Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը՝ հոկտեմբերի 1-ին, տեղի կունենա Հայաստանի համար տարվա գլխավոր տնտեսական միջոցառումը՝ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Հայաստանում կլինեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդ երկրի ղեկավար, և հրավիրյալներ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին (այսօր երեկոյան կժամանի Երևան) ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն:
Ի դեպ, ԵԱՏՄ շրջանակներում Հայաստան պետք է այցելեր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, սակայն The Washington Post-ին տված հարցազրույցում փաստաբանը նշել է, որ չի այցելի, քանզի Երևանում է գտնվելու նաև Վլադիմիր Պուտինը:
Սինգապուրի վարչապետը ՀՀ վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսում երեկ գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Սա Սինգապուրի և Հայաստանի ղեկավարների միջև երկրորդ հանդիպումն էր այս տարի: Հուլիսին Նիկոլ Փաշինյանը Սինգապուրում Լի Սյեն Լուի հետ քննարկել էր մի շարք ներդրումային ծրագրեր: ԵԱՏՄ նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ տնտեսական առևտրի վերաբերյալ համաձայնագիր:
Հայաստանի համար թերևս նշանակալի է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը: Եթե Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում, ապա, ըստ իրանական IRNA գործակալության, Իրանի նախագահականի ներկայացուցիչներից Փարվիզ Էսմայիլին նշել է, որ նախատեսվում է Ռոհանիի հանդիպումը ՀՀ վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Թեև չի մանրամասնվում՝ որոնք են լինելու երկկողմ հանդիպման առանցքային թեմաները, այնուհանդերձ, հստակ է, որ Հայաստանը պետք է ցանկացած պատեհ առիթ օգտագործի՝ իրանական գործոնի միջոցով տնտեսական օգուտներ քաղելու համար:
Yerkir.am կայքի հետ զրույցում իրանագետ Ահարոն Վարդանյանը նշեց, որ այս այցից ակնկալիքները շատ են, քանի որ այցը տեղի է ունենում ԵԱՏՄ շրջանակում, իսկ Իրանը բազմիցս է ցանկություն հայտնել համագործակցելու կառույցի հետ: «Պետք է Իրանից կարողանալ քաղել առավելագույնը, քանի որ աշխարհագրական դիրքի պատճառով մենք մեզ չենք կարող այլ «ճոխություններ» թույլ տալ: Հստակ չէ, թե ինչ օրակարգով են բանակցելու Հայաստանի և Իրանի ղեկավարները, բայց դաշտը մեծ է, և կարելի է ամեն բան օգտագործել տնտեսական, քաղաքական և այլ բնագավառներում»,- ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս այցից հետո որոշակի առաջընթաց արձանագրվի ինչպես Երևան-Թավրիզ մայրուղու, այնպես էլ հայ-իրանական երկաթգծի ծրագրերի կյանքի կոչման համար՝ հաշվի առնելով նաև այն, որ մի քանի տարի առաջ առաջարկված՝ մայրուղու ծրագիրը վերջին շրջանում դարձյալ քննարկումների թեմա է, Ահարոն Վարդանյանը փաստեց, որ Իրանի հետ ցանկացած տնտեսական ծրագիր սկսելու համար հաղորդակցության ուղիները կարգի բերելն անհրաժեշտություն է: «Ոչ միայն Երևան-Թավրիզ մայրուղին պետք է կառուցվի, այլև, ընդհանրապես, Իրանի հետ հաղորդակցության բոլոր ճանապարհները, այդ թվում՝ Հյուսիս-հարավ մայրուղին: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթուղուն, ապա դա ցավոտ թեմա է մեր արևելյան հարևանների համար, որոնք սարսափում են դրանից: Այս ծրագրի կյանքի կոչման համար պետք է անել առավելագույնը, քանի որ այն երկու երկրների համար, հատկապես՝ Հայաստանի, ունի ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն»,- նշեց իրանագետը:
Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը սահման ունի Իրանի հետ: Այս հանգամանքը, անշուշտ, լայն հնարավորություններ է ստեղծում մեկուսացման մեջ գտնվող Հայաստանի համար՝ Իրանի ներգրավվածության շնորհիվ զարկ տալու տնտեսությանը: Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ նախագահող երկիր, նախաձեռնողի դերում հանդես եկավ Իրանին, ինչպես նաև Սինգապուրին կառույցի շրջանակում ներգրավելու գործում, ինչը օգուտ կտա ոչ միայն ԵԱՏՄ-ին, այլև մասնավորապես Հայաստանին: