Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագիրը պատռելու մասին հարցին, ասաց, որ իրեն վիրավորել ու ծանուցագիր են ուղարկել:
«Ում պետք ա, թող ուղարկեն, իրենց պարտականությունը կատարեն ու գործը բացահայտեն: Մենք ասել ենք մեր կարծիքը, որ եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքը հաստատվում է, որ դա սարքած, շինծու գործ է: Դրա համար իրենց պետք է համապատասխան իրենց մասնագիտական գործը կատարեն ու հարցը բացահայտեն»,– նշեց պատգամավորը:
Դիտարկմանը, որ եթե չներկայանա հարցաքննության, ըստ օրենքի, կարող են բերման ենթարկել իրեն, Ծառուկյանն արձագանքեց՝ իր իրավունքները լավ գիտի: «Մարդիկ թող մասնագիտորեն իրենց գործով զբաղվեն, դա Քենեդու սպանությունը չէր: Ամբողջ քաղաքը կա կամերաներ, ամբողջ ժողովուրդը խոսում է: Ես ասել եմ, եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի այն խոսքերին, թե Աբովյանը չպետք է դառնա «գործ տվողների» քաղաք, ԲՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց`ոչ թե գործ տալու, այլ անհիմն հայտարարություններ անելու, բողոք գրելու մասին է խոսքը եղել:
Դառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններում Վահագն Գևորգյանի հաղթանակը արժանապատիվ աբովյանցու պարտությունն էր, Ծառուկյանը նշեց. «Եթե որևիցե մեկը կարող է ժողովրդին ասել` անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարժանապատիվ, իրավունք չունի որևիցե մի քաղաքացու վիրավորելու, այլ հիմնական աբովյանցիները կատարել են իրենց պարտքը` անկախ նրանից` Գրիգորին են տվել, Վահագին են տվել, Մանուկին են տվել, Սասունին են տվել, մարդը կատարել է իր պարտականությունը, և նորից եմ ասում՝ աբովյանցիների ցավը տանեմ բոլորի»: