Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ճապոնիայի կայսր Նարուհիտոն պաշտոնապես հայտարարել է իր գահակալման մասին՝ ըստ երկրի սահմանադրության և կայսերական տան մասին օրենքի: Նրա ուղերձը հնչել է Տոկիոյում ընթացող գահակալման արարողության ժամանակ. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես գահ բարձրացա՝ համաձայն սահմանադրության և կայսերական տան մասին օրենքի: Անցկացնելով գահակալման արարողությունը՝ մենք այս մասին հայտարարում ենք երկրին և ամբողջ աշխարհին»,- ասել է միապետը:
Արարողությունն ընթանում է կայսերական պալատի ամենահռչակավոր «Սոճու դահլիճում», որտեղ տեղադրված է հսկայական զանգվածով գահ՝ 6,5 մետր բարձրությամբ և 8 տոննա քաշով, որը պատրաստվել է ըստ անցյալ դարավերջի հին նմուշների:
Արարողությանը մասնակցելու նպատակով Ճապոնիա են ժամանել 174 երկրի և տարածքների 400 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 70-ից ավելի միապետեր և պետությունների ղեկավարներ: Կայսերը շնորհավորելու համար հրավիրված են նաև ճապոնական հասարակության բոլոր խավերի 1,6 հազար ներկայացուցիչներ՝ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ատյանների ղեկավարները, կառավարության անդամներ և նախկին վարչապետեր, պրեֆեկտուրաների նահանգապետեր, գիտնականներ, մարզիկներ, գրողներ, ինչպես նաև գործարարներ:
Հիշեցնենք, որ 59-ամյա Նարուհիտոն կայսեր լիազորությունները ստացել է մայիսի 1-ից հետո, երբ ապրիլի 30-ին հանգստի անցավ հայրը՝ 85-ամյա Ակիհիտոն: Նա դեռևս 2016 թվականին գահից հրաժարվելու ցանկություն էր հայտնել՝ կապված տարիքի հետ, սակայն ճապոնական օրենսդրությունը միապետից պահանջում է իր պարտականությունները ցմահ կատարել: