքի արդյունք են: Եվ նա, առանց փաստերի և հիմնավորումների, իրեն թույլ է տալիս խոսելու ինչ-որ քանդված լինելու մասին»,- մանրամասնեց Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ այսուհետև ինքը պահանջելու է յուրաքանչյուր որակման համար կոնկրետ փաստեր:
Նրա խոսքով՝ անթույլատրելի է ոլորտային քննարկումը տեղափոխել քաղաքական դաշտ:
«Ի՞նչն է իրեն իրավունք տալիս՝ իր անցած ճանապա՞րհը, իր վաստա՞կը, որ կարողանա 100-ամյակից ավելի պատմություն ունեցող կուսակությանը բաժանել սփյուռքյան հատվածի, հայաստանյան հատվածի: Տվյալ անձնավորությունը պետք է հասկանա, որ սփյուռքի Դաշնակցությունն առանց տեղական կառույցի համաձայնության որևէ մի պաշտոնյայի չի ընդունի, առավել ևս՝ կրթության, և եթե իրեն ընդունում են, ապա՝ որպես ԿԳՄՍ նախարար»,- ասաց նա:
Երկու տարվա ընթացքում, բացի նախկին ծրագրերից, ի՞նչ կոնկրետ գործունեություն է կատարված՝ հարցադրում է անում նախկին նախարարը և ավելացնում. «Կա տարրական շնորհակալության գաղափար, օրինակ՝ կարելի էր, չէ՞, առաջին դասարանցիների ընդունելության դպրոցական էլեկտրոնային համակարգի ներմուծման համար շնորհակալություն հայտնել փոխնախարար Դավիթ Սահակյանին և նրա թիմին՝ մեկ տարվա ծանր աշխատանքների համար, կամ՝ դպրոցների ֆինանսավորման նոր կարգի համար շնորհակալություն հայտնել տարածքային կառավարման նախարարությանը, կրթության նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, որ 2017 թ. ընթացքում իսկապես գտան այդ բանաձևը, որով փոքր աշակերտություն ունեցող դպրոցները պաշտպանվում էին»:
«Եթե առերես հանդիպեիք Արայիկ Հարությունյանին, ի՞նչ կասեիք» հարցին Լևոն Մկրտչյանն այսպես արձագանքեց. «Ես այլևս ցանկություն չունեմ հանդիպելու, և եթե լինի բանավեճ, որին կհրավիրվենք, կխոսենք, թեմաները շատ են, իսկ Արայիկ Հարությունյանին՝ իբրև մեծ պատասխանատվություն կրող երիտասարդի, կասեի՝ մի քիչ սաստի՛ր քո գոռոզությունն ու ամբարտավանությունը, չի՛ կարելի: Մեծամտությամբ չի կարելի նայել ապագային»:
Ավարտին նախկին նախարարը մեջբերեց հին հռոմեական հայտնի ասացվածքը. «Նա, ով իր անցյալին նայում է մեծամտությամբ և արհամարհանքով, ապագային նայում է վախով և կասկածանքով»: «Ես չէի ուզենա, որ մենք ունենանք պաշտոնյաներ, որոնց գործունեության շնորհիվ սկսենք ապագային նայել վախով և կասկածանքով»,- խոսքը եզրափակեց Լևոն Մկրտչյանը:
Նա անդրադարձել է նաև մեծ աղմուկ հանած «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագրին, դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան կրճատելու, ոչ մասնագիտական բուհական ծրագրերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու և այլ խնդիրների:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: