|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 17-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության լրատվական ծառայությունից:
Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը շեշտել է մարզական խոշոր միջոցառման կարևորությունն Արցախի մարզական ու սոցիալ-տնտեսական կյանքում՝ ընդգծելով բարձր մակարդակով 7-րդ ամառային խաղերը հյուրընկալելու արցախցիների պատրաստակամությունը: Պետական նախարարն, ըստ այդմ, շեշտել է կազմակերպչական աշխատանքները համակարգված իրականացնելու, խնդիրներին օպերատիվ արձագանքելու և փոխգործակցության անհրաժեշտությունը:
Զեկուցմամբ հանդես է եկել աշխատանքային խմբի ղեկավար, համահայկական խաղերի միջազգային կոմիտեի անդամ Վարդան Բալայանը: «Օգոստոսի 6-ին խաղերի բացման արարողությունն, իսկ 7-ին և 8-ին մարզական միջոցառումների անցկացումը Արցախ է բերելու ավելի քան 4000 մարզիկ՝ շուրջ 190 երկրից: Այս օրերին աշխատանքներ են տարվում մարզիկների ու հյուրերի գիշերակացն ու ժամանցն ապահովելու համար: Առկա հյուրատները, զբոսաշրջային տներն ու մասնավոր հատվածի հետ բանակցությունները՝ կեցության վայրերը ժամանակակից պայմաններին համապատասխանեցնելու ուղղությամբ, շարունակվում են»,- տեղեկացրել է Վ. Բալայանը:
Շինարարական լրացուցիչ աշխատանքների, տրանսպորտային հարցերի, մշակութային միջոցառումների շուրջ պարզաբանումներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:
Պետական նախարարը հանձնարարել է կարճ ժամկետներում առկա տեխնիկական հարցերի շուրջ հանդես գալ լրացուցիչ առաջարկություններով, ուշադրություն հրավիրել անվտանգության հատուկ միջոցառումների անցկացմանը: