կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-07 09:11
Հասարակություն

Հիասքանչ Ծալկան ու նրա հետաքրքիր բնակիչները (լուսանկարներ, տեսանյութ)

Վրաստանի ճանապարհներից մեկն էլ տանում է Ջավախք՝ Ծալկայի շրջան, որն իր մեջ ներառում է մի շարք գյուղեր (Բուռնաշեթ, Այազմա, Դարագյուղ, Ղուշչի, Նարդևան, Ղզլքիլիսա, Աշխալա, Օզնի, Խաչգյուղ, Ղաբուռ, Դաշբաշ, Արվանլի, Բեշթաշ), որոնք բնակեցված են հիմնականում հայերով: Բարձրադիր սարերից իջնելիս աչքերի առաջ հառնում է գեղեցիկ մի տեսարան՝ անտառների ու սարերի մեջ ծվարած փոքրիկ գյուղեր, որոնք, վերևից նայելիս՝ թվում է, թե ձեռքից ափի մեջ կտեղավորվեն: Իսկ ահա ուշ երեկոյան այստեղից իջնելիս տեսարանն ավելի պատկերավոր է դառնում. բարձունքից նայելիս գյուղերի տներից երևացող լույսերը աստղազարդ երկինք են հիշեցնում:

Վերջին տվյալներով՝ բնակչության քանակը 18,9 հազար է եղել:  Համեմատելով 20 տարի առաջվա հետ, արձանագրում ենք՝ բնակչությունն, ինչ խոսք, ակնհայտորեն նվազել է, պատճառն էլ միանշանակ է՝ լավ կյանքից չէ: Այս բնակավայրը դարերի պատմություն ունի: Ծալկան հիմնադրել են էրզրումի վիլայեթից գաղթած հայերը, 1829-1830 թվականներին կոչվել է Բարմաքսըզ, 1936 թվականին դարձել է շրջկենտրոն և վերանվանվել Ծալկա։ 

Հյուրընկալ և հետաքրքրասեր մարդիկ են ծալկեցիները: Գյուղում հայտնված նոր մարդկանց միանգամից նկատում են, տնտղում, հարցուփորձ անում՝ ո՞վ ես, ո՞ւմ զավակն ես, ի՞նչն է քեզ բերել այստեղ: Այնուհետև անպայման տուն են հրավիրում, գյուղի բարիքներից հյուրասիրում, մի բան էլ «հետդ դնում»: Գյուղացիները բարեկամական կապերով կապված են իրար: Հետո պարզում են, որ քեզ էլ են հեռու-մոտիկ բարեկամ, բայց անգամ այս հանգամանքը հաշվի չառնելով՝ խոսք են գցում «էս լավ աղջկան» իրենց տղայի հետ «պսակելու» մասին:

Պարտադիր հարցնում են` «Հավանեցի՞ր մեր գեղը», «Կապրեի՞ր մեր քով», «Սենց մաքուր օդ էլ ուրդե՞ղ կա» «Սենց սիրուն բնություն տեսե՞լ էիր»: Հետաքրքիր մարդիկ են ծալկեցիները: Սարեցի լինելով պայմանավորված՝ փոքր-ինչ կոպիտ են, բայց, միևնույն ժամանակ` չափից շատ ջերմ ու անմիջական:

Ծալկայում հաց ու պանիրն էլ այնքան համով է ուտվում, որ ոչնչով չի զիջում գառան խաշլամային: Հա, ի դեպ, գառան խաշլամայից լավ բան մեկ էլ Փարվանայից բռնած թարմ «ալա ձուկն ու ռաբուշկան» է:

Իսկապես, բնակավայրն առանձնանում է գեղեցիկ բնությամբ. սարերի վրա՝ հինավուրց վանքեր, ժայռակերտ ձորեր, գետեր, լճեր, մի խոսքով՝ իսկական դրախտ՝ լավ ժամանակ անցկացնելու համար: Պետք է առանձնացնել Դաշբաշի ձորը, որը հիասքանչ վայր է զբոսաշրջիկների համար: Փոքրիկ եկեղեցու կողքից իջնող երկար ու փորձություններով լի ճանապարհը հաղթահարելուց հետո մի անկրկնելի պատկեր է բացվում աչքերիդ առաջ. բարձունքից թափվող ջուր, կանաչապատ տարածքի մեջ ձոր, մի խոսքով՝ աներևակայելի տեսարան: 

Բուռնաշեթցի տարեցները ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ափսոսանքով պատմում էին՝ բնակչությունը բռնել է արտագաղթի ճանապարհը, գյուղերը գնալով դատարկվում են. «Երիտասարդությունը չի ուզում մնալ այստեղ, ձգտում է մեկնել արտերկիր. աշխատանք չկա, պայմաններն էլ բարվոք չեն»,- ասում են նրանք՝ ընդգծելով, որ կան նաև այնպիսիք, ովքեր որոշել են մնալ և ծաղկեցնել գյուղերը:

Գյուղացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ, հողագործությամբ՝ տնկել, հնձել, մշակել, ապա վայելել բերքն ու բարիքը: Օրը սկսվում է առավոտ կանուխ. անասուններին ճանապարհելուց հետո զբաղվում են հողագործությամբ, տնային աշխատանքներով՝ լավաշ թխել, պանիր «շինել» և այլն:

Արդեն երեկոյան, ավարտելով գործը՝ առօրյա հոգսերից թոթափվելու համար դուրս են գալիս՝ շփվելու միմյանց հետ: Գյուղի տարբեր հատվածներում «մայլեցիներով» խումբ-խումբ հավաքված՝ «խոսք-խորաթա» են անում դեսից- դենից: 

Գյուղում կյանքը եռում է հատկապես գարնանից մինչև աշուն, ձմեռը համարվում է հանգստի շրջան. գյուղի տղամարդիկ հիմնականում մեկնում են արտերկիր՝ աշխատանքի, իսկ կանայք՝ անտրտունջ սպասում նրանց: Առօրյա միապաղաղ կյանքը փոքր-ինչ հետաքրքրացնում են տարբեր գյուղերում տարվա ընթացքում նշվող ավանդական տոները: Օրինակ՝ սեպտեմբերի 2-ին, Այազմա գյուղում աշուղական երգի տոն է լինում՝ նվիրված այս գյուղի ծնունդ, աշուղական երգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը:

Ծալկեցիները ևս անմասն չեն մնացել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից. հարցնում են՝ «լա՞վ է լինելու», ժպտում եմ՝ փորձելով չհիասթափեցնել՝ դրական պատասխան եմ տալիս: Բուռնաշեթցի Վեներա տատը մեծ հույսեր է կապում մեր նոր իշխանությունների հետ. «Հույս ունենք՝ մեզ էլ մարդատեղ կդնեն, կյանքներս կբարելավվի, մարդիկ չեն թողնի գնան: Աղջիկներս ամուսնացել են, գնացել են արտերկրում ապրելու, աշխատելու, մենակ եմ մնացել: Հույս ունենք աշխատատեղեր, մանկապարտեզներ, ժամանցի վայրեր կբացվեն, մարդիկ չեն թողնի իրենց բնակավայրը»,- թաց աչքերով ասում է Վեներա տատը: 

Նշենք, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերևս միակն էր, ով չանտեսեց նախկին իշխանություների կողմից «մոռացված ջավախահայերին»: Հեղափոխությունից հետո Փաշինյանն իր Վրաստան այցի շրջանակներում կանգ առավ նաև Ծալկայում: Այցը մեկնարկեց Այազմա գյուղից: Փաշինյանը բնակչությանը հավաստիացրեց, որ հայ-վրացական հարաբերությունների նոր մակարդակ է ձևավորվել՝ վստահեցնելով, որ այն կարտահայտվի նաև Վրաստանի հայության և հայաբնակ շրջաններում:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի և թավշյա հեղափոխության ընթացքում զգացել է նաև այստեղի հայության աջակցությունը, սերն ու հոգատարությունը ՀՀ-ի և հայ ժողովրդի ապագայի նկատմամբ: Հետևաբար, Հայաստանում կերտված հաղթանակը պատկանում է նաև նրանց:

Lurer.com