Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 30-ին Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ծրագրի կողմից կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ժամանակ ներկայացվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը:
Իր ուղերձում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Երուսաղեմի Եբրայական համալսարանին տարիներ շարունակ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպելու հետևողականության համար:
«Հայ և հրեա ժողովուրդները կիսում են ոչ միայն բազմադարյա պատմություն, այլև հալածանքի և ինքնությամբ պայմանավորված զանգվածային սպանության, ցեղասպանության հանցագործության խորը ցավը: Այսօր մեր ժողովուրդները վստահորեն ապացուցել են իրենց տոկունությունն ու կայունությունը՝ վերակառուցելու իրենց կյանքը, վերահաստատելու իրենց հստակ ինքնությունը, ամրապնդելու իրենց քաղաքակրթական ազդեցությունն ու ժառանգությունը և վերականգնելու ազգ-պետությունները:
Այնուամենայնիվ, ցեղասպանության ցավը շարունակում է հետապնդել վերապրածների սերունդներին, ինչի վկայությունն է արդարության հասնելու և զանգվածային վայրագությունների անպատժելիության դեմ պայքարելու հստակ ձգտումը: Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, զոհերի արժանապատվությանը հարգանքի տուրք մատուցելը և իրենց հիշատակի ոգեկոչումը ծանր հանցագործությունները կանխելու հզոր միջոց են: Մենք նաև պարտավոր ենք միավորել մեր ուժերը ցեղասպանության վտանգի վաղ հայտնաբերման, վաղ արձագանքման և արդյունավետ կանխարգելման միջազգային մեխանիզմներ ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ:
Մտահոգիչ է, որ մեր ժողովուրդները շարունակում են առերեսվել ատելության, ժխտողականության և կատարված հանցագործությունների արդարացման վտանգավոր միտումներին»,- նշված է նախարարի ուղերձում:
Անդրադառնալով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարությանը՝ ՀՀ ԱԳ նախարարն այն որակեց վիրավորական և ցավալի: «Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը վճռականորեն դատապարտեցին այդ հայտարարությունը` որպես ատելություն և ծանր հանցագործություն հրահրող ակնհայտ գործողություն, ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու Թուրքիայի կառավարության անկարողության և պատասխանատվության ձախողման ցուցադրություն և սպառնալիք միջազգային ու տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:
Հայաստանը հորդորեց միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ցեղասպանության զոհերի և նրանց վերապրածների հիշատակին և արժանապատվությանը հասցված վիրավորանքն ու վնասը: Այս կոչը, ըստ էության, փորձություն է միջազգային համերաշխության, վճռականության, ցեղասպանությունների և այլ ծանր հանցագործությունների կանխարգելման հանձնառության համար: Աշխարհն արդեն իսկ մեկ անգամ լռել է 1915թ.:
Հոլոքոստը վերապրած և Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը մի առիթով նշել է, որ «ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ»: Թերևս հնարավոր կլիներ կանխել Երկրորդ աշխարհամարտի քողի ներքո իրականացված Հոլոքոստը, եթե Առաջին աշխարհամարտի ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանությունն արժանանար միջազգային դատապարտման, հաշվետվողականության և պատժելիության: Ցեղասպանության կատարողները դասեր են քաղում մեկը մյուսից: Վաշինգտոնի Հոլոքոստի հիշատակի թանգարանում Հիտլերի տխրահռչակ արտահայտության նշումը, թե «ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին», անպատժելիության սպառնալիքի վառ հիշեցումն է»:
«Մենք ցեղասպանության ցավի մասին գիտենք ոչ թե դասագրքերից, այլ մեր սեփական ընտանեկան պատմություններից: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին: Այսօր ատելությամբ, անհանդուրժողականությամբ, ինքնությամբ պայմանավորված հանցագործություններով, զանգվածային ոճրագործությամբ և ցեղասպանական միտումներով լի աշխարհում «այլևս երբեքը» չի կարող լինել մակերեսային: Ինչպես երբևէ, ցեղասպանությունները կանխելու նպատակով հավաքական և վճռական գործելու միջազգային հանրությանն ուղղված հորդորը երբեք չի դադարելու: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդներն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում առաջնորդելու այդ ջանքերը»,- նշված է նախարարի ուղերձում:
Ուղերձի վերջում ԱԳ նախարար Մնացականյանն իր խորը գնահատանքը և հարգանքը հայտնեց Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ֆակուլտետին, մասնավորապես, պրոֆեսոր Ռեուվեն Ամիտաին, ինչպես նաև բոլոր այն ուսանողներին, ովքեր ընտրել են հայագիտությունը` որպես հետազոտության բնագավառ: «Այս ծրագիրը, որը կյանքի է կոչվել Հայաստանի կառավարության աջակցությամբ և Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համագործակցությամբ, եղել է հայոց պատմությունը, լեզուն, մշակույթն ու քաղաքակրթական ժառանգությունն ուսումնասիրելու կարևորագույն ակադեմիական և կրթական հարթակ: Ես երախտապարտ եմ ձեզ Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների միջև ակադեմիական և կրթական համագործակցության ամրապնդման գործում ունեցած անմիջական և նշանակալի ներդրումի համար»: