Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ժողովրդի պատմության 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին տեղի ունեցած մի շարք կարևորագույն իրադարձություններ արգելյալ նյութեր էին Խորհրդային Հայաստանի գրեթե ամբողջ գոյության ընթացքում: Օրինակ` Կ. Պոլսի Օսմանյան բանկի գրավման և դրան հաջորդող` քաղաքում տեղի ունեցած հազարավոր հայերի ջարդի պատմությունը, հասկանալի պատճառներով, չարտացոլվեց խորհրդահայ գրողների երկերում: Անկախությունից հետո էլ կարծես չէին շտապում խախտել այդ պարտադրված լռությունը:
Ալեքսանդր Թոփչյանն էր միայն, որ 2008 թ. լույս տեսած իր «Բանկ Օտոման» վեպով վերջապես անդրադարձավ մեր պատմության այդ կարևոր էջերից մեկին: Հայաստանի և Սփյուռքի մամուլը բարձր գնահատեց այդ երկը` մասնավորապես նշելով, որ դա նոր խոսք է հայ պատմավիպասանության մեջ: Մեկ տարի չանցած` 2009թ. վեպը` դասական ուղղագրությամբ, վերահրատարակվեց Բեյրութի «Արծիվ» հրատարակչության կողմից, միաժամանակ` 2010թ հունվար-մարտ ամիսներին, ամբողջությամբ` հատվածաբար, լույս տեսավ նաև մեր թերթում: Քիչ ավելի ուշ` դարձյալ 2010թ., թարգմանվեց ռումիներեն, այնուհետև` ֆրանսերեն և ռուսերեն: Սրանց ավելացավ չորրորդ թարգմանությունը` պարսկերեն, որը լույս տեսավ բոլորովին վերջերս Թեհրանում:
Ալ. Թոփչյանը Yerkir.am-ի հետ զրուցում պատմեց, որ թարգմանչի` դոկտոր Գավամեդդին Ռազավիզադեհի հետ ծանոթացել է 2016թ. աշնանը Երևանում: Դրդապատճառը եղել է Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզի մեջ»` ցեղասպանությանը նվիրված ծավալուն վեպը, որն իրանցի հյուրը թարգմանել էր պարսկերեն և ցանկություն հայտնել գրքի ընծայագրված օրինակը նվիրելու իր հայ գործընկերոջը, որը նույնպես այդ վեպը թարգմանել էր հայերեն և լույս ընծայել Երևանում 1999թ.:
«Բանկ Օտոմանի պատմությունը նրան ծանոթ էր: Չէ՞ որ Վահե Քաչայի վեպում ընդարձակ մի գլուխ կա, որումղ նկարագրվում են այդ դեպքերը: Ուստի իմանալով, որ ես մի ամբողջ վեպ եմ գրել` նվիրված այդ իրադարձություններին, ինձնից խնդրեց ֆրանսերեն և ռուսերեն թարգմանությունները: Պարզվեց, որ նա ոչ միայն ֆրանսերենից, այլև ռուսերենից է թարգմանում և արդեն ռուս մի շարք դասականների գործեր է թարգմանել»,- պատմեց Ալեքսանդր Թոփչյանը:
Դոկտոր Ռազավիզադեհը, Թեհրան վերադառնալով, մի քանի օր անց համացանցով հեղինակից արտոնություն է խնդրել «Բանկ Օտոման»-ը թարգմանելու պարսկերեն, և ահա վեպի չորրորդ թարգմանությունն արդեն սեղանին է:
Հեղինակը մեզ հայտնեց, որ սպասվում են նաև երկու նոր թարգմանություններ, որոնցից մեկը, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի մինչև ամռան սկիզբը: Այսպիսով` «Բանկ Օտոմանը» դարձավ անկախությունից հետո գրված ստեղծագործություններից, թերևս, ամենաշատ տարածվածը և թարգմանվածը:
Իմիջիայլոց, այս տարի լրանում են Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան 80 և գրական գործունեության 60-ամյակները: Նա ասաց, որ իր վեպի պարսկերեն թարգմանությունը համարում է իր տարեդարձների լավագույն նվերը: