կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 22:51
Արցախ

Արցախում կստեղծվի քննչական կոմիտե

Արցախում կստեղծվի քննչական կոմիտե

Նախօրեին Ազգային ժողովի լիագումար նիստում 25 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ «ԱՀ քննչական կոմիտեի մասին» օրենք է ընդունվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծը՝ կից փաթեթով Խորհրդարանին է ներկայացրել ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
 
Նրա խոսքով՝ Արցախում վերջին տարիներին առանձնապես օրակարգային է դարձել նախաքննական մարմինների գործունեությանը խոչընդոտող օբյեկտիվ երևույթների վերացման ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու պահանջը: Նշված մարմինների պրակտիկ աշխատանքի վերլուծությունը առաջ է քաշել մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են նախաքննական մարմինների կազմակերպա-իրավական կարգավիճակում փոփոխությունների և կառուցակարգային նոր մոտեցումների մասին:
 
«Նախնական քննության ընթացքում հետաքննության և նախաքննության մարմինների շահերի միջև պարբերաբար կարող են առաջանալ բախումներ, որոնցից տուժում է ողջ քննությունը: Շատ դեպքերում նախաքննական մարմինը ստիպված է լինում ապահովել հետաքննական մարմնի աշխատանքի արդյունավետությունը: Գործադիր իշխանության մարմնի կազմում քննչական մարմինը գործում է տվյալ գործադիր իշխանության մարմնի նյութատեխնիկական բազայի հիման վրա, ինչը ուղղակի ազդեցություն է ունենում քննչական մարմինների անկախության վրա: Քննչական մարմինը քրեական արդարադատության համակարգում իրականացնում է անկախություն և դատավարական ինքնուրույնության բարձր աստիճան ենթադրող գործառույթ: Այս առումով քննչական մարմինը չի կարող ենթակա լինել կառավարությանը կամ նախարարություններին:
Քննիչների անկախությունը և դատավարական ինքնուրույնությունը կլինի երաշխավորված, եթե քննիչը, անկախ պետական մարմինների պատկանելությունից, օժտված լինի միևնույն իրավական կարգավիճակով, սոցիալական, տնտեսական և իրավական միևնույն երաշխիքներով: Տարբեր գերատեսչություններում գործում են քննիչների տարբեր աշխատավարձերի չափեր, սոցիալական ապահովության տարբերվող երաշխիքներ: Մինչդեռ սոցիալական արդարությունը պահանջում է միասնականացնել օրինաբնույթ աշխատանք կատարող քննիչների աշխատավարձը և սոցիալական երաշխիքները: Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ նախնական քննության իրականացման գործող վիճակը ունի անավարտ մասնատված բնույթ, ինչի լուծման տարբերակներից մեկը պիտի հանդիսանա միասնական քննչական մարմնի ստեղծումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետական կառավարման մարմինների համակարգում գործող քննչական ստորաբաժանումները լուծարել՝ այդ գործառույթը վերապահելով ինքնուրույն պետական մարմին համարվող քննչական մարմնին, ինչպես նաև միասնականացնել քննիչների իրավական կարգավիճակը»,- մանրամանել է Ա.Դանիելյանը:
 
Նրա խոսքով՝ կարգավորման նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը, բարձրացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը և ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և հարկային մարմնի կառուցվածքում գործող քննչական մարմինների հիմքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին: Նախագծի ներկայացմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք օրենքներում:Գլխադասային՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: