կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-25 10:11
Տարածաշրջան

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ երկխոսության խոչընդոտները

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ երկխոսության խոչընդոտները

Ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականը հրապարակել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչիի հոդվածը, որում նա ներկայացրել է Իրանի՝ ԱՄՆ-ի հետ երկխոսության խոչընդոտները: Հոդվածում իրանցի դիվանագետը ներկաացրել է Միջուկային համապարփակ համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալուց հետո ԱՄՆ-ի ձեռնարկած հակաիրանական գործողությունների ընթացքը՝ նշելով, որ դրանք, փաստորեն, անհնար են դարձնում ԱՄՆ-ի հետ երկխոսության հնարավորությունը:

 «Իրանի հետ ԱՄՆ-ի երկխոսության առաջարկն ունի երեք խոշոր խոչընդոտ. նախ` պատմությունը ցույց է տալիս, որ իրական եւ կառուցողական բանակցությունները չեն կարող կայանալ ահաբեկման, հարկադրանքի եւ պատժամիջոցների ստվերի ներքո: Երկխոսությունը կարող է արդյունավորվել, եթե երկու կողմերը հավատարիմ լինեն փոխադարձ հարգանքի սկզբունքին եւ բանակցեն հավասար պայմաններում: Երկրորդ` Թրամփի վարչակազմն Իրանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին հանդես չի գալիս միասնական դիրքերից: Նրանք, ովքեր ցանկանում են հակամարտություն հրահրել, փորձում են ի չիք դարձնել ցանկացած օգտակար եւ իմաստալից երկխոսության հնարավորություն: Եվ վերջապես, նախորդ տարի Թրամփի՝ առանց որեւէ հիմնավոր պատճառի Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու մասին որոշումը, որը հակասում էր միջազգային հանրության միաձայն կարծիքին, ապագայում որեւէ նոր գործարքի համար առաջացնում է լուրջ մտահոգություններ, քանի որ չկրկնվելու մասին երաշխիքների բացակայության պայմաններում այն կարող է նմանատիպ ճակատագրի արժանանալ»,- գրել է Թախթ Ռավանչին՝  հավելելով. «Պատմության ընթացքում իրանցիները մշտապես դիմադրել են օտարների կողմից կամքի պարտադրանքին եւ գոյատեւել են հազարավոր տարիներ: Այս փաստին ծանոթ են բոլոր պատմաբանները: Իրանցիներն ատում են ահաբեկման եւ սպառնալիքի լեզուն եւ փոխարենը փոխադարձ հարգանքով են պատասխանում հարգալից վերաբերմունքին»: